Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու խնդիր չենք դրել»․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու փողոցաշինության մասին

Մայիս 16,2019 17:53

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին Գյումրու փողոցաշինությունից՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մեջբերել էր իր կարծիքն առ այն, որ հասունացել է քրեական գործ հարուցելու պահը։

Շիրակի մարզպետն ասաց․ «Նախ մենք քննարկում ենք ունեցել․ Հայաստանի Հանրապետության մարզպետները, իրավապահ մարմինները և վարչապետը։ Մինչ այդ, տարբեր մարզպետների կողմից մեկ ամսվա ընթացքում որոշակի մոտեցումներ, հանրությունից ստացված որոշակի ազդակներ են ներկայացվել վարչապետին իրավապահ համակարգի գործունեության հետ կապված, և վարչապետի կողմից քննարկման դրվեց։

Այսինքն` մենք առանձին քննարկում փողոցաշինության հետ կապված չենք ունեցել։ Հիմնական ազդակը, որ իմ կողմից թե՛ առաջին հանդիպման ժամանակ, թե երկրորդ հանդիպման ժամանակ՝ նաև իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ, եղել է, հասարակությունից ստացած ազդակն է, որ այսօր հացից, ջրից, տանիքից առաջ մարդիկ այս իրականության մեջ կարիք ունեն արդարության, օրենքի գերակայության զգացողության վերականգման։ Եվ այդ պարագայում այն մտահոգությունները, որոնք կային մեր մարզում տարբեր գործընթացների հետ կապված, որոնք հատկապես հասարակական հնչեղություն ունեն, այդ մտահոգություններով ես կիսվել եմ։

Երբ որ վարչապետը հարցրեց մի քանի օրինակներ, ես ասացի՝ օրինակ՝ մարդկանց հուզում է նույն բուհական կոռուպցիայի հետ կապված գործերի ընթացքը, տարբեր համայնքներում տարբեր երևույթների հետ կապված գործերի ընթացքը, և նաև այս ընթացքում քաղաքացիների մտահոգությունը փողոցաշինության հետ կապված։ Տեսեք, ունենք ունիկալ իրավիճակ․ ունենք գումար, ունենք շինարար, ունենք պատվիրատու, ունենք նախագծող, ունենք վերահսկող, ունենք հանրային դժգոհություն, ունենք երկարաձգվող շինարարական աշխատանքներ և այս ամենի արդյունքում անվտանգության հետ կապված ռիսկեր։ Այսինքն` այս ընթացքում անպայման պիտի սպասեինք որևէ մեկի հետ որևէ դեպք պատահե՞ր Գյումրիում, որ հետո նոր բոլորով սկսեինք դատապարտել, թե ինչու էին հողակույտերն ամիսներ շարունակ այդտեղ մնացել։

Այսինքն` մտահոգող խնդիրը, ինչ կար, ներկայացրել եմ և խնդրակազմերի առումով այսօր խնդիրը դրվում է ոչ թե գտնել, պատժել, էս վերջերս կարդացի ասֆալտ անողներին ասֆալտին փռելու, այդ խնդիրը չկա դրված որևէ մեկի առջև: Մենք բոլորս հասկանում ենք՝ ինչքան կարևոր է այսօր օր շուտ, բայց ոչ որակի հաշվին Գյումրիում ավարտել փողոցաշինության ընթացքը»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա ասաց, որ դեռ նոյեմբեր ամսից, երբ որպես հասարակական ոլորտի ներկայացուցիչ՝ հետաքրքրվում էր Գյումրու փողոցաշինության տեմպերով, այնուհետ որպես մարզպետ, տեսել է, որ կան խնդիրներ։ Ըստ նրա, կան գործընթացներ, որոնք կանգնեցնում են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող պրոցեսը։

«Երբ ասում եմ խնդրի մեղավորներ, խոսքը անձերի մասին չէ, այլ երևույթների մասին է, խոսքը հանրության մեջ մեր իրավապահ համակարգի, նաև որոշակի հանրային ազդակ, հանրային վստահության ավելի բարձր մակարդակ տալու մասին է»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա նաև ասաց, թե ինչո՞ւ իրենք պիտի պատասխան տան այն գործընթացների ու մոտեցումների համար, որոնք ունեն կոնկրետ մեղավորներ։

«Այսինքն` վերահսկող գործառույթները, որոնք մենք ունենք, մենք մեր գործիքներն օգտագործում ենք։ Այսօր Շիրակի մարզում փողոցաշինության առումով զուգահեռ գնում են մի քանի գործընթացներ, ոչ միայն Գյումրիում, Շիրակի մարզպետարանի ունեցած ռեսուրսը մարզային նշանակության ճանապարհների, մարզային նշանակության խնդիրների վրա ամբողջությամբ դրվում է, մենք հետևողականությամբ աշխատում ենք նաև Գյումրիում»,-ասաց մարզպետը։ Նա ասաց, որ անցած տարի, երբ հասարակությունը գոռում էր՝ ոստիկանը մերն է, այդ ընկալման շարունակության կարիք կա։

Ըստ մարզպետի, շինարարության գործընթացը դադարեցնել, մեղավորներ գտնել, սրան կամ նրան դատելն ինքնանպատակ չէ։

«Մեր նպատակը մեկն է՝ մեր մարզում, մեր քաղաքում ունենալ որակյալ ճանապարհներ՝ ճիշտ շինարարական գործընթացով օր շուտ»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031