Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է ընթանում, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Ինչպես տեղեկացրել ենք, դատական նիստի ժամանակ տեխնիկական խնդիր առաջացավ եւ լրագրողները բողոքի ցույց արեցին: Դատարանը ստիպված թույլատրեց, որ լրագրողները ոչ թե ապակուց այն կողմ հետեւեն նիստին, այլ մտնեն ներս: Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով լրագրողներին, կատակեց. «Սելֆի կարո՞ղ է ուզենաք անել»:
Այժմ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացնում է իր դիտարկումները: Նրա խոսքով՝ «Երբ մեղադրանքի օրինականությունն ենք վիճարկում ու եթե դատարանը այդ օրինականությունը չքննարկի, դատական պաշտպանությունը կդառնա ձեւական: Չենք կարող քննարկել կալանք, ասենք՝ չենք ուզում նայել հոդվածը, որով անձին մեղադրում են՝ իրավաչափ է, թե չէ, դա հետո կնայենք: Չէ, դա պետք է նայել կալանքի փուլում: Շատ զգույշ ու ուշադիր պետք է դիտարկել բոլոր կետերը, որովհետեւ կարող է լինել անձի ազատության կանխավարկածը»:
Դատախազն ասաց, որ իրենց առարկությունների ողջ իմաստը ճիշտ չի ընկալվել. «Խափանման միջոցի հարցը քննարկելիս արարքի իրավաբանական որակմանը կարելի է անդրադառնալ, վարույթը բացառող հանգամանքներին կարելի է անդրադառնալ, չենք ասում ծավալային տարբերություն կա, տարբերություն կա դրանց անդրադառնալու խորության աստիճանի մեջ: Պաշտպանները փորձ են անում քննարկել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են մեղադրանքի հիմնավորվածությանն ամբողջությամբ: Պաշտպանության կողմը կարող է անդրադառնալ այդ հարցերին, բայց պետք է անդրադառնա այլ մակարդակներում»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց, որ Օրբելյանը դուրս չգա այն շեմից, որը թույլատրելի է. «Չի կարելի այս փուլում քննարկել մեղադրանքի հիմնավորվածության հարցն ամբողջությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ