ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն լուրերը, թե իր տեղակալը զենք է դրել իր սեղանին եւ ասել՝ տե՛ս, ինչպես է աշխատում անվտանգության համակարգը. «Սուտ է այն տեղեկատվությունը, որ իմ տեղակալը զենք է անցկացրել շենք: Դրանք ընդամենը քննարկումներ են»:
Գալստյանն ասաց, որ Ազգային ժողովի անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով: Նրա ներկայացմամբ՝ այդ սարքերը հին են, պարբերաբար խափանվում են. «Արտադրությունից դուրս եկած են անգամ այդ ռենտգեն սարքերի պահեստամասերը»: Ռենտգենային զննող 4 սարքավորումը կարժենա 85 միլիոն դրամ:
Դիտարկումը, որ ըստ լուրերի, այդ սարքերից մեկը տեղակայված է լինելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակի մուտքի մոտ, Գալստյանը հերքեց, նշելով՝ «ԱԺ նախագահի մուտքի մոտ տեղադրվելու է միայն կամարը, ռենտգեն սարքը այլ տարածքի համար է նախատեսված»:
Գալստյանն անդրադարձավ նաեւ Արարատ Միրզոյանի գործողումներին, որոնք ըստ տարբեր կարծիքների, բավականին շատ են. «Հրավերները բավական շատ են, դրանցից ընտրվում է այն մասը, որն անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության, պետության համար: Գործողումների քանակն այս տարի ավելացել է՝ ի տարբերություն նախորդ տարվա»:
Արդյոք չեն նախատեսում գործուղումների հաշվին տնտեսումներ անել, հարցին ի պատասխան Գալստյանն ասաց, որ չի ուզում քաղաքական որոշումներին գնահատական տալ, բայց խնայողություններ անում են բազմաթիվ ուղղություններով:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ