Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն ավարտվեց, դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի շաբաթ օրը, ժամը 16-ին:
Մինչ այդ դատարանում ելույթ ունեցավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա, խոսելով պաշտպանական կողմի գնահատականների մասին՝ ասաց. «14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ արվեց աղճատված, տեքստից կտրված իմաստներով յուրովի մեկնաբանել ու մատուցել դատարանին: Այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է իրենից ներկայացնում»:
Գլխավոր դատախազը հայտարարեց, որ 2008-ի փետրվարին ընտրություններ էին, ընտրական գործընթացը միայն քվեարկության օրը չէ. «Սկսած փետրվարի 19-ից ծավալված իրադարձությունները՝ այս գործի քննության առարկա են դարձել: Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ-ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները եւ երբ հրապարակում խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների կողմի՝ հավաքի ոչ խաղաղ կամ առավել եւս բռնի լինելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չկար, մինչեւ այսօր ոչ մեկը կասկածի տակ չի դրել փետրվարի 23-ին հավաքի խաղաղ բնույթը: Եվ այս պայմաններում պետության ՀՀ բարձրագույն իշխանություն կրողը, գլուխը՝ Սահմանադրության երաշխավորը եւ վերջապես գերագույն գլխավոր հրամանատարը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ: Սա, մեր գնահատմամբ, մի գործողություն է, որն ուղղակիորեն արգելվում է երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրության 8.2 հոդվածն է, որով ամրագրված է՝ ԶՈՒ-ն քաղաքական հարցերով պահպանում է չեզոքություն: Այդ պահից սկսած զինված ուժերը, բանակը ներգրավվել են քաղաքական հարցերում: Այս խորհրդակցությանը ժամեր անց հետեւում է ՊՆ նախարարի հայտնի հրամանը»:
Արթուր Դավթյանն անդրադարձավ պաշտպանության կողմի, Քոչարյանի հակափաստարկներին. «Ներկայացվում է, որ պաշտպանության երկու փոխնախարարների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տեղեկություններ կային: Այն վարքագիծը, որ դրսեւորել են ՊՆ երկու փոխնախարարները, առնվազն հանցագործություն էր՝ իրենց նկարագրած պայմաններում, եթե ոչ հանցագործություն, ակնհայտորեն կարգապահական իրավախախտումներ: Եվ սրան պետք է հետեւեին գործողություններ՝ կամ նրանց գործողությունների փաստի առիթով քրգործ պետք է հարուցվեր, կա՛մ կարգապահական վարույթ: Չկա այդպիսի տվյալ, որ այդ գործողություններին իրավաչափ ու համապատասխան արձագանք է դրսեւորվել: Ընդհակառակը»:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմն ասել էր, որ այդքան ցուցմունքներից ինչի՞ են մենակ Արշակ Կարապետյանի ցուցմունքին կարեւորություն տալիս: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ակնհայտ իրավիճակ կա այստեղ՝ ապացույցների գնահատումը նախ քանակի հետ կապ չունի: Երկրորդ՝ հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները եւ նրանք ոչ թե հերքում են, այլ նշում են, որ չեն հիշում համապատասխան հրահանգի մասին Ռոբերտ Քոչարյանի: Այդ խորհրդակցությունից մի քանի ժամ անց եղած հրամանը ամբողջությամբ տալիս է այս հարցի պատասխանը: Հրամանը սկսում է հետեւյալ կերպ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ…Ու ասվում է՝ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց եւ թափանցիկ գնահատվելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի բանակի հետ այս նկարագրած իրավիճակը: Առավել եւս, որ այստեղ հրապարակվեց ցուցմունք, որտեղ ասվում է, որ խորհրդակցությունը նվիրված է եղել բանակի մարտունակությունը բարձրացնելուն: Էս նպատակը բանակի մարտունակության բարձրացման հետ որեւէ առնչություն ունի՞»:
Քոչարյանը տեղից ցածր ձայնով ասաց՝ «Ուղղակի»:
Արթուր Դավթյանն ասաց, որ զինված ուժերը բացարձակապես հեռու չեն պահվել քաղաքական իրադարձություններից. «Զորքերը հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող սահմանապահ, տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ կիզակետն էր քաղաքական իրադարձությունների: Ընդ որում, քրգործով ձեռք բերված բազում տվյալներով, մայրաքաղաքի շրջակայքում տեղակայված զորամիավորումները համապատասխան պատրաստվածություն են անցել, պարապմունքներ են անցկացվել եւ այդ պարապմունքները միտված են եղել հենց ցույցը ցրելուն: Այսինքն, զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելու գործողություններ իրականացնել»:
Գլխավոր դատախազի մյուս դիտարկումները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ասումա պիտի քրեական գործ հարուցվեր։ Է հարուցվելա սահմանադրական կարգը տապալելու մասին հետագայում 7 -ի գործը։
Բա որ պատրաստել են ցույց ցրելու ինչի տենցել չմասնակցեցին ցրմանը։
Ցույցը ցրում էին ոստիկանությունը ու ներքին զորքերը։
Բանակը կրակելա օդ, մի երկու հատել ոչ օդ, երբ խաղաղ ցուցարաները մոլոտովի կոկտեյլներով հարձակվեցին ճեղքեցին ներքին զորքերի շղթան ու գրավեցին Պռոշյան փողոցը, Պռոսպեկտը ինչպես ասում էր Պռոշյանը Շուշիի իրենել Կոմանդոսի տեղ դրած ոմն մեկը։
Որոշ բնոյթի ներքին խնդիրների պարագային, Պետութեան գործադիր իշխանութիւնը իրաւունքն ու իրաւասութիւնը ունի բանակային ուժեր ի գործ դնելու, զսպելու համար կացութիւնը, վերացնելու համար վտանգները, հաստատելու համար կարգն ու կանոնը:
Այդպէս է ոչ միայն Հայաստանի պարագային, այլ աշխարհի բազմաթիւ այլ երկիրներում եւս, ներառեալ բազմաթիւ արեւմտեան երկիրներ, որոնց կարգին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Մեծն Բրիտանիա, Իտալիա, Ավստրալիա, եւայլն.
Գանատայում, 1976ին, օրուայ վարչապետը հսկայական բանակ զօրաշարժի մղեց Քեպէք Նահանգի քաղաքների փողոցներուն մէջ՝ նուազագոյնը 8000 (ութը հազար) զինուորներ, տասնեակներով զրահապատ հրասայլներ, մինչեւ իսկ ռազմական օդանաւնե՛ր…
ամբողջական, մասնագիտական լուսաբանութիւնը, այստեղ ՝
https://haytougchamlian.blog/բանակի-իրաւացի-օգտագործում՝-սահմանա/