Այսօր լրացավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրը։ Այս առիթով մարզպետը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով մարզում առկա խնդիրներից ու նաև ներդրումային ծրագրերից։ Շիրակի մարզպետը մի կարևոր տեղեկություն հաղորդեց․ նա ասաց, որ մինչեւ ամսվա վերջ կվերաբացվի Մարալիկի մանվածքային գործարանի տարածքում արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծել 50-60 աշխատեղ։
«Շիրակի մարզում կունենանք ոլորտի զարգացման համար շատ կարևոր բամբակի և կիսաբամբակային թելերի արտադրություն՝ բավականին մեծ արտադրողականությամբ։ Իրենք այս փուլում նաև արտահանման հնարավորություն են դիտարկում։ Տեքստիլ արդյունաբերության ոլորտը կյանքի շատ լավ նախանշաններ է տալիս, և մենք այստեղ բավական մեծ ակնկալիքներ ունենք»,-ասաց մարզպետը։
Նա նաև նշեց, որ հուլիսի 6-ին նախատեսված է անցկացնել Շիրակի մարզի ներդրումային ֆորում։ Իրենք առաջարկելու են, որ Շիրակի մարզում գոյություն ունեցող բիզնես գաղափարները ներկայացնեն հայտային տեսքով, դրանցից ընտրելու են հետաքրքրություն ունեցող բիզնես ծրագրերը, սարքելու են Շիրակի մարզի բիզնես փաթեթը՝ ֆիքսված 100 գաղափարներով։ Փաթեթը ներառելու է երեք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, տուրիզմ և արդյունաբերություն։
«Մենք առնվազն երկու քննարկում ենք ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք այսօր հետաքրքրված են Շիրակի մարզում 2-3 ծրագրերով, որոնցից մեկն արդեն նախագծման փուլում է, շուտով այդ մասին կիմանաք բոլորդ։ Ես հրավեր եմ ստացել շվեյցարահայ համայնքի կողմից բիզնես ծրագրերը ներկայացնել տեղում՝ Շվեյցարիայում։
Կարդացեք նաև
Ռուսաստանի մի քանի հայկական համայնքներ ևս հետաքրքրված են և այս ձևաչափը իրենց հետ քննարկվում է, այսպիսի արտահայտություն կա չէ՞․ կապիտալ, որ հայրենիք չունի և կապիտալ, որը հայրենիք ունի։ Իհարկե, այսօրվա թիրախում մեր հայրենիք ունեցող կապիտալն է, հայկական աշխարհի կապիտալի մասին ենք խոսում, մեր պարագայում, երբ որ փոքր մասշտաբի մեջ ենք դիտարկում, Շիրակի կապիտալի մասին է խոսքը․ շիրակցիներ, գյումրեցիներ, որոնք ապրում են Գյումրից դուրս և որոնք հետաքրքրված են ոլորտով, իրենք բիզնես գաղափարների ներկայացման առաջնային թիրախ խումբ են»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը տեղեկացրեց նաև, որ մի քանի արաբական երկրների հայկական դեսպանատներից ստացել են առաջարկներ։
«Այսօր արաբական տարբեր ծրագրեր հետաքրքրվում են Հայաստանում ներդրումներ իրականացնելով, մեկ նախագծի հետ կապված քննարկում կա նաև Շիրակի մարզում»,- տեղեկացրեց Տիգրան Պետրոսյանը։
Թե ո՞ր ոլորտներում է հնարավոր համագործակցությունը, Aravot.am-ի հարցին Շիրակի մարզպետը պատասխանեց, որ արաբներն այս պահին գյուղատնտեսական ոլորտով են հետաքրքրված, մասնավորապես ոչխարաբուծությամբ։ Ըստ մարզպետի, որակյալ մսի հետ կապված Հայաստանը բավականին մեծ գրավչություն ունի։ Իհարկե, բանախոսի ասելով, գյուղատնտեսությունից բացի հնարավորություն կա ներկայացնել ծրագրային այլ գաղափարներ ևս։
Մարզպետը տեղեկացրեց նաև, որ չինական պատվիրակությանն են հյուրընկալել, որին ուղեկցել է հայ գործարարը։ «Նրանք արդեն Գյումրիում են, վերցրել են որոշակի արտադրական տարածքներ և հիմքեր են դնում առևտրային ձեռներեցության համար։ Շատ շուտով իրենց նախանշած պլաստիկ շշերի արտադրամասի և մի քանի այլ գործառույթներով հաստոցաշինական բազան Չինաստանից շարժվելու է։ Ծավալների հետ կապված իրենք կարծես հետախուզական փուլի մեջ են, շատ փոքր ծավալներով սկսում են, իրենց համար փոքր, բայց գործընթացն աճելու միտումներ ունենալու է»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նա խոսեց նաև խնդիրներից, ասաց, որ Շիրակի մարզպետի առջև դրված է երկու նպատակ․ Շիրակի մարզում առկա երկու մարտահրավերների՝ աղքատության և անօթևանության հաղթահարում։
Մարզպետը հիշեցրեց, որ դեկտեմբերի 7-ն ստեղծվել էր աշխատանքային խումբը, որը քարտեզագրում է իրականացնում Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերում։ Ընդհանուր պատկերը հետևյալն է․ Շիրակի մարզի 19 համայնքներում կան 3517 ժամանակավոր կացարաններ, որոնցից 2858-ը միայն Գյումրիում է, 5 կացարան կա Արթիկում, և մարզի թվով 17 բնակավայրերում՝ 654 ։
«Մենք ունենք խնդիր Աշոցք թաղամասի Կոճոռ թաղամասի հետ, որտեղ 164 ընտանիքի հիմնախնդիր կա։ Գլոբալ առումով խոսքն այս պահի դրությամբ վերաբերում է 3226 ընտանիքի, շուրջ 11 հազար 300 քաղաքացու, որոնք տնակներում, ժամանակավոր կացարաններում են բնակվում, բայց մենք գիտենք, որ խնդիրն իրականում ավելի խորն է․ կան ընտանիքներ, որոնք տնակներում չեն, բայց նաև սոցիալական եզրերի վրա են, բնակվում են վարձով, բնակվում են հարազատների կամ ծանոթների մոտ»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ քննարկվում է Գյումրի քաղաքի հանրակացարաններից մեկը համահայկական հիմնադրամին տրամադրելու հարցը․ արդյունքում կլուծվի մոտ 50 ընտանիքի բնակարանային խնդիր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ