Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական քիչ թե շատ կշիռ ունեցող որևէ կուսակցություն իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե ուզում է ընտրություններում հաջողության հասնել. «Իրատես»

Մայիս 17,2019 11:30

Մոռանալով՝ ինչպես էին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք դատավարություններն ընթանում, ինչ ճնշումներ էին դատարանի վրա գործադրվում ու ինչպես էին դատավորներն ամիսներով «հիվանդանում»։ Նրա բախտը դարձյալ բերել է՝ հիմա ընդդիմության գրասենյակները ջարդուփշուր չեն արվում, ընդդիմադիրները չեն ունեզրկվում, չեն կալանավորվում, ջրցաններով փողոցներից չեն քշվում: Առավել ևս՝ գլխավոր դատախազը խոստացել է, որ դատարանում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև ՀՀ բոլոր նախագահներին ենք տեսնելու ու լսելու։ Փաստացի՝ նաև Արցախի։ Սա այն գործն է, որով անկախության քննությունն է հանձնելու ոչ միայն գործը վարող դատավորը, այլև դատական համակարգը։ Նաև՝ քաղաքական համակարգը։ Դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը քանիցս փորձել է քաղաքական ուժերին համախմբել, կուսակցություն ստեղծել: 10 տարում երբեք առաջին դեմքով քաղաքականություն չմտնելով, երրորդ դեմքով մշտապես ներկա է եղել: Ոչ միայն 1-2 հարցով ինքնահարցազրույցներով ու օրվա իշխանության քննադատությամբ, այլև քաղաքական համարվող անձանց ու խմբերի հետ կապերով։ «ՈՒժեղ ընդդիմություն» ձևավորելու հայտարարությունը այսօր ոչ միայն ապրիորի է, այլև տպավորություն է ստեղծում, որ երկրորդ նախագահը փորձում է քաղաքական կերպար ներկայանալ: Իզուր ջանքեր են: Իբրև վարչապետ Հայաստան գալու առաջին օրից է քաղաքական կերպար եղել ու մնացել է քաղաքական՝ նույնիսկ երբ Աֆրիկայի սաֆարիներում որսով էր զբաղված։

Քաղաքական քիչ թե շատ կշիռ ունեցող որևէ կուսակցություն իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե ուզում է ընտրություններում հաջողության հասնել: Երկրորդ նախագահի տանիքի տակ ապաստան կորոնեն նրանք, որ ուզում են կայանալ, բայց փող չունեն, և երկարաժամկետ գործելու հեռանկարներ են որոնում՝ քաղաքական ասպարեզում առաջին ջութակ նվագելու հույս ունենալով 10 տարի անց: Բայց որտե՞ղ կլինի այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, իրենք կամ մենք բոլորս՝ ոչ ոք չի կարող կանխատեսել։ Քաղաքականության զիգզագները Վանգաներ չեն ընդունում։ Հայաստանում չեն եղել ու չեն լինելու Նոստրադամուսներ։ Չի կարելի այս դատավարությունը վերածել օրակարգի թիվ 1 հարցի: Չի կարելի Հայաստանի ու Արցախի միջև կեղծ հակադրություն ստեղծել։ Չի կարելի թույլ տալ, որ կառավարեն կրքերը, երբ բանականությունը լռում է։ Հիշեցում նրանց, ովքեր Ռոբերտ Քոչարյանին անվանում են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հիմնադիր. Լևոն Տեր-Պետրոսյանին մի դափնեզրկեք՝ նրա օրոք է կնքվել գործող հայ-ռուսական համագործակցության համաձայնագիրը, նրա օրոք է բացվել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, նրա օրոք է Հայաստանը անդամակցել ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին:

Եթե «հայ-ռուսական համագործակցություն» է անվանվում «Գույք՝ պարտքի դիմացը», ՀԷՑ-երի զիգզագաձև վաճառքը ՌԴ-ին ու տնտեսության ռազմավարական ճյուղերի ռուսականացումը, դա ավելի շուտ քրեական, քան քաղաքական գործ է։ Հիշեցում նրանց, որ Սերժ Սարգսյանին անվանում են արևմտամետ, արևմտամետը 2013-ին ոչ թե Մաքսային միություն կմտներ, այլ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կստորագրեր։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031