Մարդկային կյանքը շատ զարմանալի, հետաքրքիր եւ զարմանահրաշ աշխարհ է, այն լի է գաղտնիքներով, անհասկանալի դեպքերով եւ խորհրդավոր դեմքերով: Մենք ծնվում ենք, ապրում, գործում եւ մահանում, այս ընթացքում էլ ձեւավորվում է մեր աշխարհայացքը, որտեղ մենք արտացոլում ենք մեր «ես»-ը, թեկուզ ոչ ամբողջովին:
Ապրելով, մեծանալով, տարեցտարի փոխվելով, ինչ-որ բան կորցնելով եւ ձեռք բերելով՝ ստեղծում ենք «մեր»-ը: Շատերս ուզում ենք ապրել մեր երազանքների աշխարհում, խաղաղություն եւ սեր է տիրում, բայց կա մի մեծ բայց՝ վերադառնում ենք իրականություն, սկսում բողոքել ամենքից եւ ամեն ինչից, բողոքում նրա համար, որ որեւէ մեկը հասավ հաջողության, իսկ մենք՝ ոչ, որ դիմացինը ունի այս կամ այն իրը, իսկ մենք՝ ոչ: Աշխարհում բողոքող մարդիկ շատացել են, չեն բավարարվում իրենց ունեցածով եւ ձգտելու՝ ավելիին հասնելու փոխարեն, «քլնգում» են որեւէ երկրորդ անձի, նրանք միշտ դժգոհ են:
Ուզում են շատերը ոչինչ չանել, կամ էլ արքայավայել ապրել եւ անվերջ հրամաններ տալ: Հե՛յ, սթափվի՛ր, մի՞թե հենց դու կուզեիր ապրել մի աշխարհում, որտեղ մարդիկ կլինեն այսպիսին: Հարգելի՛ս, եկեք հասկանանք, որ մենք ծնվում ենք աշխարհը վերափոխելու, նորացնելու, ավելի լավը դարձնելու, այլ ոչ թե բողոքելու, իշխելու կամ էլ նվաստացնելու համար:
Ուղղակի անընդունելի է, երբ մարդն իրեն վեր է դասում ամենքից, քննադատում եւ քննարկում մյուսին, բողոքում աշխարհի վիճակից եւ իր կյանքից: Շատ վատ է, որ ուզում ենք ապրել լավ վայրում, լավ կյանքով եւ դրա համար ձեռնունայն նստում ենք: Ամենքս ստեղծվել ենք աշխարհը դեպի ավելի լավը փոխելու համար, ինչո՞ւ չես կարծում, որ հենց դու ես այն լավագույններից մեկը, ով կփոխի աշխարհը, ով իր գործով կսիրվի բոլորի կողմից: Եվ ահա այստեղ կասես ինչո՞ւ հենց ես կամ չէ՞ որ դժվարությունները խոչընդոտ են, պատասխանեմ, հենց դու, որովհետեւ դու յուրահատուկ ես, տաղանդավոր եւ կապ չունի, որ դու քո տաղանդները չգիտես, այն թաքնված է եւ բոլորովին էական չէ, թե քանի տարեկան ես, եղիր առաջինը, ով ռիսկի կդիմի, առաջ շարժվիր: Իսկ խոչընդոտներն ամենուր են եւ ամեն օր հանդիպում են ամեն տարիքում: Երեխայի համար իր սիրելի խաղալիքը ստանալուն խոչընդոտում է խելոք լինելը, ճաշ ուտելը, դպրոցականներին ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն՝ դասերը, մեծերին՝ աշխատանքը: Խոչընդոտ է հերթ կանգնելը, խցանումները, սպասելը, դրանք բազմազան են:
Հարգելի ընթերցող, գուցե ես քեզանից փոքր եմ կամ մեծ, գուցե հասակակից, բայց դա էական չէ, օրինակ, ես հայտնում եմ իմ կարծիքը, աշխատում, ձգտում եւ այն, որ դու հիմա կարդում ես սա՝ իմ աշխատանքի եւ նպատակասլացության վառ օրինակն է: Մի՛ բողոքիր, ձգտի՛ր, առաջ գնա՛, հանձնվելով չես հասնի ոչնչի, չստացվե՞ց, նորից փորձիր, այնքան՝ մինչեւ հասնես նպատակիդ: Դու կարո՛ղ ես: Մոտիվացվի՛ր, մի՛ հանձնվիր, գործի՛ր: Քո եւ աշխարհի վառ ապագան քո ձեռքում է, ես հավատում եմ քո ուժերին, դու էլ հավատա եւ առաջ շարժվիր, թեկուզ փոքրիկ քայլերով:
Ամեն բան քո ձեռքում է, փոխիր աշխարհը քեզանով դեպի լավը:
ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ-չինական բարեկամության դպրոցի 9բ դասարանի աշակերտուհի
«Առավոտ» օրաթերթ,
16.05.2019