«Դատավարությունն, ընդհանուր առմամբ, անցել է հարթ, բայց մի շարք կարեւոր բացթողումներով»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով երեկ Ռոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցը փոխելու դատական նիստին: Նրա խոսքով՝ «Ամենակարեւորին ականատես եղանք երեկ երեկոյան, փաստացի մեղադրական կողմը պայմանական ասած՝ մեկ անգամով ավելի է հանդես եկել»: Այսինքն՝ ըստ Օրբելյանի, երեկ պաշտպանական կողմը մեղադրող կողմի ներկայացրած փաստարկին հնարավորություն չի ստացել հակափաստարկ ներկայացնել:
«Ցավոք սրտի, Հայաստանի հանրապետությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն եւ դատախազական մոտեցում՝ բոլորին պետք է ձերբակալել, բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետեւ բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ»,-ասաց Օրբելյանը: Նա ասաց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացել է առաջին եւ վերջին նիստին, իսկ վերջին նիստին ներկայացել է, երբ քննարկվում էր ԼՂՀ գործող եւ նախկին նախագահների երաշխավորություն տալը. «Դատախազն իր փակման խոսքում համարյա սպառնում է դատարանին՝ իր ձեւակերպումներով»:
Ասուլիսին ներկա Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ներկայացրեց այդ սպառնալիքները. «Օրինակ` կոչեր հնչեցին չհետեւել պաշտպանների դիրքորոշումներին, ընդ որում խեղաթյուրելով պաշտպան Օրբելյանի խոսքերը, օրինակ բերելով Վճռաբեկ դատարանի վերաբերյալ: Թեպետ իրավական խիստ հիմնավորում ներկայացվել էր, որ ցանկացած դատարան եւ կարող է չհետեւել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մեկնաբանությանը եթե ծանրակշիռ հիմնավորումներով փաստարկում է, որ այդպիսին պետք է լինի որոշումը: Դա փորձ արվեց ներկայացնել որպես պաշտպանական կողմից դատարանին հորդոր կամ պարտադրանք՝ չենթարկվել Վճռաբեկ դատարանի որոշումներին: Նաեւ ներկայացվեց՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա, դուք եք պատասխան տալու այս գործի համար: Նման արտահայտություններն իրավական բնույթի չէին, եւ դատարանին առանց այն էլ շատ կարեւոր գործի լարված պայմաններում լրացուցիչ լարվածության տակ են դնում»:
Օրբելյանն էլ նշեց՝ դատախազությունը դեռեւս չի ստանում իրավական պետության ընկալումը: Ըստ պաշտպանի՝ դատախազությունը մանիպուլյատիվ մոտեցում է ցուցաբերում. «Պաշտպանական կողմն ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, եւ մոտեցման փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել եւ գրքում էլ գրել է՝ «մարտի 1-ի» օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազննում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ