«Այս տարի առաջին անգամ մոտավորապես 45 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս եւ երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին»,– «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Նա ընդգծեց, որ դա չի լինելու պարզապես մեխանիկական կիսում։ «Բոլոր հրատարակիչների հետ հանդիպել ենք, հեղինակների հետ քննարկվել է, որովհետեւ դասագրքեր կան, որոնք իրենց վերջին մասում ունեին բառարաններ, հարցերի պատասխաններ, խնդիրների պատասխաններ։ Եվ այդ կիսելը կատարվել է այնպես, որ դասապրոցեսի ընթացքում որեւէ խոչընդոտ չառաջանա։ Ու հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնք հնարավոր են եղել, որովհետեւ հրատարակիչների հետ երբ որ հանդիպեցինք, իրենք հրատարակչական այսպիսի խնդիրներ առաջ քաշեցին, որ դասագրքերի էջերի քանակից կախված է նաեւ դասագրքի որակը, որովհետեւ ինչքան քիչ է էջերի քանակը, այնքան թելակարման, կազմի եւ այլնի հետ կապված խնդիրներ են լինում։ Դրա համար բոլոր դասագրքերը հնարավոր չեն եղել կիսել»,– շարունակեց Աշոտ Արշակյանը։
Վերահրատարակվելուց հետո, ըստ նրա, երկու մասից են կազմված լինելու տարրական դպրոցի դասագրքերը, որոնք ձեռք է բերում կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպես նաեւ մինչեւ 12-րդ դասարանի այն դասագրքերը, որոնք հրատարակում է դասագրքերի շրջանառու հիմնադրամը։ Նոր սկզբունքով են տպագրվելու, օրինակ, 4-րդ դասարանի «Մայրենի լեզու», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը, 3-րդ դասարանի «Ռուսաց լեզու», 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Մայրենի լեզու» առարկաների դասագրքերը եւ այլն։ «Առաջիկայում կքննարկենք նաեւ մյուս դասագրքերի կիսման հարցը»,– ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
ԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում