Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը գալու են դատարան. այսօր յուրահատուկ օր է». ոստիկանները դատարանի շենքի մոտ հավաքվածներին հորդորում են կոռեկտ լինել

Մայիս 16,2019 11:51

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք եւ Ավանի նստավայրում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատավարությունը: Այսօր սպասվում է Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի այցը դատարան: Նրանք անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարանին, իսկ ավելի վաղ նրանք դիմել էին ՀՀ դատախազին`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Վերջինս պատասխանել էր, որ հարցը դատախազության տիրույթում չէ, քանի որ գործ ուղարկվել է դատարան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարան կգան օրվա երկրորդ կեսին:

Դատարանի շենքի մոտ այսօր ևս հավաքված են ի պաշտպանություն եւ ընդդեմ երկրորդ նախագահի հանդես եկողներ: Ոստիկանները կողմերին նախ առանձին-առանձին հորդորեցին`այսօր յուրահատուկ օր է`նախագահների դատարան այցի հետ կապված, առավելագույնս զուսպ լինել իրենց պահվածքում եւ հայտարարություններում:

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես եկողներից Նարեկ Մանթաշյանը ոստիկաններին հորդորեց`եթե մյուս կողմից վիրավորանքներ հնչեն, ոստիկաններն արագ միջամտեն եւ կանխեն: Մյուս կողմի ներկայացուցիչներն էլ ասացին, որ իրենք ավելորդ ոչինչ չեն անելու եւ իրենց նպատակն արդարադատությունն է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի հանդես գալը:

Ավելի ուշ ոստիկանների հետ զրույցում, երկու կողմերի ներկայացուցիչներն էլ խոստացան կոռեկտություն պահպանել:

Մի մարդ էլ եկել էր դատարան`դիմում հանձնելու եւ իր ասելով, կարգադրիչները թույլ չէին տալիս, որ ներս մտնի: Իսկ ավելի ուշ նա սկսեց բղավել, որ Ռոբերտ Քոչարյանը բռնաբարել է իր հաշմանդամ աղջկան, իրենց ընտանիքի հաշվին էլ գումարներ է աշխատում: Ոստիկանները նրան առավելագույնս հեռացրին դատարանի շենքի մոտից: Քիչ ժամանակ անց այդ մարդն արդեն դատարանի շենքի տարածքում չէր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031