Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ներկայացրեց 100 փաստ, որոնք, իր խոսքով, տեղի են ունեցել հեղափոխությունից հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ բացառապես իր շնորհքն են, եւ եթե չլինեին պարոն Փաշինյանն ու հեղափոխությունը, մեր երկրում տեղի չէին ունենա այս «մեգահեղափոխական» փոփոխությունները, որոնք իրենք բարեփոխում են անվանում։ Այդ 100 փաստերից մի քանիսը վերաբերում էին հարկային ու մաքսային ոլորտի փոփոխություններին, օրինակ՝ ցանկացած հարկ վճարող կարող է սպասարկվել ցանկացած ստորաբաժանման կողմից՝ անկախ իր գրանցման վայրից, կամ՝ ավտոմեքենաների մաքսազերծում կարող են կատարել հանրապետության բոլոր մաքսատներում, ոչ թե միայն Նորագավիթի մաքսատանը, եւ ամենահեղափոխականը՝ ՊԵԿ պաշտոնական կայքում «մշակվել եւ ներդրվել է ներմուծվող մեքենաների մաքսազերծման էլեկտրոնային հաշվիչ»։ Եվ սա ասում է վարչապետը՝ ուղիղ նայելով տեսախցիկներին, այն է՝ ժողովրդի աչքերին։ Ու երեւի մտքով չի անցնում, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհիշեն, որ նույն այս մաքսայինում եւ հարկայինում իր թվարկած բարեփոխումները տեղի են ունեցել վաղուց՝ իր պաշտոնավարումից էլ առաջ, նախորդ կառավարության ու ՊԵԿ նախկին ղեկավարության օրոք՝ սկսած էլեկտրոնային հաշվիչի ներդրումից միևչեւ մաքսատներում ձեւակերպումներ եւ ոչ միայն։ Դրա վերաբերյալ կան 2 տարի առաջ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններ, հոդվածներ ու ռեպորտաժներ։ Բայց մեր իշխանությունները, չգիտես ինչու, «խասյաթ են դարձրել» յուրացնել նախկինների աշխատանքն ու ուրիշների արածը ներկայացնել որպես իրենց աշխատանքի արդյունք։ Կամ՝ եղածի 10 տոկոս բարելավումը համարել նոր բարեփոխում։ Եվ սա այն դեպքում, երբ իրենք այս մեկ տարվա ընթացքում իրականում դեռ ոչ մի հեղափոխական, ինստիտուցիոնալ բարեփոխում չեն իրականացրել։
Եվ զարմանալին այն Է, որ վարչապետի հետ համաձայն է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով այս մեկ տարում կատարել է որոշակի դրական քայլեր, բայց Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի անունից որպես «հեղափոխական բարեփոխումներ» ներկայացնում է ոչ թե հենց Անանյանի կատարած աշխատանքը, այլ նրա նախորդների։
«Տեսեք, ուրեմն, էլեկտրոնային հաշվիչ նախկինում էլ է եղել, բայց դա չի եղել կողմնորոշիչ գնի հաշվարկ, դա եղել է… դա հաշվիչ էլ չի եղել, դու ուղղակի ներմուծում էիր քո մեքենայի տարեթիվը, ինքը տալիս էր մաքսային արժեքների վերաբերյալ հստակ թվեր։ Մենք հունվարի 1-ից կողմնորոշիչ գնի հաշվարկի հաշվիչ ենք ներմուծել, որը նախկինում չի եղել»,– փորձեց արդարանալ Անանյանը՝ մոռանալով, որ իրականում նախկինում էլ, հիմա էլ եղել ղ նույն հաշվիչը՝ նույն տեսքով ու գործիքներով։ Անանյանին նորից հիշեցրինք, որ այն ամենը, ինչ այսօր ներկայացվում է որպես վերջին մեկ տարվա աշխատանքի արդյունք, իրականում նախկինում արված քայլեր են, լավագույն դեպքում՝ չնչին փոփոխություններով, ո՛չ ավելին։ «Չէ, էդպես չի, էլի, տեսեք՝ Պետական եկամուտների կոմիտեն այն մարմինն է, որը որ, համենայնդեպս, թե՛ նախկինում, թե՛ հիմա ունեցել է բարձր հագեցվածությամբ տեխնոլոգիական համակարգեր։ Այո, նախկինում էլ են մատուցվել ծառայություններ, բայց ես ասում եմ, որ նախորդ տարվա հունիսի 1-ից սկսած՝ մեքենաների հոսքը որ ավելացավ, ես վստահեցնում եմ Ձեզ, որ մեր օդանավակայանի մաքսատանը, օրինակ, մեքենա չէին կարող ձեւակերպել, հիմա ձեւակերպում են, մաքսակետերում չէին կարող ձեւակերպել, հիմա ձեւակերպում են, վստահեցնում եմ Ձեզ, որ հիմա մենք աշխատում ենք առանց ընդմիջման ժամերի»,– փորձեց թվարկել պարոն Անանյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում