Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։
Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:
Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։
Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականից»:
Կարդացեք նաև
Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:
Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:
Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:
Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ավելացրել է նախագահը:
Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է. «Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ