Մայիսի 15-ին գործարկվեց առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Aravot.am-ը ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) տնօրեն Արտակ Պողոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրներ են ծագել, քանի՞ հոգի են գրանցվել, կան արդյոք բողոքներ եւ դրանք ինչ բնույթի են:
«Արդեն շուրջ 10200 երեխա է գրանցվել: Բոլոր այն ծնողները, որոնք տեղեկացված էին, կարողացան իրենց երեխաներին հայտագրել այն դպրոցներ, որտեղ ցանկություն ունեն նրանց տանելու;
Գործարկման պահին ունեցանք 10 րոպեանոց տեխնիկական խնդիր, որը բոլորին էր վերաբերում: Այնպես չէր, որ ինչ-որ մարդիկ կարողացան դրանից օգտվել: Որոշ քաղաքացիներ դժգոհել են, մենք էլ բողոքի բոլոր դեպքերը գրանցել ենք: Քաղաքացիները նաեւ եկել են ԿՏԱԿ, ուսումնասիրել ենք ամեն դեպքը եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որ դրական լուծում տրվի հարցին: Համակարգն առաջին անգամ էր գործարկվում եւ բնական էր, որ ծնողները կունենան դժգոհություններ ու բողոքներ»,-ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:
Նա իրենց հասցեագրված բողոքները բաժանեց մի քանի խմբի. «Մի խմբում այն ծնողներն են, որոնք չեն հասցրել իրենց երեխաներին հայտագրել, եւ հիմա բողոքում են, թե ո՞վ է որոշել, որ մեր երեխաներին չենք կարող տանել մեր ուզած դպրոցը: Պետք է ասեմ, որ հայտագրումը տեղի է ունենում դպրոցների լիցենզիոն տեղերի համապատասխան, որոնք հաստատված են նախարարի հրամանով:
Կարդացեք նաև
Բողոքների մեջ կա հետեւյալ փաստարկումը ծնողների կողմից, թե ինչո՞ւ ապրելով այս տարածքում` ես չպետք է իմ երեխային տանեմ ինձ մոտ գտնվող դպրոց, բայց մեկ ուրիշը մի քիչ ավելի հեռվից երեխային կարող է բերել տվյալ դպրոց: Պետք է հայտնեմ, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով դպրոցի ընտրության մեջ տարածքային սահմանափակում գոյություն չունի, բայց միեւնույն ժամանակ դպրոցը կարող է ընդունել այնքան երեխա, որքան լիցենզիոն տեղեր ունի:
Ի դեպ, այս դժգոհությունը բոլոր տարիներին` անկախ համակարգի ներդրումից, միշտ էլ եղել է»,-հավելեց Արտակ Պողոսյանը:
Արտակ Պողոսյանը շեշտում է, որ նախկինում դժգոհում էին, թե իրենց ասում են դպրոցում տեղ չկա, բայց հետո պարզում էին, որ տեղ կա, սակայն ուրիշ երեխաների են ընդունել, ու հիմա առցանց համակարգի ներդնելու նպատակը նման կոռուպցիոն մեխանիզմների բացառումն է, որ տնօրեններն ընդհանրապես չկարողանան սուբյեկտիվ միջամտությամբ ինչ-որ մեկին առավելություն տալ, մյուսին` ոչ:
«Մենք ունեցել ենք այդ խնդիրները տարիների ընթացքում: Որոշ ծնողներ արտահայտվել են, թե նախկին համակարգով լավ էր, մենք կարողանում էինք մեր խնդիրը լուծել, հիմա չենք կարողանում: Այս պարագայում ստացվում է, երբ որ մարդիկ ուզում են արդարություն, այդ արդարությունը միայն իրենց համար պետք է լինի եւ ոչ թե ամբողջ հասարակության: Այն ժամանակ դուք կարող էին ձեր խնդիրները ինչ-ինչ ճանապարհով լուծել, իսկ մյուս քաղաքացին չէր կարողանում, հիմա բոլորի համար հավասար պայմաններ են եւ որեւէ մեկը սուբյեկտիվորեն չի կարող միջամտել այդ գործընթացին»,-ասում է նա:
Արտակ Պողոսյանը դժգոհողների մի մեծ խմբի էլ անդրադարձավ. «Մարդիկ կոնկրետ դպրոցում ունեն երեխա եւ չեն կարողացել իրենց մյուս երեխային էլ նույն դպրոցի համար հայտագրել: Բնականաբար անհարմարավետության խնդիր է առաջանում ծնողների համար: Այս պահի դպրությամբ այդ բոլոր դեպքերն արձանագրվում են, դիմումներ են ընդունվում, նախարարությունում կքննարկվեն դեպքերը, որոշում կկայացվի»:
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ կան ծնողներ էլ, որոնք անբարեխիղճ են, որոնք, օրինակ, զանգում ու ասում են, թե իրենց երեխային հայտագրել են մայիսի 15-ին այսինչ դպրոցում, բայց գնացել են այդ դպրոց, որտեղից պատասխանել են, քո երեխան տվյալ դպրոցում չէ. «Մեզ մոտ հստակ երեւում է օրն ու ժամը, թե երբ է ծնողը հայտագրել երեխային եւ որ դպրոցում: Պարզվում է, որ այդ ծնողը ոչ թե մայիսի 15-ին է հայտագրել, այլ 16-ին եւ ոչ իր նշած, այլ մեկ ուրիշ դպրոցում: Երեւի ծնողը ցանկանում է ստուգել` մենք կարողանո՞ւմ ենք հասկանալ, թե որ օրը որ ժամին է հայտագրումն ավարտվել եւ որ դպրոցի համար է եղել: Այո մենք կարողանում ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ