ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության կենտրոնի: Հիշեցնենք, նման ֆեյսբուքյան գրառում վարչապետը կատարել էր Եռատոնից հետո`Արցախից վերադառնալիս: Հիշեցնենք նաեւ, որ այդ օրերին Արցախում էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք`Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն, քննարկում եղե՞լ է`ի՞նչ ուժերի նկատի ուներ վարչապետը, այդ ուժերի հետ առնչություն ունե՞ր ՀՅԴ-ի կազմակերպած «Արցախ-Հայաստան ռազմավարական ֆորումը»: «Ես կարծում եմ, գաղտնիք չէ, մամուլում անընդհատ գրում են ինչ-որ լարվածության մասին: Դրա ապացույցն է նաեւ ձեր տված հարցը: Ըստ էության, վարչապետը հենց այս համատեքստում, հաշվի առնելով նաեւ այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ վտանգին եւ, ըստ էության ասել, որ այդպիսի վտանգ չկա եւ չի էլ կարող լինել, այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի մի մասն է եւ երբեք թույլ չի տա, որպեսզի ինչ-որ լարում ստեղծվի»:
Մեր հաջորդ հարցին`ՀՀ իշխանությունում կամ իշխող կուսակցությունում ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտոնապես ռազմավարական հարաբերություններ ձեւավորելու մասին, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նախնական քննարկումներ եղել են, իրենք կարծում են, որ դա թեմա է, որը պետք է քննարկվի, սակայն, այս առումով պետք է ինչ-որ նախաձեռնություններ լինեն, ապա դա պետք է լինի լավ մտածված, ճիշտ ժամանակին եւ տեղին: Ե՞րբ է ճիշտ ժամանակը կամ ե՞րբ տեղին կլինի նման քայլը, Ռուբեն Ռուբինյանը պայմանավորում է աշխարհաքաղաքական իրավիճակներով: Նա համամիտ չէ դիտարկման հետ, որ ՀՅԴ-ի ֆորումը Արցախում հավանական «հակահեղափոխության» շրջանակում է:
Օրերս Բրյուսելում ԱլԳ տասնամյակի միջոցառումների ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենց համար սկզբունքային հարց է եւ Արցախն այս փուլում չի վերադառնալու բանակցությունների: Aravot.am-ի հաջորդ հարցին`որո՞նք են լինելու մեր հետագա գործողություններն ու քայլերը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ մեզ համար էլ սկզբունքային է Արցախի վերադարձը բանակցություններին: Ճշտող հարցին`այսինքն, բանակցությունները մտնում են փակուղի՞, նա պատասխանեց. «Ոչ»: Եվ հավելեց, որ բանակցություններն ու քաղաքականությունը մեկ քայլանոց երեւույթ չեն եւ հորդորեց մեկ հայտարարությամբ կամ մեկ դրվագով քաղաքականության մասին դատողություններ եւ եզրակացություններ չանել:
Կարդացեք նաև
Պատասխանելով էլ հարցին, որ երեկ դատարան էին ներկայացել Արցախի ներկա եւ նախկին նախագահները, քանի որ նրանք անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար. արդյոք սա կխորացնի ՀՀ-Արցախ լարվածությունը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես դա գնահատում եմ, որպես փաստ եւ առհասարակ, չեմ կարծում, որ որեւէ բան կարող է լարվածություն մտցնել ՀՀ-ի եւ Արցախի հարաբերություններում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Հայաստանի եւ Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հանդիպումը