Չորքոտանի բարեկամ ունեցող որոշ ընտանիքներում կիտրոն, եգիպտացորենի պահածո կամ խմորեղեն ուտող շունը «հպարտանալու» կամ զվարճանքի առիթ է տալիս տերերին, սակայն ամեն ինչ չէ, որ մեր սեղանից կարելի է կերակրել շանը: Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծն առանձնացրել է որոշ մթերքներ, որոնք, ըստ մասնագետների, վնասակար են շան օրգանիզմի համար, իսկ երբեմն՝ կարող են կենդանուն մահվան հասցնել:
Ավոկադո-Ավոկադոյի պտղում, սերմերում եւ արմատներում առկա է «պերսին» կաթնասունների համար թունավոր նյութը, որն առաջացնում է լուծ եւ սրտխառնոց: Ավոկադոն, որը շներին շատ է դուր գալիս, կարելի է փոխարինել դդմիկով կամ դդումով:
Խաղող(չամիչ) եւ հաղարջ-պարունակում են քիչ ուսումնասիրված թունավոր նյութ, որը կարող է շան երիկամների ֆունկցիայի խանգարման պատճառ դառնալ:
Մարդկանց համար նախատեսված վիտամիններ՝ երկաթի պարունակությամբ-վնասում են շան ստամոքսի լորձաթաղանթը, ազդում լյարդի եւ երիկամների աշխատանքի վրա:
Կարդացեք նաև
Կարտոֆիլ-մեծ է հավանականությունը, որ կարտոֆիլ ուտելուց հետո ձեր շան մոտ լուծ կառաջանա:
Ձկան, թռչնի ոսկորներ-վնասում, իսկ երբեմն՝ նաեւ պատռում են մարսողական օրգանները, աղիներում առաջացնում անանցանելիություն:
Քաղցրեղեն-մեզ համար սիրելի անուշեղենը չի մտնում շան սննդակարգի մեջ: Քաղցր ուտելու հետեւանքով շունը ճարպակալում է, փչացնում ատամները: Երբեմն էլ կենդանին շաքարային դիաբետ է ձեռք բերում: Շան օրգանիզմը գլյուկոզա չի ընդունում. քաղցր սնունդը հանգեցնում է աղիների խանգարման, տեսողության վատթարացման: Իսկ եթե ձեր շունն արդեն սովոր է քաղցրին, այն կարելի է փոխարինել բանանով կամ խնձորով:
Ցիտրուսներ-թեեւ որոշ շներ հաճույքով կիտրոն են ուտում, ցիտրուսներն, այնուամենայնիվ, սրտխառնոց են առաջացնում: Դրանք կարելի է փոխարինել դաղձով կամ մաղադանոսով, որոնք ոչ միայն դրական են ազդում մարսողության վրա, այլեւ կանխում շան բերանի տհաճ հոտը:
Սնկեր-դրանցում առկա տոքսիկ նյութերը վտանգավոր են շան օրգանիզմի համար եւ կարող են մահվան հանգեցնել: Շան սննդակարգում սունկը պետք է փոխարինել կանաչ ոլոռով՝ քիչ քանակությամբ:
Մայոնեզ պարունակող մթերք-մայոնեզում կան սննդային հավելումներ, այդ թվում՝ քացախ եւ կոնսերվանտներ, որոնք բացասաբար են ազդում շան առողջության վրա: Ավելի ճիշտ կլինի օգտագործել խաշած ձու՝ որպես հավելում հիմնական կերի:
Ձուկ-այն օգտակար է ոչ միայն մարդկանց, այլեւ շների համար՝ որպես հավելում հիմնական կերի, սակայն խորհուրդ չի տրվում շանը տապակած կամ հում ձուկ հյուրասիրել: Անվտանգ կլինի, եթե շունը ձուկն ունի եփած վիճակում՝ առանց գլխի, թեփուկների, ներքին օրգանների եւ ոսկորների: Այս դեպքում նա կխուսափի վտանգավոր մակաբույծներից:
Սոխ եւ սխտոր-գրգռում են շան մարսողական համակարգի լորձաթաղանթը. կենդանու մոտ կարող է նկատվել հոտառության վատթարացում կամ կորուստ: Բացի այդ, սոխն ու սխտորը կենդանու համար վտանգավոր նյութեր են պարունակում, որոնք կարող են առաջացնել սուր թունավորում, իսկ երբեմն՝ մահ: Ավելի լավ է սոխն ու սխտորը փոխարինել վիտամիններով հարուստ գազարով:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար՝ 095 85 99 06