ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ
Սիրելի՛ համալսարանականներ,
Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։
Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։
Կարդացեք նաև
Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը՝ վերադարձնելով համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը և վերահաստատելով համալսարանական լինելու բարձր կոչումը։
Հոբելյանական տարին նշանավորվելու է բազմաբնույթ տոնական միջոցառումներով, որոնք կանցկացվեն Կառավարության հովանու ներքո։
Շնորհավորում եմ գործընկերներիս՝ Երևանի պետական համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության ընթացքում։
Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև բոլոր ուսանողներին և երիտասարդներին, քանի որ տարիներ առաջ այս օրը սկսեց նշվել նաև որպես Ուսանողների և երիտասարդների օր։
Լավագույն ցանկություններով`
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ