Լրահոս
Օրվա լրահոսը

Խափանման միջոցը որպես համազգային խնդիր

Մայիս 17,2019 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մեջ ես առանձնապես վտանգավոր բան չեմ տեսնում: Եթե նա, օրինակ, լինի տնային կալանքի տակ եւ, ըստ անհրաժեշտության, բերվի դատարան, դրանից ոչ մի էական բան չի փոխվի: Քոչարյանի մասին կարելի է ասել բազմաթիվ բացասական բաներ (ինչի առիթը ես երբեք բաց չեմ թողել), բայց՝ ոչ այն, որ նա կարող է ինչ-որ տեղ փախչել կամ ինչ-որ տեղ թաքնվել: Իսկ դատավարության ընթացքի վրա նա առանց այդ էլ ազդում է՝ իր փաստաբանների, աջակիցների, լրատվամիջոցների եւ «ֆեյքերի» միջոցով: Ուրիշ հարց, որ «ժողովուրդը պահանջում է» նրան ազատազրկված տեսնել, եւ, ի դեպ, քաղաքական գործիչները, որոնք հագուրդ են տալիս զանգվածային այդ կրքերին, շահագրգռված են այդ կրքերը թեժացնել, միանում են այդ պահանջներին՝ «ժողովրդական մարդ» երեւալու համար:

Բայց խափանման միջոցի, իմ կարծիքով, զուտ իրավական-տեխնիկական խնդիրը բարձրանում է քաղաքական-համահայկական մակարդակի վրա, երբ դրան խառնվում են ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ հատկապես Արցախի ներկայիս ղեկավար Բակո Սահակյանը: Դա, կարծում եմ, իրենց կողմից քաղաքականապես սխալ կեցվածք է՝ անկախ նրանից, թե ինչպիսի անձնական վերաբերմունք ունեն ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ եւ ինչպես են գնահատում վերջինիս գործունեությունը: Բանն այն է, որ «ժողովրդական զանգվածների» գերիշխող տրամադրությունները՝ վառելու, կախելու, «գյուլլելու» բուռն ցանկությունները հիմնականում համապատասխանում են նաեւ ներկայիս իշխանությունների տրամադրություններին: Խափանման միջոցն այս պարագայում ձեռք է բերում չափազանց սկզբունքային նշանակություն, եւ ինչ էլ ասվի դատարանի անկախության մասին, ուզենք, թե չուզենք հարցը դրվում հետեւյալ կերպ. «Ո՞ւմ հետ ես դու, դատավոր՝ Հայաստանի ժողովրդի եւ ներկա իշխանությա՞ն, թե՞ ժողովրդին թալանածների, ժողովրդի արյունը թափածների, Հայաստանի նախկին իշխանության եւ Արցախի ներկա իշխանության կողքին»:

Բացարձակապես կարեւոր չէ, թե որքանով է այդ հակադրությունը արդար կամ տեղին: Կարեւոր է, որ հարցադրումն է իրական՝ այն իմաստով, որ գոյություն ունի հարյուր հազարավոր մարդկանց գլխում: Արժե՞ արդյոք, որ Արցախի իշխանությունը հայտնվի այս շարքում, «կրակի» մի մասը վերցնի իր վրա, դրա բոլո՞ր հետեւանքներն են հաշվարկած:

Հիմա հազարավոր մարդիկ փողոցում եւ ֆեյսբուքում իրենց թույլ կտան առնվազն անհարգալից արտահայտվել Բակո Սահակյանի հասցեին, իսկ շատերը՝ ծաղրել, հայհոյել, պիտակավորել նրան: Դրա դեմը հնարավոր չէ առնել: Արդյոք դա մեզ այսօր պե՞տք է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իրենց տարածքաշրջանի բնակչութեան մեծամասնութիւնը, ամիսներէ ի վեր, խորապէս վիրաւորուած է, ցաւի մէջ է, մռայլ տրամադրութեան մէջ է. եւ ոչ միայն այս նիւթով… ներքին հարուած չմնաց, որ չստացան…

    որպէս հայութեան այդ հատուածի ղեկավարները, իրենց կարելին չանէի՞ն, մարդիկը…

    ելան եկան, աշխարհի առջեւ այս մէկ նուաստացումն ալ կրեցին, յաւելեալ վարկաբեկումն ալ հանդուրժեցին, ջանալ թերեւս բուժելու համար ներազգային պառակտումը, եթէ դեռ շանս մը կայ որ Վեհագոյն Ղեկավարին խելքը գլխին գայ

    միայն Արցախի իշխանմաւորնե՞րը պէտք է որ մտածեն այդ հարցադրանքներուն մասին… իսկ Քոչարյանի բանտարկութեան «բոլո՞ր հետեւանքներն են հաշվարկած»…

    ոնց որ՝ ջղային, շփացած ու ամենազօր երեխայ մը բազմած է գահին վրայ, եւ ամէն մարդ պէտք է որ ամէն վայրկեան ամէն բանի ուշադրութիւն ընէ, տեւաբար զգոյշ լինի, բացի միմիայն իրմէ…

    անտանելի է

    Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյան կատարածը հիանալի է

    շատ յուզիչ կերպով, ցոյց տուին որ Հայ Ազգի նկատմամբ հաւատքը… լեռներն ալ կը շարժէ

  2. Լավատես says:

    Հեղափոխություն եւ իշխանափոխություն պետք է տեղի ունենա պետական բոլոր մակարդակներում՝ սկսած քաղաքացուց, ընտանիքից, շենքից, շրջանից, քաղաքից ու գյուղից, վերջացրած հանրապետությամբ: Շենքի ժողովուրդը պետք է իր հավաքական կամքը թելադրի նրանց, ովքեր աղտոտում են շենքի տարածքը կամ վատ են սպասարկում շենքը, շրջանների ժողովուրդը պետք է իր հավաքական կամքը թելադրի այն շրջանի ժողովրդին, ով դեռ հեղափոխություն չի արել ու դրանով դեռ չի հասել ազատ իշխանափոխության, կարճ ասած՝ ով հեղափոխություն եւ իշխանափոխություն չի իրականացրել, նա խոսելու իրավունք չունի: Մեր արտաքին քաղաքականությունն էլ պետք է լինի մեր բարեկամների հետ արտաքին աշխարհում հեղափոխություն եւ իշխանափոխություն իրականացրել, որ մեզ ի նպաստ պետությունների հավաքական կամք ձեւավորենք ու հավաքական քաղաքականություն իրագործենք:

  3. henri says:

    Ես Աւետարանի վարդապետութիւնը յարգող անձ եմ -կը համարիմ որ որպէս այդ հետեւողական պէտք եմ ըլլալ իմ սկզբունքներուն – Դարերու ընթացքին այդ վարդապետութիւնը սխալ մեկնաբանելու հետեւանքով ,որքան աղէտներ կուտակած ենք մեր գլխուն ; Յիսուս ըսած է որ ապտակ զարնողին միւս երեսդ ալ դարձուր – Բայց երբ Հրեայ քահանայապետին ծառան ապտակեց զինք – Յիսուս միւս երեսը չդարձուց -տեսէք թէ ինչ ըսաւ –
    ՛՛ Բարեկամ ,եթէ սխալ բան ըրի ՛ ցոյց տուր -ԱՅԼԱՊԷՍ ԱՍՏՈՒԱԾ ՊԻՏԻ ԴԱՏԷ ՔԵԶ և ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՊԱՀԱՆՋԷ ՛՛ ; Ուրեմն ՛՛ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՛՛ ամենաէական ստորոգելի մըն է որ գերազանց է քան ներողամտութիւնը ;
    Եթէ մեր բարի ՛՛Տէր-Հայրները՛՛ լաւ ըմբռնած ըլլային այս ճշմարտութիւնը ՛՛ զինուեցէք -պիտի ըսէին- ով ժողովուրդ և տէր եղէք ձեր իրաւունքին և մի հետեւիք սուլթանի հրամանին և ոչխարներու նման ճամբայ ելլէք դէպի Տէր-Զօր ;

  4. henri says:

    Այս պահուն կ՛իմանամ որ Ռ.Քոչարեան տուն վերադարձեր է ;Դարձեալ Աւետարանին պիտի դիմեմ որ իմանանք թէ մեր հասարակութիւնն և արդարութիւնն ալ ,2000 տարիներ ետք – այդ ժամանակներու ամբոխէն տարբերութիւն չունի – ամբոխ մը որ Նազովրեցի անմեղ Յիսուսի փոխարէն -կոկորդները պատռելով հռոմայեցի դատաւոր Պիղատոսէն կը գոռային որ Բարաբբա մարդասպան-աւազակը ազատ արձակէ և անմեղ Քրիստոսը մահուան դատապարտէ …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031