ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ յոթանասուներորդ
Կարդացեք նաև
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐ
Մենք Հայկունու Հայկուն անվան առավել մտերմիկ, ընկերական ու բանավոր տարբերակից ենք օգտվում, եւ ավելի բնական կլինի, եթե էս շարունակվող ու չվերջացող գրությանս մեջ էլ էդ ընկերական ու մտերմիկ տարբերակն օգտագործեմ, եւ դա միանգամայն բնական ու միանգամայն ճիշտ կլինի, որովհետեւ եթե Ալբերտ Գուրգենի Սարգսյանին անդրադառնալիս Աբո եմ գրում, ինչո՞ւ չպիտի Հայկունի տարբերակի փոխարեն մեր մտերմիկ Հայկուն տարբերակը չգրեմ, մանավանդ որ՝ ընդամենը մի տառի տարբերություն է, եւ չնայած ընդամենը մի տառի տարբերություն է, անմիջականության ու բնականության առումով տարբերությունն ահագին է, եւ էս ամբողջ ընթացքում զգում ու հասկանում էի, որ Հարությունյան Հայկունու Հայկունի անվան փոխարեն Հայկուն պիտի գրեմ, որպեսզի խոսքիս բնականությունն ու անմիջականությունն ապահովվի, ընդ որում՝ դրանով ոչ միայն իմ խոսքի բնականությունն ու անմիջականությունն ապահոված կլինեմ, այլեւ՝ Կորյունինն ու մյուսներինն էլ, եւ Կորյունինն առաջին հերթին, որովհետեւ Կորյունն, ի տարբերություն մյուսներիս, Հայկունուն ոչ թե պարզապես Հայկուն է ասում, այլ գրեթե միշտ՝ «Հայկուն ջան», եւ չնայած պայմանավորվել էինք, որ տղերքի խոսքերը մեջբերելիս Հայկուն եմ գրելու, իսկ հեղինակային խոսքիս մեջ՝ Հայկունի, հիմա արդեն սկսում եմ հիշել ու հասկանալ, որ ես Հայկունուն մշտապես Հայկուն ասող մտերիմներից մեկն եմ եւ հետո նոր միայն՝ գրող ու վիպասան, եւ եթե կյանքում իրեն Հայկուն եմ ասում, ուրեմն՝ էս վեպիս տարածքում էլ եմ պարտավոր Հայկուն ասել ու գրել, եւ այդպես հաստատ ավելի բնական կստացվի, մանավանդ որ՝ ոչ միայն ես, այլեւ անխտիր բոլորն են իրեն Հայկուն ասում, իսկ շամշադինցի ճարտարապետ Կորյունը ոչ թե պարզապես Հայկուն է ասում, այլ մշտապես՝ «Հայկուն ջան», եւ միայն Մանկավարժական համալսարանի որոշ դասախոսներ են իրեն Հայկունի ասում, ընդ որում՝ ոչ թե պարզապես Հայկունի են ասում, այլ բացառապես՝ պաոն Հայկունի, իսկ ուսանողները՝ բացառապես պարոն Հարությունյան, եւ, ըստ ամենայնի, անձամբ Հայկունն է հորդորել ուսանողներին, որ իրեն պարոն Հարությունյան ասեն, հասկանալով, որ իր ազգանունն անհամեմատ առավել հասկանալի ու բնական է, քան՝ անունը, չնայած, ըստ Կորյունի ու ըստ որոշ այլոց, Հայկունին, ըստ էության, ոչ թե անուն է, այլ՝ ազգանուն, ինչպես, ասենք, Ռշտունի ազգանունը, եւ մի իրիկուն, երբ հեռուստացույցով Դավիթ Հովհաննեսն էր ելույթ ունենում, Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «հիմի էս Դավիթ Հովհաննեսի անունը Դավիթն ա՞, թե՝ Հովհաննեսը», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «էրկուսն էլ անունն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ինքը էրկու հատ անուն ունի»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: