Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ մի տղամարդ իմացավ, որ 10 000 դրամ պետք է վճարի ամուսնալուծվելու համար, հեռացավ ասելով՝ թե թանկ է, չեմ բաժանվում»

Մայիս 17,2019 13:00

«Բա ե՞րբ ես ամուսնանալու»։

«Արդեն ժամանակն ա, Է՜։ Ամուսնացի՛ր»։

Եթե էլ չես ուզում կարդալը շարունակել, որովհետեւ կարծում ես, թե էստեղ էլ ենք քեզ համոզելու, որ ամուսնանաս, հանգիստ շունչ քաշիր։ Այս անգամ հավաքվել ենք՝ պարզելու, թե ինչու բոլորը գիտեն քո ամուսնության ժամանակը, բացի քեզնից։

Դե ինչ, «Հանձնարարությունը՝ ամուսնանալ» հետաքննությունն սկսված է։ Սկսենք ճանապարհորդել մեր կյանքի մետրոյով։

«Ուշադրություն, «Քսանամյակ» կայարան։ Հաջորդ կայարանը՝ «Ամուսնություն»։

Այստեղ մենք պետք է իջնենք, եւ մի՛ տրտնջա, թե քսանը դեռ շուտ է. կյանքիդ մետրոյի գիծը կառուցում ես դու, իսկ սա պարզապես հեռու-մոտիկ բարեկամներիդ խնդրանքով է կառուցվել։ Բայց արդյո՞ք այն կշահագործվի, որոշում ես դու։ Իսկ մինչ այդ քեզ մի հարց՝ «ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում»։

Պատասխանները տարբեր են՝ ուզում են միասին ապրել, ընտանիք կազմել։ Բայց ե՞րբ է գալիս ամուսնանալու ժամանակը։

Օ՜, ում ենք հանդիպել։ Վարուժան Մելքոնյանն է` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիրը։ Կարծում եմ՝ մեր թեմայի շուրջ արժի խոսել հենց նրա հետ։

«Ամուսնությանը հայ հասարակարգում չեն նախապատրաստվում։ Ծնողները իրենց երեխաների հանդեպ ուշադիր են, հոգատար։ Զբաղվում են նրանց կրթությամբ, դասերով, դաստիարակությամբ եւ այդպես էլ մեծացնում են նրանց։ Սակայն մի սահման կա, որը չեն անցնում, մի դուռ կա, որ այդպես էլ փակ է մնում։ Դա վերաբերում է սեռերի հարաբերություններին։ Այսինքն՝ երեխաները սեռական դաստիարակություն չեն ստանում։ Տանը չեն ստանում, մանկապարտեզում չեն ստանում, դպրոցում չեն ստանում կամ թերի են ստանում։ Նրանց մնում է այդ մասին իմանալ տարերայնորեն։ Մեկը լսում է հարեւանից, մյուսը՝ ընկերներից, էն մյուսը՝ ինչ-որ ֆիլմ է դիտում։ Եվ հարցը փակվում է։ Բայց հենց այստեղից էլ սկսվում են ամուսնության հետ կապված մի շարք խնդիրներ»։

Վարուժան Մելքոնյանի խոսքերից հետեւում է, որ ամուսնությանը պետք է նախապատրաստվել։ Եվ այդ նախապատրաստվածությունն ամենեւին էլ կապ չունի հարսի զգեստի, տարոսիկների, ռեստորանի եւ հյուրերի ցանկի հետ։

Ամուսնությունը մեծ պատասխանատվություն է։ Նրա հետ կրճատվում են իրավունքներդ եւ ավելանում պարտականություններդ։ Եվ ամենակարեւորը՝ ամուսնությունը միշտ չէ, որ քաղցր է, ինչպես հաճախ ներկայացնում են։

Հենց վարդագույն ակնոցներով ամուսնանալուն գուցե հաջորդի մեծ հիասթափությունը։ Եվ հենց այստեղ էլ մենք հասանք հաջորդ կայարան՝ ամուսնության հակառակ կողմը՝ «Ամուսնալուծություն»։

Այս կայարանը երբեմն կառուցվում է բարեկամներիդ կառուցած գծի հետ միասին։ Բայց սրա մասին նրանք չգիտեն, որովհետեւ իրենց կարծիքով՝ քեզ համար ընտրել են իդեալական թեկնածու։

Բայց եկեք ընդունենք՝ միշտ չեն «սարքած» ամուսնություններն ավարտվում ամուսնալուծությամբ. կան դեպքեր, երբ զույգը, փոխադարձ սիրելով, ամուսնանում է։ Սակայն հետո հասկանում են, որ միմյանց համար չեն։ Ո՞րն է սրա պատճառը։ Վարուժան Մելքոնյանն այս հարցի պատասխանն էլ է տվել.

«Եթե մեր հետաքրքրությունը փոխադարձ է, ապա մենք աշխատում ենք ցույց տալ մեր դրական կողմերը՝ թաքցնելով երբեմն թերությունները։ Այսպիսով, հետաքրքրությունը կամաց-կամաց վերածվում է սիրահարվածության։ Եվ մենք՝ կարծելով, որ ամբողջությամբ ճանաչում ենք մեր զուգընկերոջը, ամուսնանում ենք։ Բայց համատեղ կյանքի ընթացքում սկսում ենք տեսնել նաեւ մեր զուգընկերոջ թերությունները. նա բացահայտվում է ամբողջովին։ Եվ իդելական հարաբերությունների մեջ ճաքեր են առաջանում, ամեն նոր հայտնաբերված բացասականի հետ ավելանում են այդ ճաքերը։ Եվ դրանց պատճառով գուցե սերը վերածվի հիասթափության, վեճերի, եւ ամուսնությունն ավարտվի ամուսնալուծությամբ»։

Բայց արդյո՞ք ճիշտ է ամուսնալուծվել։ Ո՞ր դեպքերում պետք է ամուսնալուծվել։ Այս հարցերի պատասխանները կարեւոր են, եթե մենք չենք ուզում, որ մեր կյանքի մետրոյում լինի երկու կայարան՝ «Ամուսնություն» եւ «Ամուսնալուծություն», հետո նորից «Ամուսնություն»-«Ամուսնալուծություն»։

Ընտանիքը չքանդելու համար միգուցե դիմել հոգեբանի, այլ ոչ թե ծնողներին։ Ինչպես շատ հաճախ անում են զույգերը։ Աղջիկը դիմում է իր մորը, տղան իր ընտանիքին։ Ստացվում է, որ նրանց հարաբերություններում բացի զույգից, կան նաեւ զոքանչ, սկեսուր, աներ, տալ, հորաքույր եւ այլն։ Ու նրանցից յուրաքանչյուրը մտածում է, թե անում է ամեն ինչ՝ ամուսնությունը պահպանելու համար։
Վարուժան Մելքոնյանը նշեց, որ այս դեպքերում հոգեբանը պարտավոր է զրուցել ամեն մեկի հետ առանձին։ Պարզել, որն է ամուսնալուծության պատճառը։ Եվ բոլոր հարազատներին հասկացնել, որ նրանք պետք է չեզոք դիրքում մնան՝ թույլ տալով զույգին՝ իրենք որոշեն իրենց հարաբերությունների ճակատագիրը։

Երբ զույգը որոշում է ամուսնալուծվել, գրեթե բոլորը նրանց համոզում են չքանդել ընտանիքը հանուն երեխայի։ Բայց երբեմն դա սխալ է, որովհետեւ հաճախ հանուն երեխայի պետք է ամուսնալուծվել։ Երկուսն էլ՝ մնալն էլ, բաժանվելն էլ, պետք է լինեն հանուն երեխայի։ Պետք է իրավիճակը գնահատել առողջ, սառը գլխով, թե որն է հօգուտ երեխայի։ Եթե մնալը հոգեկան, ֆիզիկական տրավմայի է ենթարկելու երեխային, ապա պետք է բաժանվել։ Սակայն բաժանումը պետք է առողջ լինի։ Երեխան պետք է հասկանա, որ նա չի կորցնում ծնողներից որեւէ մեկին, պարզապես նրա ծնողներն առանձին բնակարաններում են ապրում։
Պայծառ տատին, որ արդեն 53 տարվա «ամուսնության ստաժ» ունի, պատմեց իր պատմությունը։

«Իհարկե, եղել են դեպքեր, որ ես ցանկացել եմ բաժանվել։ Կարծում եմ՝ գրեթե բոլոր ընտանիքներում նման խոսակցություններ եղել են։ Բայց ոչ բոլորն են քանդվում, եթե, իհարկե, այնտեղ կա սեր ու հարգանք։ Ինչպես ամուսնանալն է ճակատագրական քայլ, այնպես էլ ամուսնալուծությունը։ Երբ հիմա ետ եմ նայում, ծիծաղում եմ այն պատճառների վրա, որոնք գուցե քանդեին ընտանիքս։ Հիմա ժամանակաները, արժեքները փոխվել են։ Մի թեթեւ խոչընդոտ է հայտնվում, ու վերջ, բաժանվում են։ Էդպես հո հարց չի՞ լուծվի»։

Տատիի համար անծանոթ արժեքներն ու ժամանակներն էլ իրենց բացատրությունն են ստանում տիկին Կ.-ի շնորհիվ։ Նա գրեթե 5 տարի ամուսնությունից հետո ամուսնալուծվել է։ Ասում է՝ ընտանիքում սեր չկար՝ չնայած ոչ մի վեճ ու կռիվ չի եղել, բայց զգացմունքները սառել էին։

«Ես մի ամբողջ կյանք չեմ կարող ապրել մի մարդու հետ, ում չեմ սիրում։ Նա էլ ինձ չի սիրում։ Կարծես օտարականներ լինեինք, որ պարզապես միասին են ապրում»,-ասում է նա։

Կարծում եմ՝ արդեն կարող ենք ետ դառնալ «Քսանամյակ» կայարան եւ որոշել մեր կյանքի մետրոյի գիծը ինքնուրույն։ Ամուսնանալ՝ երբ ուզում ենք, երբ պատրաստ ենք, ոչ թե երբ ասում են։

Իմիջիայլոց, ՔԿԱԳ-ի աշխատակից Արմինե Վարդանյանը մեզ մի հետաքրքիր փաստ տվեց։ Ասում է՝ իր գրանցած ամուսնությունների մեջ ամենամեծ զույգը Նոր Արտամետից է։ Պապիկն արդեն իննսունն անց էր, իսկ տատիկը՝ ութսունն անց։ Էնպես որ, եթե որեւէ մեկն ասի՝ «թայերդ արդեն էրեխա ունեն», նրան հիշեցրու սա։

Արմինե Վարդանյանը ծիծաղով հիշեց, որ երբ մի տղամարդ եկել էր ամուսնալուծվելու եւ իմացավ, որ 10 000 դրամ պետք է վճարի, հեռացավ ասելով՝ թե ամուսնալուծվելը թանկ բան ա, ես չեմ բաժանվում։ Էնպես որ, եթե որոշել եք ամուսնալուծվել, վստահ եղեք, որ գրպանում 10 000 դրամ ունեք։ Հանգիստ եղեք. այս խորհրդի համար կարող եք չվճարել։ Բարի ճանապարհ։

«Ուշադրություն, «Ներկա» կայարանան։ Հաջորդ կայարանը «Որտեղ՝ կուզեք»։

ՍԱՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031