«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այս տարի հիմնականում պակասել են կարտոֆիլի և սոխի ցանքատարածությունները, իսկ բանջարեղենինը՝ մի փոքր ավելացել: «Վեճ է գնում լոլիկի ցանքատարածությունների ավելացման շուրջ, սակայն ժամանակը ցույց կտա՝ ավելացել են, թե ոչ: Կարճ ասած՝ գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ բարվոք վիճակ չէ», – նշում է Բերբերյանը՝ խոսելով նաև այս տարի սպասվող բերքի մասին. «Մտածում եմ, որ սովորական բերք է սպասվում: Ծիրանի փոշոտումը լավ չի կատարվել՝ անձրևների հետ կապված: Բանջարեղենն էլ անցած տարվա համեմատ նույնն է լինելու»:
Նա կարծում է, որ այն վարկային ռեսուրսները, որոնք կառավարությունը պետք է ուղղի ճիշտ նպատակներով, ուղղում է ինչ-որ ոչ իրատեսական ծրագրերի կատարմանը: «Օրինակով ցույց տամ: Վեց մարզերում պետք է ապահովագրություն իրականացնեն: Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղակի փող լվանալու, մսխելու ծրագիր է: Գյուղնախարարությունն ու կառավարությունը դա արել են 2000 թվականին: Եվրոհամայնքի տրամադրած մոտ 2 մլն եվրո գումարը մսխվել է: Նույնը արել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Այն ժամանակ էլ գերմանական գրանտի կեսը՝ 10 միլիոն եվրոն, անհետացավ: Այդպես էլ տեղը չեն գտնում: Այն պետք է ուղղվեր գյուղատնտեսության զարգացմանը: Նույն մարդիկ այդ ծրագրերը շարունակում են: «Համը բերաններն է ընկել», որ կարելի է անպատիժ թալանել երկիրը: Հիմա նույնը վեց մարզում փորձում են իրականացնել: Կառավարության անդամների մի մասն էլ չի հասկանում, թե ինչ է անում, խոսքն ինչի մասին է», – ասում է Բերբերյանը՝ ընդգծելով, որ ապահովագրական համակարգին անցնելու համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ: «Մեր երկրում պետք է գործեն ոռոգման և անասնաբուժության կայուն համակարգեր, որոնք չունենք: Պետք է գործի բույսերի պաշտպանության կայուն համակարգ, երբ գումարները հատկացնում են, կարծես թե, ծրագրեր են իրականացվում, սակայն 10 տարի է՝ մորմազգիների պատճառով Արարատյան հարթավայրի բերքը ոչնչանում է: Եվ ամենակարևորը՝ հակակարկտային ծառայությունը չի աշխատել ու չի աշխատում: Այդ աղբը բերեցին Հայաստան, միլիոնավոր դոլարներ ծախսեցին, և այսօր, չնայած անունով ունենք հակակարկտային ծառայություն, բայց այն ունի շատ ցածր արդյունավետություն, ինչի մասին խոսում է նաև ԱԻՆ-ի ղեկավարությունը: Կատարելով այս չորս պայմանը՝ նոր կարող ենք խոսել ապահովագրության մասին: Եթե չունենք, ինչպե՞ս են 6 մարզում գյուղատնտեսության պիլոտային ծրագրեր սկսում: Հասկացա՞ք խեղկատակությունը որտեղ է: Կա՛մ մարդիկ պատահական են հայտնվել բնագավառում, կա՛մ էլ չար նպատակներ ունեն: Մորմազգու ցեցի դեմ էլ չեն պայքարել, չեն պայքարում և չեն էլ պայքարելու, որ գյուղացին դաշտում հանգիստ բանջարեղեն մշակի», – ընդգծում է մեր զրուցակիցը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: