Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության ապագան

Մայիս 16,2019 22:22

2004 թվականին` Եվրամիության ընդլայնման գործընթացից հետո, ԵՄ արևելյան սահմանին գտնվող երկրներն առավել մերձեցան Եվրամիությանը: Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ` ԵՄ այլ անդամ-պետությունների հետ համատեղ, հատուկ գործընկերություն հիմնվեց հետևյալ 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Նախաձեռնությունը մեկնարկել է 2009 թ-ի մայիսին` Պրահայում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ, և ստացել «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) անվանումը: Մեկնարկից տասը տարի անց մենք գիտակցում ենք, որ այն դեռևս կատարյալ չէ, քանի որ այն քաղաքական հավակնությունների, ռազմավարական ներուժի և աշխարհաքաղաքական փոխզիջումների որոշակի սինթեզ է: Այնուամենայնիվ, առ այսօր գոյություն չունի այլ քաղաքական նախագիծ, որն առավել ցայտուն կարտահայտեր մեր արևելյան հարևանների հետ հարաբերություններն ու կապերը:

Տասը տարի անց Արևելյան գործընկերությունը փոփոխվող աշխարհին և տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողություններին համաքայլ լինելու նպատակով վերաիմաստավորման կարիք ունի:  ԱլԳ ապագայի նկատմամբ նոր մոտեցում է անհրաժեշտ երեք որոշակի բնագավառներում` իրավական հարթության մոտարկում, ինստիտուցիոնալացում և ոլորտային համագործակցություն:

Իրավական համակարգերի մոտարկում

Իրավական համակարգերի մոտարկման գործընթացն իրականացվում է Ասոցացման համաձայնագրերի, Գործընկերության և  համագործակցության համաձայնագրերի, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի հիման վրա: Վերոհիշյալ պայմանագրային հարաբերությունների դրույթները կյանքի կոչելով` ԱլԳ երկրներն իրենց ազգային օրենսդրություններում փոխառում են ԵՄ acquis communautaire-ի մեծ մասը: Քաղաքական բարեփոխումները պետք է ամրապնդեն պետական ​​ինստիտուտները, վերականգնեն մարդկանց վստահությունն, ինչպես նաև ուժեղացնեն ներքին և արտաքին ճնշումներին դիմակայելու կարողությունը: Դրանք պետք է նաև ուղղված լինեն կոռուպցիայի զգալի անկմանը և օրենքի գերակայության հաստատմանը տարածաշրջանում: Մեր միասնական շահերից է բխում Եվրամիության անմիջական հարևանությամբ ստեղծել անվտանգության, կայունության և բարգավաճման գոտի:

Կան կարծիքներ, որ Ասոցացման համաձայնագրերի որոշ նպատակներ պակաս հավակնոտ էին, իսկ մյուսները` ընդհակառակը: Ուստի, մենք պետք է պատրաստ լինենք վերանայելու և փոփոխելու այդ նպատակներն, ինչպես վերջերս դա արվեց ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի էներգետիկայի ոլորտն ընդգրկող հավելվածի դեպքում: Անհրաժեշտ է այս համաձայնությունները հնարավորինս համապատասխանեցնել արդի ժամանակներին և մարտահրավերներին, ինչպես նաև հարկ է զարգացնել ոլորտային համագործակցությունը:  Կարող ենք դրանք նույնիսկ անվանել «Ասոցացման համաձայնագրեր պլյուս»` մատնանշելու իրենց արդիականացմանն ուղղված քաղաքական գործընթացը:

Ինստիտուցիոնալ շրջանակ

Երկրորդ ոլորտը, որին մենք պետք է անդրադառնանք, Արևելյան գործընկերության ինստիտուցիոնալացումն է: Այդ նպատակով մենք կարող ենք ստեղծել քարտուղարություն, որը կղեկավարի արդեն իսկ գոյություն ունեցող ԱլԳ հարթակներն ու պանելների համակարգը: Այն կարող է նաև ծառայել որպես գործիք միասնական դիրքորոշումների կառուցման, գաղափարների արտահայտման և որպես տարածաշրջանային խումբ ավելի սերտ համագործակցության համար: Այն կարող է ունենալ թեթև բանաձև, տեղակայված  լինի Բրյուսելում և իր կազմում ընդգրկի ԱլԳ երկրներից ուղարկված դիվանագետների:

ԱլԳ երկրների ռոտացիոն նախագահության հարցը նույնպես կարող է ընդգրկվել օրակարգում: Դա  հնարավորություն կընձեռի ավելի ամուր համագործակցության հարթակ ձևավորելու Եվրամիության նախագահությունների եռյակի և ԵՄ հաստատությունների հետ` քաղաքական օրակարգի պլանավորման և  իրականացման համատեքստում: Նախագահող պետությունը կարող է նաև հյուրընկալել ամենամյա բարձր մակարդակով հանդիպում` քննարկելու ԵՄ-ի հետ տարածաշրջանի հետագա ինտեգրման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող թեմաները: Այն կծառայի որպես միջոց գործընկեր երկրների վարչակազմի եվրոպականացման, եվրոպական ձգտումների ներկայացման, ինչպես նաև տարածաշրջանում ԵՄ և ԱլԳ տեսանելիության խթանման համար: Ըստ էության, երկուսն էլ` քարտուղարությունը և ԱլԳ նախագահությունը, հնարավորություն կընձեռեն տնօրինելու տարածաշրջանի երկրներին ամբողջ գործընթացը:

Ոլորտային համագործակցություն

Երրորդ բնագավառը վերաբերում է ոլորտային համագործակցության ընդլայնմանը: ԵՄ գործակալությունների, ծրագրերի և գործիքների հավաքակազմը հասանելի հարևան պետությունների համար բազմազան է` սկսած մաքսային համագործակցությունից, տրանսպորտային քաղաքականությունից, վերջացրած էներգետիկ կամ թվային միությանն ընդգրկվելու հնարավորությունները:

Մենք ունենք շատ ընդհանուր շահեր, որոնցից է օրինակ` միգրացիոն հոսքերի և ճնշումների միասնական ուժերով հաղթահարումը: ԱլԳ երկրներից երեքը (Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) արդեն իսկ օգտվում են մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմներից, որոնք խթանում են մարդկային շփումները, ինչպես նաև ամրապնդում սահմանային և ապաստանի հարցերով իրավասու մարմինների միջև համագործակցությունը:   Ավելի շատ գործընկերներ պետք է հետևեն այս ուղուն:

Ոլորտային համագործակցության ևս մեկ կարևոր տարր է կապը: Նոր  տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը /Indicative TEN-T Investment Action Plan/ նախատեսում է գրեթե €13 մլրդ արժողությամբ ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորում, որը, Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն, հավասարազոր է 4800կմ ճանապարհներ և երկաթուղիներ, 6 նավահանգիստներ և 11 լոգիստիկ (կազմակերպչական)  կենտրոններ ստեղծելուն: Մեր գործընկերների շրջանում ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրի ստորագրումը կլինի առաջին քայլը դեպի ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև միասնական  ռոումինգի տարածության ստեղծումը, որը մեզ է՛լ ավելի կմերձեցնի:  Ոլորտային համագործակցության հնարավոր մյուս բնագավառներն են էներգետիկ անվտանգությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, սահմանների կառավարումը, ավիացիայի անվտանգությունը և այլն:

Ավելին, ԱլԳ նախարարները կարող են հրավիրվել ԵՄ ոլորտային խորհուրդների ոչ պաշտոնական հանդիպումներին: Մենք այս փորձը կիրառել ենք EFTA-ի /Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա/ երկրների հետ, որոնք կարող են մասնակցել  Գիմնիչի /Gymnich/ կամ Առևտրային խորհուրդների նիստերին:

Ավելի հավակնոտ կլինի ԱլԳ երկրների համար տարածաշրջանային տնտեսական տարածքի ստեղծումը` հետևելով ԵՄ-ին անդամակցելուց առաջ V4 երկրների կողմից հիմնված CEFTA-ի /Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագիր/ օրինակին: Համաձայնագիրը մինչ օրս հաջողությամբ գործում է Արևմտյան Բալկաններում (Մոլդովան համաձայնագրի անդամ է արդեն  իսկ 2007 թվականից ի վեր): Այն, անշուշտ, թույլ կտա ԱլԳ երկրներին ինտեգրվել միմյանց, ապա հետագայում նաև ԵՄ երկրների հետ` ֆինանսական ծառայությունների կամ որակյալ մասնագետների շարժման ազատականացման շնորհիվ:

Արևելյան գործընկերության անդամները միմյանցից տարբեր են: Նրանք նաև ունեն տարբեր ձգտումներ և հավակնություններ Եվրամիության հետ համագործակցության մակարդակի ապահովման առումով: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը տակավին ներկայացնում է մի մոտեցում, որից  բոլոր անդամ երկրները կարող են օգտվել: Այն հիմնադրելուց տասը տարի անց Արևելյան գործընկերությունը դեռ ունի ներուժ առավել մերձեցնելու մեր հարևաններին Եվրամիությանը: Մենք միասին պետք է քննարկենք և անդրադառնանք հավակնոտ քաղաքական օրակարգին ու դիսկուրսին, որոնք էլ Արևելյան գործընկերությունը գրավիչ կդարձնեն երկրների, բայց առաջին հերթին, մարդկանց համար:

***

Պրոֆեսոր Յացեկ Չապուտովիչ

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Այս նյութն առաջին անգամ տպագրվել է EurActiv կայքէջում անգլերեն լեզվով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031