«Եթե դուք ասում եք, որ ապացույցների հետ գործ չունեք, ուրեմն ես պահանջում եմ, որ երբ դուք գնաք խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ ոչ մի ապացույց չվերլուծեք ու առանց որեւէ ապացույցի վրա հղում անելու՝ որոշի՝ կա՞ հիմնավոր կասկած, թե՞ չկա»,- Մարտի 1-ի գործով դատական նիստին դիմելով դատարանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Պաշտպաններն ուզում էին տեսանյութեր ուսումնասիրել նիստի ժամանակ, մեղադրող դատախազներն առարկեցին եւ դատավորն էլ թույլ չտվեց:
Ալումյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, ես ձեր գործողությունների դեմ առարկում եմ, դուք օրենքի նկատմամբ կիրառում եք ստեղծագործական մոտեցում, ընդ որում՝ ստեղծագործում եք ընթացքում»:
Կարդացեք նաև
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքի ժամանակ Օրբելյանը տեղից ինչ-որ շարժումներ էր անում, որը նյարդայնացրեց Բաղդասարյանին: Նա հարցրեց՝ լա՞վ եք, պարոն Օրբելյան ու բողոքեց, որ միմիկաներն է շարժում, ինչ-որ ժեստեր անում:
Իսկ դատախազ Կարեն Բիշարյանը երբ խոսում էր, Օրբելյանը մի տեսակ հայացքով նայում էր, դատախազ Պետրոս Պետրոսյանն արձագանքեց՝ «Հիացած են ձեզանով, պարո՛ն Բիշարյան»: Օրբելյանը դատարանին հորդորեց կարգապահական վարույթ կիրառել. «Հարգելի դատարան, ինձ ձեռ են առնում: Ի՞նչ է նշանակում հիացած է քեզնով»:
Դատավորը հորդորեց հարգալից լինել միմյանց, նաեւ՝ դատարանի նկատմամբ. «Պետք չի մանր բանից, որը կարող է սուբյեկտիվ ընկալման արդյունքում սուբյեկտիվ եզրահանգման բերել, այդպես արձագանքել: Բոլորով հավաքվել ենք մի բանի համար»:
Օրբելյանը պահանջեց. «Հայերենում «ն»-ով սկսվող մի շատ լավ բան կա՝ ն-ով սկսվում է, ն-ով ավարտվում է, թող ասի՝ ավարտենք: Չէ՝ դատական սանկցիա կիրառեք»:
Դատավորը ոչ սանկցիա կիրառեց, ոչ էլ ներողություն եղավ: Հայտարարվեց ընդմիջում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ