«Հիմնավոր կասկածի բացակայությանը պարոն Ալումյանը հանգամանալից անդրադարձել է, ուզում եմ անդրադառնալ հիմքերից մեկին: Եթե թույլ կտաք, մինչեւ անցնելը, մի քիչ թեթեւացնելու համար մի կարճ անեկդոտ պատմել, որը կապված է սրա հետ», – երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը դատարանում այսպես փորձեց անեկդոտ պատմել:
Դատավորը թույլ չտվեց, անմիջապես արձագանքեց՝ «Առանց պատմությունների, առանց հեքիաթների, առանց անեկդոտների: Դատարանը անեկդոտներ, պատմություններ, հեքիաթներ պատմելու վայր չի»: Օրբելյանն ասաց, որ երկար չի, կարճ է, ու փորձեց պատմել, դատավորը զգուշացրեց՝ հիմա դուք շարունակում եք դատարանի խոսքն անտեսե՞լ, դա՞ եք ուզում՝ հիմքերին անդրադարձեք՝ առանց որեւէ պատմություն, նախապատմություն սակարկելու, կոնկրետ: Դատավորն անընդհատ հորդորում էր լրացնել մյուս պաշտպաններին, նույնը չկրկնել: Նա ասում էր, որ այն հարցերին, որոնց մասին խոսում է Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Ալումյանն արդեն անդրադարձել են:
Այդտեղ ոտքի կանգնեց Ռոբերտ Քոչարյանն ու հայտարարեց. «Ստիպված ենք կրկնել, որովհետեւ կան մարդիկ, որ պետք է 15 անգամ ասես, որ մտնի, մեկ ա՝ չի մտնի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ