Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով»

Մայիս 17,2019 13:30

Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի դիտարկումները

Օրերս Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան պետական դրամատիկական թատրոնը երկամյա դադարից հետո երեւանցի հանդիսատեսին ներկայացավ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլետ», Վազգեն Օվյանի՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» եւ Մարիա Կարապետյանի բեմադրած՝ Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» ներկայացումներով:

«Առավոտը» զրուցեց Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի հետ: Նա ուսանել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում, Պատանի հանդիսատեսի եւ Ստեփանակերտի թատրոններում իրականացրել է ներկայացումներ, շուրջ 3 տարի առաջ էլ Արցախի մշակույթի նախարարի հրավերով ստանձնել է տեղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Մեզ հետ զրույցում գեղարվեստական ղեկավարը համաձայնեց, որ պաշտոնավարման սկզբում ղեկավարման փորձ չուներ, նշեց, թե հիմա էլ կան դժվարություններ, բայց ոչ միայն թատրոնի, այլեւ Արցախում գործող շուրջ 30 մշակութային ՊՈԱԿ-ների համար: Ասվածը մանրամասնելով, թե արվեստագետները եւ ընդհանրապես մշակութային պետական ցանկացած օջախների աշխատակիցները իսկական նվիրյալներ են: Հավելեց, որ հենց նրանց աշխատանքով կարծես ամրապնդվում է խաղաղությունը. «Մեր Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն ու ներկայանում են առաջին հերթին հենց ազգային մշակույթով»:

Խոսելով թատրոնի մասին, մտաբերեց. «Երբ մեկնեցի Արցախ, թատրոնի շենք չկար: Հիմա էլ չկա: Բայց քայլեր են ձեռնարկվում եւ Արցախի առաջին դեմքի՝ նախագահի մակարդակով, այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ասեմ նաեւ, որ առաջին անգամ, երբ մուտք գործեցի թատրոն, հանդիպեցի հիմնականում ավագ սերնդի դերասանների: Հիմա արդեն այդ կազմը հիմնականում երիտասարդացված է: Արտիստների մեծ մասը Երեւանի թատրոնի եւ կինոյի Գորիսի մասնաճյուղի՝ Շուշիի կուրսից են (ղեկավար՝ Մարատ Դավթյան), օրվա մեծ մասը անցկացնում են թատրոնում: Մի քանի օր առաջ էլ գերազանց խաղացին «Ռոմեո եւ Ջուլետ» դիպլոմային աշխատանքը: Ունենք մեկ-երկու դերասան, որոնք այլ բուհերից են, բայց մի գաղտնիք ասեմ. փախչում են դասերից ու գալիս թատրոն (ծիծաղում է): Ամենակարեւորը՝ ունենք հանդիսատես, այդ թվում՝ ե՛ւ մշտական, ե՛ւ, այսպես կոչված, թարմացվող: Նշեմ, որ արցախցի հանդիսատեսը խստապահանջ է ու խելացի: Եթե միջոցառումից չի ցնցվում, ապա ցույց չի տալիս, բայց եթե այն գոհացնում է, համառորեն հանդիսատեսին դեռ շա՜տ երկար «պահում» է բեմում…»:

Փափազյանցիները

Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունը ե՞րբ է խոստանում «տնավորել» միակ պետական թատրոնը, ռեժիսորը հայտնեց, թե ներկայումս խաղում են հիմնականում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում (140 տեղ), երբեմն էլ մեծում (385), որովհետեւ վերջինս Ստեփանակերտի ամենամեծ սրահն է, որը գերծանրաբեռնված է գործում:

Հիշեցինք, որ հայաստանյան մշակութային կոլեկտիվները Ստեփանակերտի թատրոնի շինարարության համար բարեգործական միջոցառումներ էին կազմակերպում… Արվեստագետը հաստատելով դա, մանրամասնեց. «Այն Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարությունների համատեղ ծրագիր էր, ստեղծվել էր թատրոնի աջակցման հիմնադրամ ու տարվա ընթացքում մեկ միջոցառման հասույթը ուղղվում էր հիմնադրամին: Հասկանալի է, որ դա մեծ գումար չէր կազմում… Հիմա Արցախում ձեւավորվել է աջակցման խումբ: Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի հիմնադրամի բացման մասին եւ, կարծում եմ, աշխարհի հայության շրջանում կանցկացվի նաեւ տելեթոն»: Ռեպլիկին՝ արցախցի գոնե մեկ մեծահարուստ չի՞ առաջարկել իր աջակցությունը, ռեժիսորի պատասխանը հակիրճ էր՝ «դեռ ոչ»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ պատրաստվում են բեմադրություն՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոսներին. «Թեման նուրբ է, ավելին՝ ռիսկային… Այն մեր պատմությունն է, որը շարունակում ենք ապրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն պայմաններում: Սցենարի հեղինակը երիտասարդ ստեղծագործող Հերմինե Ավագյանն է, որի «Պատերազմ, աչքեր, ծաղիկներ» առաջին գիրքը նվիրել է հորը՝ արցախյան հերոս Արմեն Ավագյանին: Հենց այդ գիրքն էլ վերածել ենք բեմականացման ու վերնագրել՝ «Լուսաբացից առաջ»: Ընդ որում՝ պատմությունը իրական դեմքերի ու դեպքերի մասին է: Չի լինելու ոչ մի դրամատիկ, ավելորդ սրություն, արհեստական հույզեր, լաց ու կոծ… Ներկայացնելու ենք այն կյանքը, որ ապրել է արցախցին երեխայից մինչեւ ֆիդայի: Վաղ է ասել, բայց ցանկություն ունենք, որ այն դիտի Սփյուռքի հանդիսատեսը: Բեմականացումը կլինի յուրատեսակ հիշեցում. ապրում ենք այս իրականության մեջ ու այս գաղափարի շուրջ պիտի համախմբվի աշխարհի հայությունը»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ցանկություն ունի՞ ողջ մի ստեղծագործական կյանք կամ գուցե տեւական հատված նվիրվել միայն Ստեփանակերտի թատրոնին, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ ֆիզիկապես Արցախում չլինեմ, գոնե տարին մեկ բեմադրություն կիրականացնեմ: Եթե մեկ անգամ մարդ լինում է Արցախում, հնարավոր չէ, որ այլեւս չձգտի այնտեղ լինել: Մյուս կողմից էլ, ներեցեք անկեղծությանս՝ ընտրյալս Հայաստանից է…»:

Զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ արցախյան մշակութային կյանքի մասին: Մեր զրուցակիցը մեկ առ մեկ նշեց պետական կոլեկտիվները, այդ թվում՝ տեղի պարի պետական, կամերային, ջազ նվագախմբի, երգչախմբի…, հավաստիացնելով, թե առանց նրանց գործունեության անհնար է պատկերացնել արցախյան մշակույթը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031