ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոսեց քաղծառայողների որոշակի շրջանակի դիվանագիտական անձնագրեր տալու մասին: Խոսքը վերաբերում է, մասնավորաբար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ այն քաղծառայողներին, որոնք կազմակերպում են պետական, պաշտոնական այցերն ու հանդիպումները, եւ այդ անձնագրի բացակայության պատճառով հաճախ խնդիրեր են ունենում:
Պատգամավորը խոսեց նաեւ դիվանագիտական անձնագրերի որակի մասին, քանի որ հաճախ դրանց որակը կամ որակի բացակայությունը խնդիրներ է առաջացնում:
ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը համամիտ էր պատգամավորի հետ: Նա առաջարկեց ծառայողական անձնագրերի ինստիտուտը ներդնել: Բացատրեց`դրանք պաշտոնական կարգավիճակ են տալիս պետական պաշտոնյաների եւ պետծառայողների այն խմբին, որոնց մասին խոսեց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեց, որ հեղափոխությունից հետո խայտառակ վիճակ ունեինք դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկում: Ասաց` համամիտ է պատգամավորի հետ, դա պետք է արվի բացառության կարգով, բայց պետք է շատ զգույշ լինենք, քանի որ բացառությունները միշտ բերում են բացառությունների, ինչպես մինչ հեղափոխությունն էր եղել: «Բայց ձեր բարձրացրած հարցը արժանի է քննարկման»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ