Լրահոս
Օրվա լրահոսը

«120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին». Արթուր Դավթյանը ապացույցներ է ներկայացնում

Մայիս 16,2019 23:13

Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստի ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, ելույթ ունեցավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այդ նիստում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Արթուր Դավթյանն ասաց, որ արտակարգ դրություն է հայտարարվել՝ օրինականացնելու բանակի, զինված ուժերի միջամտությունը. «Ակնհայտ հարց ծագում՝ իրենց պաշտոնական պարտականությունները «ըստ իրավաչափ հրամանի» կատարած զինծառայողներին ցուցակով ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը ո՞րն էր: Իսկ գործով օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել, որ ոչ պետական միջոցներից գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին:

Գլխավոր դատախազը նաեւ հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակ մարդկանց սահմանադրական իրավունքը՝ հավաքներ անելն արգելվում է, սա այն դեպքում, երբ ընտրությունները չէին ավարտվել, ՍԴ-ն վեճը չէր լուծել դեռ. «Այստեղից հաջորդ տրամաբանական գործողությունն է հետեւում՝ միջամտություն վեճի դատական լուծմանը, ընդ որում, հակադարձելով պաշտպանական կողմի փաստարկին, նշեմ, որ մեղադրանքի համար որեւէ նշանակություն չունի՝ այդ միջամտությունը արդյունք ունեցե՞լ է, թե՞ ոչ, այսինքն, ՍԴ-ի կայացրած ակտը հիմնավո՞ր է, թե՞ հիմնավոր չէ: Նշածս գործողությունների տրամաբանական շղթայի մեջ բավարար է, որ որպես վերջին հանգուցալուծում՝ միջամտություն է տեղի ունեցել դատարանի գործունեության նկատմամբ:

Պաշտպանական կողմի գործընկերներիս կողմից փորձ արվեց մեջբերել ՍԴ դատավորի ցուցմունքը ու ցույց տալ, որ հերքում է այդ փաստը: Բայց հենց իրենց մեջբերումից հղում կատարեմ՝ ցուցմունքում նշվում է, որ դատավորին նախագահականից զանգել եւ հրավիրել են, սակայն ինքը չի գնացել: Մինչ այս պահը Ռոբերտ Քոչարյանը չի պարզաբանել, թե այդ վեճի լուծման ընթացքու ինչո՞ւ է նախագահական հրավիրվում դատավորը: Հույս ունեմ, որպես ամբաստանյալ, այս հարցի պարզաբանումը կունենա: Մեկ այլ վկայի որոշակի եւ ուղղակի ցուցմունքով հաստատվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի որոշակի վարքագիծը կանխորոշող պահանջը, արդյունքում այդ դատավորը չի մասնակցում տվյալ վեճի լուծմանը»:

Արթուր Դավթյանը նաեւ անդրադարձավ կաշառքի դեպքին, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ինչ որ նշանակում է թէ ծանր վտանգի ենթարկուած էին, իրենց պաշտօնի կատարման ընթացքին

    տակաւին չհասկացաք թէ՝ բանակի գործածութիւնը, ներքին վտանգների դէմ, պետութեան դէմ ներքին յարձակումների դէմ, ինքնի՛ն, ապօրինի բան չէ. ոչ Օրէնքի դէմ է ոչ ել Սահամանադրութեան ոչ ել տրամաբանութեան.

    ի դէպ, այդպէս է նաեւ բազմաթիւ այլ երկիրներում, ներառեալ արեւմտեան երկիրներ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031