Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները:
Այս նախագծով խստացվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում պատիժը: Նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի փոխանցմամբ՝ առաջարկվում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը վերաբերող 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել. օրինակ՝ 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, եւս 9-ը` 50%-ից նվազ չափով: Վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով վարորդին տրվելու է 9 միավոր: Նախագծով նաեւ սահմանվում է՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում արձանագրելու դեպքում, խախտում արած վարորդին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Իսկ եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ինչպես Քոչարյանը ներկայացրեց, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
Իր միավորների մասին խախտում կատարած անձը իրազեկվելու է: Նախատեսվում է՝ տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 եւ պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն:
Քոչարյանի ներկայացմամբ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 եւ ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:
Կարդացեք նաև
Իսկ այսպես ասած՝ վատ վարորդների համար կամ պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձեւով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձեւով` 6 ամիս ժամկետով:
Վարորդը կարող է վարորդական իրավունքից զրկվել 1 տարի ժամկետով, եթե՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կատարի:
Թեեւ որոշումն ընդունվեց, սակայն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դեմ քվեարկեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ