Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտին կալանավորել են դատարանի նիստերի դահլիճից

Մայիս 17,2019 14:00

10 հատորանոց գործը բողոքարկվում է

Անահիտ Գ.-ն այս տարվա հունվարին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` 6 տարի ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման: Դատարանը նշանակված պատժին հաշվակցել է Անահիտի արգելանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ է թողել կրելու ազատազրկում` 5 տարի 11 ամիս 19 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալի նկատմամբ մինչ այդ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը դատարանը փոխել է, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` Անահիտին արգելանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից:

Անահիտ Գ.-ից հօգուտ տուժող Ֆ.-ի բռնագանձել է 53.393.044 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Ա. Գ.-ի անվամբ գրանցված անշարժ եւ շարժական գույքի վրա դրված կալանքը պահպանվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիս ժամկետով:

Դատավճիռը ներկայումս բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Անահիտը մեղադրվել է այն բանի համար, որ. «2012-2015 թվականի հուլիսին փակ հեռախոսահամարից զանգահարելով տուժող Ֆ.-ին, ներկայացել է տարբեր անձանց անունից, հայտնել իբրեւ քաղցկեղով հիվանդ է եւ կեղծ հղիության կապակցությամբ վիրահատման եղանակով արհեստականորեն վիժելու եւ այլ պատրվակներով, մաս-մաս պահանջել եւ հափշտակել է 53.393.044 ՀՀ դրամ կանխիկ գումար»:
Ըստ գործի նյութերի, ամբաստանյալն ամուսնացած է, ունեցել են հողատարածքներ, անասուններ, զբաղվել են գյուղատնտեսությամբ: Հետագայում տեղափոխվել եւ վարձակալական հիմունքներով բնակվել են մայրաքաղաքում, ապա Կոտայքի մարզի Զովունի գյուղում` վագոն-տնակում:

Մայրն ադամանդագործ էր, վաճառել է իր բնակարանը եւ բնակարանի վաճառքից առաջացած գումարից նրան որոշակի գումար է տվել, եւ իրենք սկսել են վագոն-տնակի շինարարությունը:

Անահիտն ունի երեք զավակ, որոնք մեկնել են ՌԴ արտագնա աշխատանքի, աշխատել են, գումար ուղարկել տուն, եւ ըստ ամբաստանյալի՝ բարեկեցիկ են ապրել:

Նա ու տուժողը հեռավոր ազգակցական կապ ունեն. տուժողի քրոջ աղջիկը նրա տեգոր կինն է, որը հաճախ ասել է, որ ինչ-որ մեկը Ֆ.-ից մեծ գումար է վերցրել եւ չի տալիս, նույնիսկ այդ հարցով Ֆ.-ն դիմել է Անահիտի ամուսնուն, խնդրել է իր ավտոմեքենայով գնալ պարտքատիրոջ մոտ, որպեսզի վերջինը չճանաչի, սակայն ամուսինը չի համաձայնել:

Տուժողը հայտարարել է, թե 120.000 ԱՄՆ դոլար է տվել ամբաստանյալին. «Ուր է դրա ապացույցը, ինքն ով է, որ առանց որեւէ փաստաթղթի, ստացականի իրեն գումար է տվել»: Ամբաստանյալի կարծիքով` տուժողը վրեժ է լուծում, քանի որ տարիներ առաջ իր տղայի եւ Ֆ.-ի միջեւ ճաշկերույթի ժամանակ մեծ վեճ է տեղի ունեցել եւ Ֆ.-ն հայտարարել է, որ վրեժ է լուծելու:

Ըստ էության, այս վեճից հետո սկսվել են անծանոթ հեռախոսահամարից զանգեր, սպառնալիքներ, ապա՝ «այ լիրբ, եթե 1 միլիոն դրամը չտաս, կասենք, որ դու Ֆ.-ի քածն ես», ինքը վախից անջատել է հեռախոսը:

Երբ մի անգամ էլ գումարի հետ կապված զանգ է եղել, նա այդ մասին պատմել է ամուսնուն. «Այդ ժամանակ կրկին իր բջջային հեռախոսին զանգ է եկել, ինքը հեռախոսը փոխանցեց ամուսնուն»: Նշեմ, որ ամբաստանվող կինը հայտնել էր, որ տուժողը որպես գյուղապետարանի քարտուղար, երաշխավոր է կանգնել նաեւ ամուսնուն՝ վարկ ստանալիս եւ իրենք էլ օգնել են վաճառելու Ֆ.-ի հաճարը:

Մեղադրանքի կողմը նաեւ պնդել էր, որ ամբաստանյալը ներկայացել է հիվանդ՝ խաբեությամբ գումար վերցնելու նպատակով: Անահիտն այս կապակցությամբ հայտնել է. «Ինչ վերաբերում է իբր հիվանդ եմ եղել քաղցկեղով եւ տուժողը բուժման համար գումարներ է հատկացրել, դա նույնպես սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Տուժողը մի՞թե այդքան միամիտ էր, որ լինելով քիմիայի մասնագետ, չի նայել դեղերը, չի տեսել, որ իմ մազերը չեն թափվում: Բացի այդ, Ֆ.-ն ասում է, թե իբր հղի եմ ներկայացել ու անձամբ կեսարյան հատման սպին տեսել է, կեսարյան հատման սպին ու երեխային հեռացնելը մի՞թե իրարից չի տարբերում: Մի՞թե 2013-2015 թվականների ընթացքում մեկ անգամ տուժողի մտքով չի անցել ստացական գրել, ես ով էի տուժողի համար, որ այդքան վստահել է ու գումարներ տվել»: Դատարանը հաստատված է համարել, որ մի քանի անձ հայտնվել են նյութական ծանր վիճակում Անահիտի գործողությունների հետեւանքով, վերաքննիչ դատարանում բողոքի քննության համար երեք նիստ է տեղի ունեցել, տուժողը պահանջում է առավելագույն պատիժ:

Տուժողը 1998 թվականից զբաղեցրել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Հայտնել էր, որ 1990 թվականից ճանաչել է Անահիտին: Եվ քանի որ հանդիսանում է նաեւ գյուղի «Գյուղացիական փոխօգնության միավորման» նախագահ եւ առանց իր համաձայնությունը տալու ոչ մի գյուղացի այդ ՓԲԸ-ից գյուղատնտեսական վարկ չի ստանում, ամբաստանյալն է զանգել եւ խնդրել, որ օգնի ամուսնու անվամբ վարկ ձեւակերպել: Այդ ժամանակվանից մտերմացել են, վստահել է նրա ասածներին, գումար տվել, չի հետաքրքրվել, թե իրականում նա վիրահատվե՞լ է, թե՞ ոչ: Կան դրվագներ, երբ տուժողից գումարներ են պահանջել …լռության համար:

Մի ուշագրավ դրվագ էլ կա. փակ համարից զանգում են տուժողին, հայտնում, թե Անահիտի վիրահատության համար իքս-բարեգործական կազմակերպությունն անցկացնում է ավտոմեքենաների խաղարկություն եւ Անահիտի համար խաղարկվում է «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենա: Մի քանի օր անց տեղեկանում է, թե Անահիտը մեքենան շահել է եւ ցանկանում է այն գրանցել եւ տեղափոխել, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ են պետական մուծումներ՝ 30.000 ԱՄՆ դոլարի չափով, քանի որ մեքենան եղել է թանկարժեք՝ 200.000 ԱՄՆ դոլար արժողության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031