Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստվե՞լ «Գարդասիլով», թե՞ ոչ. հարցը հասել է խորհրդարան

Մայիս 16,2019 16:16

ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր 4 ժամ տևող բուռն քննարկում անցկացվեց. արդյոք անհրաժե՞շտ է «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումը թեմայով: Քննարկմանը մասնակցեցին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որոնք «կողմ» էին արտահայտվում պատվաստանյութին, իսկ տեսչության ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում: ԱԺ պատգամավորները մերթընդմերթ փորձում էին հարցեր տալ՝ ընդմիջելով հակառակորդ կողմերի միջև սուր բանավեճը:

«Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը քննարկման ժամանակ հայտարարեց՝ այն երկրներում, որտեղ 2008 թվականից հետո եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի տարածվածությունը և կանանց մոտ քաղցկեղի տարածումը շատացել է:

Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը հայտարարեց, որ «Գարդասիլ» պատվաստանյութը ՀՀ-ում գրանցվել է 2011-ին՝ նշելով, որ պետք է կիրառվի մինչև 26 տարեկանը, սակայն հետագայում այդ տարիքային շեմը բարձրացվել է: Այդ փոփոխությունը, ըստ բանախոսի, եղել է միայն ՀՀ-ում և ԵՄ-ում, սակայն ԱՄՆ-ում փոփոխություններ չեն եղել:

Իմունո-կանխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարեց՝ չբերության, քաղցկեղի առաջացման հետ կապված հայտարարություններն առաջացնում են վախի մթնոլորտ, ինչն այս պահին չի հաղթահարվել: Նա վստահեցրեց՝ դեկտեմբերից առ այսօր հազարավոր անձինք պատվաստվել են այս պատվաստանյութով. «Դեկտեմբերից առ այսօր պատվաստվողների թիվը 5547 է»:

ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը հակադարձեց՝ իրեն առողջապահության նախարարությունից ներկայացրել են այլ թվեր՝ շուրջ 3000: Հարցին՝ ինչքա՞ն պատվաստանյութ ունեն, Գայանե Սահակյանը պատասխանեց. «Մենք բավականին մեծ քանակությամբ պատվաստանյութ ունենք՝ 29 հազար դեղաչափ՝ հոկտեմբերի 13-ի պիտանելիությամբ: Եթե պատվաստանյութը չի օգտագործվել, հատուկ հանձնաժողովի որոշմամբ պահանջված ընթացակարգով դա խոտանվում է»: Գարդասիլով պատվաստումները պաշտպանողները հայտարարեցին՝ որքան էլ որոշ ուժեր, որոշ նպատակներով փորձեն տապալել այս պատվաստումները, չի ստացվելու:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցրեց՝ դրանք ո՞ր ուժերն են և ի՞նչ նպատակներ են հետապնդում, Գայանե Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարող իրենց խորը նպատակներին մինչև վերջ տեղեկանալ, բայց միանշանակ այստեղ տեսնում եմ սաբոտաժի, հակապետական և հակակառուցողական մոտեցում: Երբ ողջ աշխարհը՝ ութսունից ավելի երկրներ, ամենաառաջավոր աշխարհը գնում է այդ ուղղությամբ, անջատվում են մի խումբ մարդիկ, բժիշկներ, որոնք իրականում այս ոլորտի հետ կապ չունեն, դա անընդունելի է»:

ՀՀ ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ կարծիք հայտնեց ՝ հասկանում եմ՝ ինչու հանրությունում այս պատվաստանյութի վերաբերյալ կա անվստահ մոտեցում, քանի որ քննարկման սկզբից մինչև հիմա երկու կողմերը շատ էմոցիոնալ են եղել: Ըստ պատգամավորի՝ հիմա էլ չկարողացան իրենց հարցերի պատասխանները հստակեցնել:

Հայկ Այվազյանին հարց հղեցին, երբ ասում է, որ անհաջող ծրագիր է «Գարդասիլը», հետևաբար այն ո՞ւմ շահն է սպասարկում, նա պատասխանեց. «Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի միջոցով՝ 170 հազար ավելի դոլար և նախարարությունից էլ գրավոր պատասխանել են, որ գումար փոխանցվել է իրենց»:

Դառնալով Աբովյանում առանց երեխաների կամքի «Գարդասիլով« պատվաստման դեպքին՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ասաց, որ Աբովյանի դեպքի հետ կապված իրենք վարույթ են իրականացրել, և արդյունքները հետևյալն են. «Իրավունքի խախտման առումով խախտումներ չեն հայտնաբերվել: Ինչ վերաբերում է իմունականխարգելմանը, ապա պատվաստումը համապատասխան հրամանի հիման վրա է լինում, և այդ մասով բավականին լուրջ խնդիրներ ենք ունեցել: Ջերմաչափում չի արվել պատվաստումից առաջ. ամբուլատոր քարտերում հիվանդների ջերմաչափային տվյալները բացակայում են: Չի կատարվել նաև հետպատվաստումային մոնիտորինգ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031