Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Արզումանյան. «Ի՞նչ է նշանակում՝ «որպես դիրիժոր ներկայացող անձը», սա արդեն վիրավորանք է». «Հրապարակ»

Մայիս 16,2019 12:38

Մայիսի 3-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածը վիրավորել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» տնօրեն Շմավոն Գրիգորյանին, իսկ ավելի կոնկրետ՝ հոդվածում տեղ գտած՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի տեսակետներն են վիրավորել նրան։ Այն աստիճան, որ հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի փաստաբան Վահե Մնացականյանից հերքման տեքստ ստացանք, որտեղ հոդվածից դուրս են բերված այն հատվածները, որոնք արատավորել են Շ. Գրիգորյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։ Նույն տեքստն ուղարկվել է նաեւ դիրիժոր Հարություն Արզումանյանին՝ պահանջով, «ներողություն խնդրել իր կողմից թույլ տրված զրպարտող եւ վիրավորական հայտարարությունների համար», իսկ լրատվամիջոցին՝ հրապարակել հերքման տեքստը։

Ահա տեքստից մի հատված. «Որպես դիրիժոր ներկայացող անձը ,Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագիր» է անվանում տարիներ շարունակ պրոֆեսիոնալիզմով կազմակերպվող եւ արդեն իսկ միջազգային երաժշտարվեստում մեծ ճանաչում ունեցող համաշխարհային մակարդակի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի Հայաստան են հրավիրվել միջազգային մեծ հեղինակություն վայելող փողային երաժիշտներ՝ հայ երաժիշտների հետ վարպետության դասընթացներ անցկացնելու եւ համատեղ համերգներով ելույթներ ունենալու համար, ինչպես նաեւ փառատոնի շրջանակներում տեղի են ունենում բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում փողային գործիքների զարգացմանը եւ տարածմանը։ …Ավելին՝ լրատվամիջոցի զրուցակից դիրիժորն արդեն իսկ իր տարիների գործունեության ընթացքում մեծ աշխատանք կատարած Հիմնադրամին եւ վերջինիս տնօրենին ուղղակիորեն մեղադրում է հանցագործության կատարման մեջ՝ չունենալով որեւէ փաստ։ Սա՝ այն դեպքում, որ Հիմնադրամը տարիների անբասիր աշխատանքն ապացուցել է իր գործունեության թափանցիկությամբ, ինչի անհերքելի հաստատումն է միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերության՝ KPMG (Քեյ Փի էմ Ջի) կողմից տրված ֆինանսական ծախսերի գերազանց գնահատականը»։

Դիրիժոր Հարություն Արզումանյանը նկատում է, որ պատասխան տեքստում տեղ գտած որոշ ձեւակերպումներ վիրավորում են իր անձն ու արժանապատվությունը, եւ նույն հաջողությամբ կարող է ինքը պատասխանատվության կանչել հակառակ կողմին։ «Ի՞նչ է նշանակում՝ «որպես դիրիժոր ներկայացող անձը», սա արդեն վիրավորանք է։ Ես դիրիժոր եմ, եւ բոլորն ինձ ճանաչում են որպես դիրիժոր»,– ասում, է Արզումանյանը, ով 2000-ից աշխատում է օպերային թատրոնում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031