Հայաստանի շրջափակումը մնում է միակ գործիքներից մեկը, որը Բաքուն գործի է դնում ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմին ճնշելու համար
Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Արեւելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը: Բրյուսելում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքում ակնկալվող կարեւոր իրադարձությունն, այսպիսով, Ադրբեջանի պատճառով չիրականացավ: Գագաթաժողովի ավարտին ԵՄ ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվել էր ստորագրել հռչակագիրը, որովհետեւ տեքստում որեւէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
Փաստորեն, եվրոպացի առաջնորդները մերժել են ադրբեջանական կողմի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք են նախատեսել: Այս ամենի արդյունքում էլ ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվեց ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:
Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարը հենց Բրյուսելում հաստատեց, որ Բրյուսելի առաջարկած ձեւակերպումներն անընդունելի են եղել Ադրբեջանի համար: Հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Էլմար Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ընդհանուր հռչակագրի ընդունման համար հարկավոր էր Եվրամիության անդամ 28 երկրների եւ ԱլԳ 6 երկրների միաձայն համաձայնությունը: «Թե ինչու չի ստորագրվել համաձայնագիրը, լավ հարց է ոչ թե ինձ համար, այլ Եվրոպական խորհրդի նախագահողների, հատկապես Հայաստանի ներկայացուցիչների համար, քանի որ նախնական համաձայնագիրը, որը շրջանառվում էր՝ չէր բավարարում մեզ, եւ հավատացած կարող եմ ասել՝ ոչ միայն Ադրբեջանին, այլեւ մնացած ներկայացուցիչներին նույնպես: Եվ բուռն քննարկումներից հետո առ այն, որ նախորդ համաձայնագրերին էլ, որոնք ընդունվել էին ԱլԳ համագործակցության բոլոր գագաթաժողովներում, պետք է հղում լիներ եւ աջակցվեին, մենք՝ որպես Ադրբեջանի պատվիրակություն, համարում ենք ոչ այնքան բավարար մեզ համար՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Եվ այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ բարձրագույն խորհուրդը անելու է դա որպես իր սեփական հայտարարություն առանց այլ պատվիրակությունների»,- Բրյուսելում պարզաբանել էր Մամեդյարովը:
Ավելի ուշ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ չհաջողվեց ստորագրել ընդհանուր հռչակագիր՝ մասնավորապես ասաց. «Ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից: Եվ այն արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, ու ինչ վերաբերում է Հայաստանին՝ նաեւ մեր մոտեցումները»:
Առհասարակ Բրյուսելում նկատվեց ադրբեջանական կողմի փոքր-ինչ ջղաձիգ պահվածքը: Ինչպես հայտնել էր «Առավոտը» Բրյուսելից, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում պատասխանել էր հայաստանցի լրագրողների մի քանի հարցերի: «Ազատության» թղթակցի դիտարկմանը, թե Հայաստանի իշխանության փաստարկն է, որ առանց բանակցային գործընթացին Արցախի միանալու՝ անհնար է կարգավորումը, Մամեդյարովն ասել էր, որ տարիների բանակցությունների ընթացքում համանախագահները տարածաշրջան այցելելիս գնացել են նաեւ Արցախ ու տեղեկացրել ընթացքի մասին. «Այդ պատճառով, ինչ-որ առումով սա ներառված է… Խնդրի լուծման բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, այլ այն, որ մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք ու որոշում կայացնենք ավարտել առարկայական բանակցությունները: Բոլորը հրաշալի գիտեն, թե ինչ փաստաթուղթ է սեղանին՝ ինչո՞ւ է պետք ինքն իրեն խաբել»:
«Առավոտը» Մամեդյարովին հարցրել էր, որ Փաշինյան-Ալիեւ ձեռք բերված համաձայնությունից հետո հարաբերական հանդարտության թեմայով, որը, ըստ որոշ մեկնաբանությունների՝ Ադրբեջանն օգտագործում է իր սահմանային ինժեներական կառույցներն ուժեղացնելու համար: Մամեդյարովը պատասխանել էր, թե սկզբունքային պայմանավորվածություն կա համապատասխան մարմինների միջեւ շփումների վերաբերյալ. «Եվ կարծում եմ՝ նրանք իրար հետ շփվում են, քանի որ, երբ ինչ-որ միջադեպեր են լինում՝ նրանք իրար զանգահարում են»: Ադրբեջանի ԱԳ նախարարը կշտամբող տոնով շարունակել էր. «Նստած ինքներդ ձեզ խաբում եք, եւ ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ ստացավ հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ պատերազմի երեսուն տարում»: Իսկ «Առավոտի» հակադարձմանը, իսկ ի՞նչ ստացավ ադրբեջանական ժողովուրդը՝ Մամեդյարովն արդեն փոքր-ինչ ջղաձիգ թվարկել էր, թե ճանապարհ են բացել, գազամուղ ու նավթամուղ կառուցել. «Դա քի՞չ է…»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ կառուցողական երկխոսության հո՞ւյս ունեն, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել էր. «Երբ մենք խոսում ենք ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին՝ դա առաջին հերթին խաղաղության նախապատրաստություն է Հայաստանում… Դուք չորս երկրներից առնվազն երկուսի հետ փակ սահմաններ ունեք, իսկ երրորդը հեսա-հեսա կփակվի: Ե՞վ: Մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք»:
Փաստորեն, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի շրջափակումը, ընդ որում, արդեն երրորդ երկրի հետ սահմանի փակման կանխատեսումով, Արցախի հարցում ցանկալի լուծում ստանալու քաղաքականությամբ սպառնալիքները:
Ավելին, պաշտոնական Բաքուն բաց հայտարարում է, թե այս փուլում ինչն է խանգարում Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի կողմից ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Արցախի ներկայացուցիչների մասնակցության պահանջի ներկայացում է: Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտոնական Երեւանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում. «Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաեւ Ղարաբաղ եւ շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, ե՛ւ նախկին, ե՛ւ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, եւ ձեր ղեկավարությունը այս թեմայով եւս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք եւ ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետեւ բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք»: Ճշգրտող դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում, Մամեդյարովը նյարդային ձեւով շարունակել է. «Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք….»:
Ի դեպ, ի պատասխան Մամեդյարովի հայտարարությունների՝ Բրյուսելում «Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նկատել է. «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին»։
Հավելենք, որ Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։ Փաշինյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ «Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետեւ կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Փաշինյանը։ Հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Փաշինյանը պատասխանել է. «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարեւոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
16.05.2019