Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. «Պարբերաբար եւ չարամիտ խախտումներ կատարող վարորդները երթեւեկությունից մեկուսացվելու են»

Մայիս 16,2019 17:22

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձավ երթեւեկության կանոնների խախտման համար այսպես ասած՝ պատժի նոր մեթոդներին: Այդ նոր մեթոդների՝ բալային համակարգի մասին նախագիծն այսօր կառավարությունն ընդունեց:

Արդյոք որոշ խախտումներ խստացվում են քրեականացնելով, մեր այս հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց.«Արարքներ կան, որոնք քրեականացվում են»: Այս նոր նախագիծը եթե ԱԺ-ն ընդունի, ինչպես ասաց Քոչարյանը, պարբերաբար եւ չարամիտ խախտումներ կատարող վարորդները երթեւեկությունից մեկուսացվելու են, նրանք դուրս են բերվելու երթեւեկությունից, որովհետեւ քաղաքացիների անվտանգության սպառնալիք են:

«Վիրավորների տարեկան թիվը շուտով կհատի 6 հազարը, մահերի թիվը 2018-ին 340-ից անցել է: Տուգանքների չափի բարձրացումը կանխարգելիչ իր ազդեցությունը չի թողնում, ոչ մի արդյունք չի տալիս: Խախտումների ու պատահարների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվն աճում է համեմատած նախորդ բոլոր տարիների հետ»,-ասաց փոխոստիկանապետը:

Արդյոք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների աճը պայմանավորված չէ վարորդների տույժերի համաներմամբ կամ ճանապարհային ոստիկանության անգործությամբ, Aravot.am-ի հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Այդ տույժերն անհուսալի պարտքեր էին: Ճանապարհային ոստիկանության անգործությունը դնենք մի կողմ: Պետք են նոր մեխանիզմներ մեր նոր անվտանգության ռիսկերին համարժեք: Ոչ մի նախադրյալ չունենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի՝ մեքենաների թիվը տարեցտարի աճում է, սա իրավախախտումներ ծնող շատ մեծ պատճառ է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, ունենք ենթակառուցվածքների բարելավման խնդիր: Այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է՝ համակերպվել զոհերի թվի աճի հետ»:

Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ այս նախագիծը մշակվել է վարչապետի հանձնարարականով:

Ըստ Քոչարյանի, տուգանային միավորները նախատեսված են այն խախտումների համար, որոնք ավելի հաճախ են հանգեցնում մահերի. «Մեր վարորդների 80% -ը օրինավոր է, այսինքն՝ եթե 4-5 տարվա մեջ թեթեւ խախտում է արել՝ նրան այս նախագիծը չի սպառնում: Թիրախը չարամիտ ու փոքր թվով փոքր վարորդներն են: Վարորդ կա՝ տարվա մեջ 100, նույնիսկ մինչեւ 1000 խախտում է անում»: Մեր հարցին՝ արդյոք այդ չարամիտ վարորդները թանկարժեք մեքենաների վարորդներն են, Քոչարյանը պատասխանեց. «Նյութապես ապահովված վարորդներին բարձր տուգանքները չեն զսպում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Քոչարյանի, նախկինում երբ խախտումները ենթարկվում էին վարչական պատասխանատվության՝ կար դժգոհություն. «Այսինքն՝ պատասխանատվություն խստացնելով՝ արդյունքի չես հասնի: Երբ մեղմում ենք ՝ ասում են՝ անօրինականությունը շատացավ: Ուրեմն հարկավոր է հավասարակշռված մոտեցում, որը մեր ասած բալային օրինագիծն է»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031