Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության փոփոխությամբ ձեւավորվող գերնախարարություններում 6-7 փոխնախարար են լինելու մասին հարցին ի պատասխան ասաց՝ առաջին հերթին քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն են որդեգրելու։ Թե քանի փոխնախարար կարող է լինել, Ավինյանը դժվարացավ ասել, նշեց՝ դա որոշվելու է գործառույթներից ելնելով. «Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, թերբեռնված կամ գերբեռնված են եղել, թե՞ ոչ, ըստ այդ ֆունկցիաների քանակները կհստակեցվեն»:
Աշխատակիցների կրճատումների մասին էլ փոխվարչապետն ասաց՝ դեռեւս զանգվածային կրճատումներ չկան. «Առաջին հերթին կրճատվելու են նախարարներ, փոխնախարարներ: Այսպես շարունակել չենք կարող, չենք ուզում, քանի որ բոլոր գնահատականները ապացուցում են՝ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը որպես այդպիսին իր արդյունավետությունը շատ ոլորտներում պետք է վերանայի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ