Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը՝ կաշառքի մասին. «Հասկանալի չի, թե որտեղի՞ց պիտի նախագահը իմանար, որ Սիլվա Համբարձումյանը ինչ-որ ընկերություն է ծախում»

Մայիս 16,2019 16:32

Մարտի 1-ի գործով դատական նիստին, անդրադառնալով կաշառքի մասին դրվագին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը պատմեց, որ երբ իմացել են, թե նոր մեղադրանք է առաջադրվել կաշառքի հետ կապված, իրեն զանգել են. «Զանգ եմ ստանում, դատարան էի մտնում, տիկին Սիլվա Համբարձումյանը այդ ընթացքում ասում է՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել, ասում եմ ի՞նչ, չհասկացա՞»:

Քոչարյանը կողքից ռեպլիկ արեց՝ «Չես հասկանա»: Օրբելյանը շարունակեց, որ Սիլվա Համբարձումյանը կշտամբել է իրեն, ասել է՝ ինչի՞ ես իմ անունը տվել. «Ասում եմ՝ տիկին Համբարձումյան, տվել եմ, չեմ տվել, կա քննիչ, խնդրում եմ, գնացեք, չեմ կարող որեւէ բան ասել, մանավանդ, որ կա քաղաքացիական գործ, ցտեսություն»:

Ռոբերտ Քոչարյանը հավելեց. «Ցուցմունքների մեջ հիմնականում ասում է՝ ես կաշառք չեմ տվել, ես ասել եմ՝ էս կաշառք չի, շնորհակալություն է, մի անգամ ասում է՝ նախագահական աշխատակազմին, մի անգամ ասում է՝ նախագահին: Ինչ կուզենայի ավելացնել՝ կաշառքը տալիս են ինչ-որ մի բանի համար, երեւի ինչ-որ ծառայության համար: Այն ժամանակ առաջինը ես նախագահ էի, պետության գլուխն էի եւ այդ ժամանակվա Սահմանադրությամբ գործադիր իշխանության հետ որեւէ առնչություն չունի: Սահմանադրությունը ամբողջությամբ ուժի մեջ էր մտել: Հիմա ինքը չի ասում, որ իրեն ինչ-որ մեկը պիտի լավություն անի, ինքը ասում է՝ ես տվել եմ, որ ինձ  չխանգարեն: Թե ինչից է ինքը եզրակացության եկել, որ իրեն չխանգարեն, որեւէ փաստ չկա, որ իրեն մինչեւ այդ խանգարել են: Ինքը ունի մի ընկերություն, վաճառում է այդ ընկերությունը, օրենսդրությամբ չի ենթադրվում, որ այդ ընկերության վաճառքը պետք է որեւէ պետական մարմնի հետ համաձայնեցվի: Հասկանալի չի, թե որտեղի՞ց պիտի նախագահը իմանար, որ Սիլվա Համբարձումյանը ինչ-որ ընկերություն է ծախում: Որտեղի՞ց պետք է նախագահը իմանա, թե ով ինչ ընկերություն է ծախում: Ընդհանրապես այս ամենը այնպիսի աբսուրդի է նմանվում, որ ստիպված գալիս ես եզրակացության՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ լավ, էս ինչի՞ համար են ասում, ի վերջո պիտի գա դատարան…Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետը չի գործում, սենց մի բան անենք, երկրորդը՝ իրենք ապօրինի ձեւով հուլիս ամսից իմ գույքի եւ հաշիվների վրա կալանք են դրել: Այդ հոդվածով իրավունք չունեին դնելու եւ այդ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրգործը, ուրիշ բացատրություն չկա: Մինչեւ հիմա իմ գույքն ու հաշիվները կալանքի տակ են»:

Նա ասաց, որ ենթադրվում է՝ մի քանի տարի այս գործը պետք է գնա, 870 վկա կա եւ այդքան ժամանակ հնարավորություն կունենան կալանքի տակ դնել իր գույքը եւ հաշիվները, ուրիշ բացատրություն ինքը չի գտել:

Ի դեպ, Քոչարյանը, խոսելով Սիլվա Համբարձումյանի մասին, շփոթվեց եւ նրան անվանեց Սիլվա Շիրխանյան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031