Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «Մեկ Հայաստանի» հովանավորները

Մայիս 17,2019 15:00

«Կխնդրեմ մեր հասարակության ներկայացուցիչներին, ապարդյուն փորձեր չանել գտնել որեւէ հովանավոր այս կուսակցության համար, իսկ եթե այդպիսին այնուամենայնիվ կա, ապա դա Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահն է ու ՀՀ քաղաքացին». «Առավոտի» զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են շուրջ 100 կուսակցություններ, ինչո՞վ էր պայմանավորված նոր կուսակցության գրանցման փաստը:

– Կուսակցությունների թիվը դեռ չի նշանակում քաղաքական օրակարգ եւ բովանդակություն: Ձեր կողմից նշված 100 կուսակցությունները, Հայաստանի 3-րդ հանրապետությունում, անցած 30 տարիների ընթացքում, էական քաղաքական եւ գաղափարախոսական նշանակություն չեն ունեցել` մրցակցային եւ գաղափարախոսական քաղաքական դաշտի ձեւավորման առումով: Հատկապես կարեւոր է Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայությունը, ինչը խոսում է համակարգի թարմացման եւ արդիականացման անհրաժեշտության մասին: Փաստ է, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, իսկ քաղաքական համակարգը չի հասցրել ադապտացվել նոր իրողություններին եւ իրականացնել ներքին կառուցվածքային, կազմակերպչական ու բովանդակային բարեփոխումներ` երիտասարդության կողմից փոխված պահանջները բավարարելու համար: Անցած տարի մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը, ինչ որ չափով, կարելի է համարել նաեւ նշված իրողությունները նախկին քաղաքական համակարգի կողմից անտեսելու պատճառ:Որոշումը, հիմնադրել նոր կուսակցություն, պայմանավորված էր քաղաքական կյանքին նոր շունչ եւ բովանդակություն հաղորդելու, ինչպես նաեւ նոր որակի քաղաքական կոնտենտ արտադրելու եւ քաղաքական օրակարգ ձեւավորելու իրավիճակի հրամայականով:

Այն ինչ մենք ձեւավորում ենք, մեծ վերապահումով կարելի է համարել դասական իմաստով կուսակցություն, քանի որ այն միավորում է իրենց մասնագիտական ոլորտում մեծ հաջողություններ գրանցած, լայն ճանաչում եւ հարգանք ունեցող պրոֆեսիոնալների, որոնք գաղափարապես նվիրված են «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից հռչակված գաղափարներին եւ սկզբունքներին, եւ պատրաստ են իրենց մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության պետականության, ազգային եւ պետական ինստիտուտների կարողությունների ուժեղացման, արդյունավետության բարձրացման եւ ՀՀ քաղաքացիների աչքերում բարձր վստահելիության ու հարգանքի ամրապնդմանը:

Սա փաստացի կարելի է համարել տեխնոկրատների միավորում, որոնք հայտ են ներկայացնում կենտրոնական դիրք գրավել Հայաստանի քաղաքական համակարգում եւ վարել բացառապես ապագայի քաղաքականություն:

– Պարոն Ղազինյան, երբ հայտարարեցիք կուսակցություն հիմնելու մասին, տարբեր խոսակցություններ սկսեցին շրջանառվել Ձեր կողմից հիմնադրվող կուսակցության հովանավորյալների մասին։

– Մեր հասարակության մեջ կարծես թե արմատավորված է այն համոզմունքը, որ քաղաքական կուսակցությունները ստեղծվում են կոնկրետ պատվերի շրջանակներում եւ ծառայում են կոնկրետ անձի կամ ուժերի շահերին: Հասկանում եմ այս երեւույթը, քանի որ մինչ այժմ Հայաստանում գործող քաղաքական ուժերը առավելապես ձեւավորված են եղել այս տրամաբանության շրջանակներում, սակայն մեր պարագայում, իրականությունը տրամագծորեն հակառակն է: Քաղաքագիտության կանոններին եւ նորմերին ծանոթ ցանկացած անձ կհաստատի, որ պետականակենտրոն քաղաքական ուժը, ըստ սահմանման, չի կարող ծառայել որեւէ անձի կամ ուժի, այլ կոչված է վարել կենտրոնամետ քաղաքականություն` չհարելով որեւէ ուժային կենտրոնի: Հովանավոր ունենալու պարագայում, կուսակցությունը կկորցնի իր կենսունակությունը եւ նշանակությունը եւ կդադարի կատարել քաղաքական կյանքում իր հիմնական առաքելությունը:

Հետեւաբար, կխնդրեմ մեր հասարակության ներկայացուցիչներին, ապարդյուն փորձեր չանել գտնել որեւէ հովանավոր այս կուսակցության համար, իսկ եթե այդպիսին այնուամենայնիվ կա, ապա դա Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահն է ու ՀՀ քաղաքացին:

– Դուք ավանդաբար ընկալվել եք արեւմտամետ գործիչ, սակայն, վերջերս նկատվում է ռուսական ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ Ձեր մտերմացումը. Ինչո՞վ եք բացատրում Ձեր մոտեցումների եւ դիրքորոշումների փոփոխությունը:

– Նախ, համաձայն չեմ Ձեր այն մտքի հետ, որ ես եղել եմ արեւմտամետ գործիչ, քանի որ քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու հայտ եմ ներկայացրել միայն 2019 թվականի փետրվարից: Մինչ այդ ես իրականացրել եմ փորձագիտական գործունեություն, որի շրջանակներում տվել եմ բացառապես փորձագիտական գնահատականներ, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահից: Եթե ի նկատի ունեք Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությանը իմ դեմ լինելը, ապա ես դա կհիմնավորեի բացառապես կտրուկ շրջադարձերից խուսափելու եւ ՀՀ արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից առավել կանխատեսելի դարձնելու ձգտումով: Այս որոշումով, Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն ընկավ, ինչը չէր բխում նաեւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերից, քանի որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ավանդական բարեկամն ու դաշնակիցը եւ նրա շահերի եւ հետաքրքրությունների ներկայացուցիչը ամբողջ տարածաշրջանում: Հիմա էլ կարող եմ պնդել, որ Հայասատնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, զգալի վնաս հասցրեց հայ-ռուսական օրգանական հարաբերություններին, քանի որ Հայաստանը այս կառույցում, բացի Ռուսաստանից, որեւէ այլ բնական դաշնակից չունի: ԵԱՏՄ-ն փաստացի, դարձավ հակառակ շահերի կրող եւ իրացնող պետություններին միավորող հարթակ, որտեղ Ռուսաստանը ստիպված էր հավասարակշռել ուժերի հարաբերակցությունն ու կարգավորել մշտապես ծագող խնդիրներն ու հակասությունները:

Բայց, փաստ է նաեւ այն, որ Հայաստանը ներկայումս անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ ինչպես նախորդ պարագայում, հիմա նույնպես չի կարելի գնալ կտրուկ շրջադարձերի եւ դրանով իսկ ռիսկի տակ դնել ՀՀ անվտանգությունը:

Ես խորհուրդ կտայի հաջորդ անգամ խուսափել «արեւմտամետ» տարմինի կիրառումից իմ պարագայում, քանի որ իմ ամբողջ գիտակցական, ակադեմիական եւ փորձագիտական գործունեության ընթացքում հիմք եմ ընդունել բացառապես Հայաստանի ազգային եւ պետական շահը:

– Ամսի 18-ին կայանալու է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, քաղաքական դաշտում ինչպե՞ս է դիրքավորվելու նորաստեղծ ուժը, ո՞ր ուժերին եք համարում ձեզ գործընկեր կամ դաշնակից, մանավանդ, որ թեեւ հեղափոխության շրջանում սատարում էիք հեղափոխությանն ու հեղափոխականներին, բայց Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նրա եռանդուն ընդդիմախոսն եք։

– «Մեկ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում կդիրքավորվի որպես կառուցողական ընդդիմություն` անշեղորեն հետեւելով կուսակցության հիմնադիր հռչակագրում տեղ գտած արժեքներին, իդեալներին եւ սկզբունքներին: Ընդդիմադիր գործունեությունը կիրականացվի Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրի եւ հայեցակարգերի մշակման ոլորտում` հիմքում ունենալով Հայաստանի ազգային եւ պետական շահը: Քաղաքական դաշտում «Մեկ Հայաստան» կուսակցությունը թշնամիներ չունի, մենք առաջնորդվելու ենք գործընկերության սկզբունքով` ձգտելով կառուցել փոխշահավետ համագործակցություն ինչպես ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մեր համար կտրականապես անընդունելի է քաղաքական արմատականությունն ու պատեհապաշտությունը, անպատասխանատվությունը, ատելության եւ անհանդուրժողականության քարոզն ու դրա տարածման քաղաքականությունը: Ցանկացած փորձ` բաժանել, մասնատել եւ իրար դեմ հանել հասարակության տարբեր շերտերին` խաղալով մեր քաղաքացիների դյուրահավատության եւ միամտության վրա, խստորեն կդատապարտվի եւ կկանխվի «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից:

Իսկ ինչ վերաբերում է իմ` «հեղափոխությունը» ողջունելուն, ապա պետք է նշեմ, որ այո, ես ինքս աջակցել եւ օժանդակել եմ իշխանափոխության գործընթացին` հավատալով այնքան սպասված փոփոխություններին եւ բարեփոխումներին: Անկեղծ հավատում էի, որ Հայաստանի նոր իշխանությունները կծավալեն բովանդակային հանրային եւ քաղաքական դիսկուրս` Հայաստանի զարգացման ուղղությունների եւ տեսլականների վերաբերյալ, կհավասարակշռեն իշխանությունների բաժանման խախտված հավասարակշռությունը` վերացնելով Փաշինյանի կողմից սուպերվարչապետական որակված կառավարման համակարգը, կհստակեցնեն իրենց քաղաքական դիմագիծը` տալով հնարավորություն գաղափարախոսությունների վրա հիմնված քաղաքական ընդդիմության ձեւավորման, ապա նաեւ նոր քաղաքական մշակույթի ձեւավորման համար: Կարճ ժամանակ անց հասկացա, որ Փաշինյանը դա չի անելու, քանի որ նպատակ չունի փոխել եւ բարելավել մեր քաղաքացիների կյանքը, թեթեւացնել նրանց ծանր հոգսը, բարձրացնել մեր քաղաքացիների խաթարված հավատն ու վստահության մեր պետության եւ պետականության հանդեպ: Նրա նպատակը արդեն շատ պարզ է. պահել եւ երկարաձգել իր իշխանությունը եւ օգտագործել դրա համար Սերժ Սարգսյանի իշխանության կողմից ստեղծված բոլոր կառուցակարգերն ու գործիքները:

Արդեն կարող եմ հաստատապես փաստել, որ Փաշինյանը տապալել է իր իսկ կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգը եւ, ի տարբերություն իրենց, մեր քաղաքացիների կյանքում ոչինչ փաստացի չի փոխվել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 16.05.2019

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    101-րդ կուսակցությունը, որը “միավորում է իրենց մասնագիտական ոլորտում մեծ հաջողություններ գրանցած, լայն ճանաչում եւ հարգանք ունեցող պրոֆեսիոնալների, որոնք գաղափարապես նվիրված են «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից հռչակված գաղափարներին եւ սկզբունքներին, եւ պատրաստ են ․․․” ստեղծվում է զուտ նախքին համակարգի ներքո ձևավորված պաշտոնյաներից, որոնք իրենց կարծիքով, իրենց հավակնություններին համապատասխան դիրքեր չեն զբաղեցնում ներկայիս կառավարական համակարգում։ Իսկ մնացածը, բլա-բլա-բլա․․․ Հարգելի “կայացած քաղաքացիներ”, ծառայեք մերեր երկրին առանց պաշտոնների, այլ որպես պարզ քաղաքացիներ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031