Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանդարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում

Մայիս 16,2019 19:00

Երեւանի Սուրեն Սպանդարյանի թիվ 24 հիմնական դպրոցում բունտ է հասունանում: Քաղաքապետարանից դպրոցի մանկավարժներին ու ծնողներին օրեր առաջ տեղեկացրել են, որ սեպտեմբերի մեկից Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի մոտ 500 աշակերտ մոտ երկու տարով տեղափոխվելու է Սպանդարյանի դպրոցում ուսանելու: Այս որոշման պատճառը Կոջոյանի անվան դպրոցի վթարային լինելն է, այս դպրոցում վերանորոգման աշխատանքներ են սկսվելու, իսկ Սպանդարյանի անվան դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար:

«Կոջոյանի անվան դպրոցի աշակերտներին տեղափոխելու են մեր դպրոցի տարրական դասարանների մասնաշենք, իսկ տարրական դասարանների աշակերտները պետք է տեղափոխվեն մեծերի մասնաշենք: Մեր դպրոցը դառնում է եռահերթ, այսինքն, աշակերտները կսովորեն երեք հերթով: Մեր դպրոցում սովորում է 530 աշակերտ, իսկ ըստ լիցենզիայի՝ այն  600 աշակերտի համար է նախատեսված»,- Aravot.am-ին ահազանգեցին Սպանդարյանի անվան դպրոցի մանկավարժները:

Նախօրեին քաղաքապետարանի աշխատակցի հետ հանդիպման ժամանակ Սպանդարյանի անվան դպրոցի մանկավարժները երկու դպրոցի ժամանակավոր մեկ հարկի տակ գործելու խնդրի վերաբերյալ հարցեր են բարձրացրել, մասնավորապես՝ ինչպես է դպրոցը գործելու եռահերթ, հաշվի առնվել է արդյոք թե աշխատող ծնողն ինչ է անելու տարբեր հերթերում սովորող իր երեխաներին կամ հաշվի առնվել է արդյոք, որ այդ որոշման արդյունքում տուժելու է ուսումը, ինչպես է հնարավոր, որ առաջին դասարանցին օգտվի իններորդ դասարանցու հետ նույն զուգարանից, եթե մեծերի մասնաշենքում ընդամենը երկու զուգարան կա: Մանկավարժները այդ հանդիպման ժամանակ մտահոգություն են նաեւ հայտնել, որ քաղաքապետարանի որոշման արդյունքում Սպանդարյանի անվան դպրոցի աշակերտների թիվը կնվազի եռահերթ լինելու պատճառով, քաղաքապետարանի աշխատակիցն էլ ի պատասխան ասել է, թե դա իրենք նկատի ունեցել են:

Ուսուցիչները նաեւ դժգոհում են, որ ստիպված են լինելու եռահերթ աշխատել նույն աշխատավարձով, ժամերը կավելանան, աշխատավարձը՝ ոչ:

«Եթե ուսուցիչը երեք ժամ առաջին հերթից դասաժամ ունի, երկու ժամ երրորդ հերթից, ով է վճարելու դրա համար, օրինակ ես աշխատում եմ առավոտյան 8-15-ից մինչեւ 2:15 ու վճարվում եմ այդ ժամանակահատվածի համար»,- դժգոհեցին ուսուցիչները:

Սպանդարյանի անվան դպրոցի տնօրինությանը նաեւ հայտնել են, որ Կոջոյանի անվան դպրոցից գալու են ոչ միայն աշխատակազմով ու աշակերտներով, այլեւ գույքով, այնպես որ Սպանդարյանի անվան դպրոցը պետք է իր գույքը հանի նրանց տրամադրվող մասնաշենքից, իսկ Սպանդարյանի անվան դպրոցի մանկավարժները մտահոգվել են՝ ուր տանեն իրենց դպրոցի  գույքը, իրենց աշխատավարձով գնված գրատախտակները եւ այլն: Aravot.am-ը ԿԳՆ-ից տեղեկացավ, որ Կոջոյանի անվան դպրոցի վերանորոգման ժամկետը դեռ հստակեցված չէ, իսկ տեղափոխման հարցը դեռ հայտնի չէ: Երեւանի քաղաքապետարանից խոստացան խնդրի վերաբերյալ պարզաբանում տալ ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031