ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, նրա աջակիցների, վերջիններիս կողմից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառած բռնության (Վարդգես Գասպարին այտոսկրի շրջանում վնասվածք էր ստացել Քոչարյանի աջակիցների հարվածներից եւ քաշքշելուց հետո։ Նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իրեն նաեւ շշով են հարվածել։ Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Գասպարի հետ կապված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործը) եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ։
–Վարդգես Գասպարիի կերպարը Ձեզ՝ որպես դրամատուրգի, հետաքրքի՞ր է։
–Ես երբեւէ կանդրադառնամ իր կերպարին, չգիտեմ, որպես դրամատուրգ, թե հրապարակախոս։ Բայց այդ մեծատառով մարդը բոլոր տարիներին իր բողոքն արտահայտել է ամենաքաղաքավարի եւ բարեկիրթ ձեւով, հանդուրժողականությամբ, լռությամբ, իր պաստառով կամ իր խոսքով, իր բողոքով՝ կանգնած, թե պառկած (ու թող ոմանք չչարախնդան, շատերը նույնիսկ իրենց մտքով անգամ չեն կարող անցկացնել քաղաքացիական այդպիսի հանդգնություն ցուցաբերել)։ Վարդգես Գասպարիի կողքով նույնիսկ աչքերը փակ մեկը չի կարող անտարբեր անցնել։
Ի վերջո, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի։ Օրինակ՝ Քոչարյանի աջակիցները (որակի մասին չխոսենք) իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու, բայց նույն իրավունքն ունի նաեւ Գասպարին։ Բռնության պահին նա լուռ էր, միայնակ, իսկ Քոչարյանի աջակիցներն ավելի մեծ թիվ էին կազմում (չնայած կարող էին ավելի շատ լինել)։ Երբ պաստառը նրա ձեռքից խլեցին, հարվածեցին, դրանից հետո Գասպարիև ձեռքերը վեր պահած կանգնած էր։ Նա երեւի բռնության, ջարդարարության դեմ անցած բոլոր տարիների լավագույն մարմնավորումն էր՝ անկախ վարչակարգերից։
Կարդացեք նաև
–Ըստ Ձեզ՝ նույն հասարակության մեջ ինչպե՞ս պետք է կողք կողքի ապրեն մարտի 1-ի զոհերի հարազատներն ու Քոչարյանի աջակիցները։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։
-Դրա համար գոյություն ունի օրենք։ Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարաբերություններն, ի վերջո, լուծվում են օրենքի դաշտում։ Եվ եթե իրադարձությունները ծավալվեն օրենքի տառին համապատասխան, հավատացեք, ամեն ինչ կընկնի իր տեղը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում