Ռուսաստանի Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Գոլոս» շոուի 6-րդ եթերաշրջանի արդյունքները՝ խոստովանելով, որ քվեարկությունը կրել է «արտաքին ազդեցություն»: Այժմ հաղթողին պարզելու համար հեռուստաալիքը կանցկացնի հատուկ շոու:
Մանկական «Գոլոսի» հերթական եթերաշրջանի հաղթող էր դարձել երգչուհի Ալսուի և բանկիր Յան Աբրամովի դուստրը՝ Միկելլա Աբրամովան: Տասնամյա Աբրամովան ստացել էր հեռուստադիտողների ձայների 56.5%-ը, իսկ եզրափակիչ անցած մյուս մասնակիցները՝ Մաքսիմ Երժանը և Վալերիա Կուզակովան՝ համապատասխանաբար 27.9% և 15.6% :
Սակայն Group-IB ընկերության անցկացրած ստուգումը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ձայների լցոնում, որն ազդել է քվեարկության արդյունքների վրա:
««Գոլոս.երեխաների» 6-րդ եթերաշրջանում տեղի ունեցածը պետք է լինի առաջին ու վերջին դեպքը, երբ ինչ-որ մեկը փորձել է կառավարել հեռուստադիտողների ընտրությունը»,- ասվում է Առաջին ալիքի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը ավելի վաղ խոստովանել էր, որ «նկատվել են հախուռն քվեարկության նշաններ»՝ հօգուտ մասնակիցներից մեկի: Առաջին ալիքը և Group-IB-ն ստուգման առաջին փաստագրված արդյունքները ներկայացրել էին Talpa Media ընկերությանը (Նիդերլանդներ), որին պատկանում է «Գոլոս» շոուի իրավունքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ