Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է նկարագրում Մարտի 1-ի իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում. «Ես հնարավորություն ունեի մեկնելու, բայց չեմ մեկնել»

Մայիս 16,2019 19:30

«Սկզբից մարդուն խայտառակում են, հետո փորձում են հասկանալ՝ էդ մարդը ինչ է արել, ինչ չի արել»,- Մարտի 1-ի գործով նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար ելույթ ունեցավ:

Նա ասաց, որ «ես հնարավորություն ունեի մեկնելու, բայց չեմ մեկնել: Իրենք միանգամից մտածում էին, որ ես գնամ, միանգամից աղմուկ բարձրացնեին, որ Քոչարյանը փախել է»:

Նա ասաց, որ ինքը 4 ամիս ազատության մեջ էր, չի խոչընդոտել, հնարավորություն է ունեցել տոմս առնելու, գնալու, չի արել, մի՞թե չեն հասկանում, թե ումից պիտի փախչեր:

Քոչարյանն ասաց, որ իր համար հասկանալի չի, թե ինչի պիտի փաստահավաք խմբի եզրակացությունը,իրենց հարցաքննությունը լիներ գործի մեջ, իսկ այն հանձնաժողովը, որը հատուկ ստեղծված էր՝ չէ. «Սա ինչի՞ց է գալիս, կողմնակալ վերաբերմունքից: Ընտրովի՝ սելեկտիվ է»:

Քոչարյանը նախ սկսեց Մարտի 1-ի իրադարձությունները նկարագրել՝ իր դիտանկյունից. «Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որը կայացել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 2-ը, ըստ էության: Ընտրություններից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված նախագահ է: Դրա մասին խոսվեց՝ իր իրավունքն է: Բայց ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվել է շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու մտադրություն եւ արդեն ամսի 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի եւ վաղը հայտարարելու է շատ կարեւոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ եւ իրենք հայտարարել են, որ միանում են ժողովրդին, ժողովուրդ՝ նկատի ուներ հենց իրենց:

Ես այդ ժամանակ Մոսկվայում էի եւ անմիջապես ամեն օր ինձ զանգում էր անվտանգության ծառայության պետը: Չափազանց մեծ մտահոգություն էր, որ երկրապահում շուրջօրյա քննարկումներ են ընթանում՝ ԵԿՄ-ի ընդդիմությանը միանալու մասին: Ընդհատեցի իմ այցը Մոսկվա եւ վերադարձա Երեւան փետրվարի 22-ի ուշ երեկոյան: Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե անվտանգության խորհրդի անդամներն ինձ զեկուցեցին: Զեկուցելուց հետո հենց հաջորդ օրը ես ցանկություն հայտնեցի հանդիպել բացառապես հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում: Եվ ասեմ, որ սա առաջին հանդիպումն էր նախագահի նստավայրում: Նախագահական նստավայրում միայն տոնական օրերին պարգեւատրումներն էր եւ այլն:

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որպես նախագահ ես Սահմանադրության երաշխավորն եմ եւ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը եւ նախագահը: Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա եւ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որը կկործանի ՀՀ-ն: Հանդիպումը տեւել է 20 րոպե՝ ոչ ավել: Չի եղել քննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի: Ես ուղղակի իմ դիտողությունն եմ արտահայտել եւ թողել գնացել եմ:

2 հարցի վրա եմ ուշադրություն դարձրել. առաջինը, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ է: Մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում մինչեւ ընտրություններն արդեն ասում էին, որ մենք արդեն հաղթել ենք եւ եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծված են: Սա ՀՀ-ում ընդունված տարբերակ է: Յուրաքանչյուր քաղաքական ղեկավար մինչեւ ընտրությունները դա ասում է: Ճանաչելով անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել: Հիմա ներքաղաքական ճգնաժամ է հասունանում, եւ մենք պետք է սահմաններում չափազանց ուշադիր լինենք, քանի որ հակառակորդը կարող է ուղղակի օգտվել այս հանգամանքից:

Ես ինքս, ԼՂ-ում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում 1993 թվականին: Այդ ընթացքում մենք ազատագրել ենք 3 շրջան: Այդ ամեն ինչը հիշողությանս մեջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարել:

Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակն առաջին հերթին եղել է հենց այդ նպատակների համար, երբ որ այդ հրամանով հաստատվեց զորանոցային վիճակը:

Երկրորդը դա ԵԿՄ-ի իրադարձություններն են: Շատ հստակ էր դրվել հարցը՝ կամ քաղաքական գործիչ եք դուք կամ՝ զինվորական: Այս 2 հարցը իրար հետ փոխկապակցված էր, քանի որ, եթե այստեղ բանակի այդ պառակտումը տեղի ունեցավ, ապա անպայման հակառակորդը կօգտվի այդ ընձեռնված հնարավորությունից: Այս երկու վտանգը միասնության մեջ պետք է դիտել: Չանել այդ հանդիպումը ուղղակի հնարավոր չէր, նշանակում է ամբողջ պատասխանատվությունը դու պետք է կրեիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031