Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը ֆուտբոլ է խաղում, խոսում է իտալերեն ու Աճեմօղլու է կարդում

Մայիս 16,2019 23:00

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» շարքի հերթական հյուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն է:

Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցը շատ անմիջական էր: Մանկության մասին խոսելիս ժպտալով պատմեց, որ ակտիվ երեխա է եղել, շատ է սիրել վազել, բարձրություններ բարձրանալ, ցատկել. «3 անգամ ուղեղի ցնցում եմ ստացել: Ամեն անգամ ուշքի էի գալիս, հենց աչքերս բացում էի, տեսնում էի՝ գլուխս կապած է, հետո իմանում էի, որ ուղեղի ցնցում եմ ստացել»: Ասում է` իրենց ընտանիքում շեշտադրված են եղել ուսումը, կրթությունը եւ առողջությունը. «Մեր ընտանիքում եղել է  ավանդույթ, որ շատ լավ պետք է սովորես, բացարձակ գերազանց: Հիշում  եմ, որ երբեմն մեծ ամոթով էի գալիս տուն, երբ 5-ից բացի, այլ գնահատական էի ստացած լինում»:

15 տարեկանում եմ ընդունվել բուհ, դպրոցում էլ մի դասարան «թռել» եմ

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը բուհ է ընդունվել 15 տարեկանում, որովհետեւ մեկ տարի շուտ է դպրոց գնացել, մի դասարան էլ «թռել» է` 4-րդից միանգամից 6-րդ դասարան է տեղափոխվել:

«Որպես ուսանող` մի փոքր առանձնահատուկ կարգավիճակում էի, որովհետեւ փոքր էի իմ կուրսեցիներից 2 տարով: Ինձ համար մեծ մարտահրավեր էր, թե որքանով կկարողանամ համապատասխանել ուսանողի մակարդակին: Այդ մտավախությունն ավելի սուր էր 6-րդ դասարանում, որովհետեւ 4-ից 6-րդ դասարան գնալու ժամանակ, որոշ առարկաներ չէի անցել եւ ամռան ընթացքում պետք է այդ բացը լրացնեի: Փառք Աստծո, ստացվեց, եւ 6-րդ դասարանն էլ գերազանց ավարտեցի: Մարդուն բնորոշ հատկանիշ է` ինչքան շատ են մարտահրավերները,  այնքան ուժերի գերլարումով ես աշխատում: Ես անում էի ամեն ինչ, որ արդարացնեի բոլոր սպասելիքները, քանի որ թերահավատներ շատ կային, ոմանք ծնողներիս ասում էին` իզուր եք տանջում: Ես միշտ մտածում եմ, որ եթե չկարողանամ գործը շատ լավ անել, ավելի լավ է հեռանամ, հիմա նույնը վերաբերում է նաեւ իմ այս պաշտոնին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

«Եթե պետք է «յոլա գնալու» քաղաքականությունը շարունակվի, կհեռանամ»

Հարցին` ինչը կարող  է իրեն կոմպլեքսավորել այս պաշտոնում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է. «Ի սկզբանե, երբ ԿԳ նախարարից եղավ այս պաշտոնը ստանձնելու առաջարկ, ժամանակ խնդրեցի մի փոքր մտածել, թե որքանով եմ համապատասխանում, որքանով եմ կարողանալու ինձ զգալ իմ «ափսեի մեջ»:

Ըստ էության, այդ ժամանակը, որ խնդրել էի նախարարից, հատկացրի բուհի զարգացման ռազմավարական ուղղությունները եւս մեկ անգամ վերանայելուն: Եվ երբ գործողությունների ծրագիրն արդեն  ունեի, դրական պատասխան տվեցի: Այս պահին բոլոր օբյեկտիվ խոչընդոտներով հանդերձ՝ նախատեսված գործողությունները նորմալ տրամաբանությամբ ընթանում են, եւ ես հույս ունեմ, որ եթե չլինեն չնախատեսված  հանգամանքներ, որոնք կարող են գործի ձախողման պատճառ դառնալ, մի քանի տարի հետո մենք կունենանք էապես տարբերվող համալսարան»:

Ռեկտորի պաշտոնակատարը շեշտում է. «Որ պահին զգացի, որ չեմ կարողանում, հավատացած եղեք, միանգամից դիմելու եմ նախարարություն՝ հրաժարվելու համար: Եթե պետք է համալսարանում նույն մակարդակը պահեմ, «յոլա գնալու» քաղաքականությունը շարունակվի, ուրեմն պետք է հեռանամ»:

Aravot.am-ի հարցին, իրեն անհարմարավետություն կպատճառի՞, եթե տնտեսագիտական ռեկտորի մրցույթին լինեն շատ թեկնածուներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ միայն ուրախ կլինեմ, եթե լինեն այլ թեկնածուներ եւս եւ նրանցից ընտրվի արժանին: Եթե հայտնվի այդպիսի թեկնածու, միգուցե ես ինքս իմ կամքով հրաժարվեմ, ասեմ` այս մարդն այս գործն ավելի լավ կկատարի: Նոր Հայաստանում իմ վերաբերմունքն այդպիսին է, պաշտոնը իրական ծառայություն  է միսիոներների համար, դու պետք է նվիրվես այդ գործին՝ առանց կոռուպցիոն ակնկալիքների»:

«Ես էգոիստ մարդ եմ, սիրում եմ այն մարդկանց, որոնք ինձ սիրում են»

Հարցրինք`իրեն հաջողակ համարո՞ւմ է  դասախոսական աշխատանքում, ըստ իրեն՝ ինչի համար եք սիրված ուսանողների կողմից:

«Շատ ուրախ եմ, որ սիրված եմ ուսանողների կողմից, դասախոսական աշխատանքն այն է, որ ամենաշատն է իմ խառնվածքին, էությանը, իմ ցանկություններին եւ մոտիվացիային համապատասխանում, քան ռեկտորի պաշտոնը, որովհետեւ դասախոսական աշխատանքի ընթացքում մենք ուսանողների հետ կարողանում ենք նոր գիտելիք ստեղծել, որը բացառիկ է եւ չի կրկնվում այլ լսարանում եւ ժամանակի որեւէ այլ  պահին:

Ես ուսանողներին էլ ասում եմ, որ 21-րդ դարում, երբ ինֆորմացիոն հոսքն այդքան մեծ է, ու ցանկացած տեղից, նույնիսկ յութուբի մակարդակով կարող եք բացել ու ինձանից շատ ավելի լավ դասախոսների դասախոսություններ լսել, եթե լավ անգլերեն գիտեք: Օրինակ, MIT-ն իրենց դասախոսությունները տեղադրում է ինտերնետում եւ մարդիկ կարող են լսել, ու այդ դեպքում համալսարանական դասախոսական աշխատանքի իմաստը մի փոքր կորում է: Դրա համար պետք է վերաիմաստավորենք այդ աշխատանքը: Այո, ես սիրում եմ ուսանողներին, էմոցիոնալ կապվածություն  կա նրանց հետ… Ես էգոիստ մարդ եմ, սիրում եմ այն մարդկանց, որոնք ինձ սիրում են (ծիծաղում է-Գ.Հ.): Ինձ թվում է, որ դասախոսական աշխատանքը հենց այն է, ինչ ես անելու եմ ամբողջ կյանքում»,-նշում է ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ռուբեն Հայրապետյանը` իր կարծիքով կրթության համակարգի դեգրադացման ու կադրային խնդիրների մասին

ՀՀ Բարձրագույն կրթության համակարգի առավելություններին եւ «բացերին» էլ մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ:

«Բացերը» շատ-շատ են, դրա համար առավելություններից  կխոսեմ: Իրականում մի ակնհայտ առավելություն ունենք մեր բարձրագույն  կրթության համակարգում: Դա մեր տաղանդավոր ուսանողությունն է…Անթույլատրելի է, որ նրանց ինչ-ինչ պատճառներով չենք տալիս այն մակարդակի գիտելիք, հմտություն եւ կարողություն, որն ինքը պատրաստ է ընկալելու եւ  հետագայում վերարտադրելու` տնտեսության մեջ նպաստ ունենալու առումով: Չենք կարողանում, որովհետեւ ունենք շատ խնդիրներ`  կոմպետենցիաների, դասախոսական, վարչական կազմի եւ այլնի հետ կապված: Հիմա ժամանակակից հայ ուսանողները շատ բարձր մակարդակի պահանջարկ ունեն: Պետք է այս անգնահատելի ռեսուրսը օգտագործել, ինչը տնտեսության համար մեծ արդյունք է ապահովելու:

Բացթողումները հիմնականում կապված են նախորդ կրթական համակարգի երկար տարիների դեգրադացիայի հետ, որի արդյունքում տոտալ կադրային խնդիրներ ունենք բոլոր բնագավառներում, այդ թվում` բարձրագույն կրթության համակարգում եւ մասնավորապես տնտեսագիտական համալսարանում: Այժմ մենք ցանկություն ունենք դառնալ գերազանցության կենտրոն, դրա համար փորձելու ենք տնտեսագիտության ոլորտի լավագույն  մասնագետներին ներգրավել մեր բուհում»,-հայտնեց Ռուբեն Հայրապետյանը:

Ֆրանսիական գրականություն, իտալական օպերաներ եւ մի քիչ ֆուտբոլ

Պարզեցինք նաեւ, թե որոնք են նրա սեղանի գրքերը: «Վերջին շրջանում ավելի շատ մասնագիտական ուղղվածության գրականություն եմ կարդում, ինչպես օրինակ՝ Ռիչարդ Դավթի մենեջմենթի գրքերը, Մայքլ Պորտերի: Ես հենց վերջերս ընթերցում էի Աճեմօղլուի աշխատությունները: Ցավոք սրտի, վերջին շրջանում քիչ ժամանակ է մնում գեղարվեստական գրականության համար: Եթե ժամանակ լիներ, ամենայն հավանականության ֆրանսիական գրականության դասականներին կվերընթերցեի, որոնց վաղ տարիքում եմ կարդացել:

Ես շատ քիչ եմ դիտում ֆիլմեր, կինոման չեմ, բայց վերջերս մեծ հաճույքով կրկին «Միմինոն» նայեցի: Սիրում եմ բոլոր ոճերից լավ երաժշտություն, ավելի շատ դասական ու դասականի եւ ժամանակակից երաժշտության  միքսը, հատկապես  այն, ինչը սկսեց Պավարոտին: Նա դասական երաժշտությունն ավելի հանրային դարձրեց` հանդես գալով տարբեր  փոփ երգիչների հետ: Հիմա էլ նույնը Բոչելին է  անում, սիրում եմ օպերա, Ռոսինի, Պուչինի, Վերդի, իտալերենով եմ հետաքրքրվում»,- մանրամասնում է Ռուբեն Հայրապետյանը:

Նա հավելեց, որ խոսում է իտալերեն, ազատորեն շփվում է այդ լեզվով, ցանկանում է իտալերենի իմացությունը խորացնել մասնագիտական մակարդակով, ինքնուս է ուսումնասիրել: Ասում է`  տեղեկատվական դարաշրջանը շատ հնարավորություններ է ընձեռում`  լեզուներ սովորելու, սպորտով զբաղվելու համար անգամ քո տանը. «Ես ամեն օր պարտադիր վարժություններ եմ անում, հաճախում եմ լողավազան եւ շաբաթական մեկ անգամ գոնե ֆուտբոլ եմ խաղում, իսկ սիրած թիմը 96թ.-ից սկսած Թուրինի «Յուվենտուսն» է»:

Ռեկտորի պաշտոնակատարը սիրում է ճամփորդել, նախընտրում է Իտալիան, ամենասիրելի քաղաքը Ֆլորենցիան է: «Այնտեղ տպավորություն է, որ հոգին սկսում է երգել` տեսնելով այդ գեղեցկությունը եւ հսկայական մշակութային ժառանգությունը: Օրինակ, Հարավային Կորեայում  էլ եմ եղել, այնտեղ ամեն ինչ ավտոմատացված է, սմարթ տեխնոլոգիաներով կառավարվող, ինչն ինձ վրա բացասական ազդեցություն է ունեցել»:

Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ կարող է ոգեւորվել իր եւ թիմի աշխատանքի շոշափելի արդյունքից, հիասթափվել` անարդարությունից, կեղծավորությունից: Միեւնույն ժամանակ հավելում է, որ շատ աշխատանք է տանում հույզերը կառավարելու առումով, ցանկացած տհաճ բան ընկալում է զուտ որպես մարդկային արատ, փորձում է այնպես անել, որ իր ձեւակերպմամբ, ապակառուցողական զգացողություններն ավելի քիչ ազդեն իր վրա: Ասում է, որ հավատում է Աստծուն եւ հաճախ է աղոթում:

Քանի որ Ռուբեն Հայրապետյանը գիտությունների դոկտոր է, հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում բուհերում կարգի փոփոխություններին, որոնք միտված են նվազեցնելու ռեկտորի թեկնածուի գիտական եւ աստիճանային ցենզը:

«Համոզված եմ, որ համալսարան ղեկավարելու համար գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի կոչում բացարձակապես անհրաժեշտ չէ: Ես ինքս նախաձեռնել եմ կանոնադրության մեջ փոփոխություններ, նաեւ կազմակերպաիրավական ձեւի փոփոխության անհրաժեշտություն եմ տեսնում, ՊՈԱԿ-ից դեպի հիմնադրամ, որովհետեւ ՊՈԱԿ-ը շատ է սահմանափակում բուհի գործունեությունը: Ռեկտորն ուղղակի պետք է լինի լավ կառավարիչ, մարդ, որն առնչություն ունի ոլորտի հետ, գիտությունների թեկնածու աստիճանը եւ դոցենտի կոչումը ամբողջովին բավարար են՝ ամրագրելու համար, որ եթե մարդն այս ոլորտից է, ունի կառավարչական հատկություններ, ուրեմն կարող է մասնակցել մրցույթին: Ես շատ կուզենամ, որ մրցույթին մասնակցեն ոչ միայն այն մարդիկ, որոնք դոկտոր, պրոֆեսորներ են, այլեւ բոլոր նրանք, որոնք թեկնածու եւ դոցենտ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Ռուբեն Հայրապետյանի արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031