Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որ այս օրերին մասնակցում է հոր դատավարությանը, երեկ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից Սարգիս Քլոյանի հետ։ Սա այն բանից հետո, երբ նախօրեին Սարգիս Քլոյանը՝ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքը Ռ.Քոչարյանին միայն մեկ հարց ունի. «Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի»։
Եւ, ահա, Լեւոն Քոչարյանը արձագանքել է՝ ասելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին մոլորեցրել են, ու որ իր հայրը կապ չունի սպանությունների հետ։ «Տասը տարի է՝ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել էս մարդկանց վշտի վրա։ Հիմա ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված»,– ասել է նա։
Եթե անկեղծ, ապա նկատենք՝ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպելու մասին Լեւոն Քոչարյանի հայտարարությունն ուշացած է, շատ ուշացած։ Ի վերջո, այդ ողբերգությունից անցել է ավելի քան տասնմեկ տարի, եւ այդ ողջ ընթացքը լիուլի բավարար էր, որպեսզի Քոչարյանները նման նախաձեռնությամբ հանդես գային, մանավանդ որ կատարվածի առաջին իսկ օրերից, որպես մարտի 1-ի պատասխանատու, մշտապես մատնանշվել է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Մարտի 1-ի զոհերի հարազատները, այդ թվում՝ Քլոյանը, մեկ անգամ չէ, որ ուղիդ տեսքով մեղադրանքները հենց նրան են ուղղել։ Այնպես որ, Քոչարյանները կարող էին ավելի վաղ հանդիպում կազմակերպել մարտի 1-ի զոհերի հարազատների հետ՝փարատելու համար կասկածները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում