Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել

Մայիս 16,2019 10:00

Քոչարյանի դատավարությունը հայաստանցիների աչքերում ստվերել է մեր երկրում, դրա շուրջ, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Որ դատավարությունը ուշադրության կենտրոնում է, դա նորմալ է: Որ Քոչարյանը մոբիլիզացրել է իր կողմնակիցներին, որպեսզի իրեն սատարեն, նույնպես սովորական երեւույթ է՝ այդպես է եղել բազմաթիվ այլ երկրներում, նաեւ Հայաստանում: Որ իշխանության կողմնակիցներն են դատարանի մոտ գալիս, որպեսզի Քոչարյանին սատարողների դեմ «հակացույց» անեն, դա ինձ բավականին տարակուսելի է թվում՝ իշխանության ցույցի քաղաքական իմաստը ես առանձնապես չեմ հասկանում: (Ի դեպ, որտեղի՞ց է այն համոզմունքը, որ առաջինները ցույց են անում փողով, իսկ երկրորդները՝ «ձրի», իրենց ներքին համոզմունքից ելնելով: Ո՞վ է «մոմ պահել»):

Բայց հեղափոխության միակ նպատակը, եթե ճիշտ եմ հասկանում, «Քոչարյանին փակելը» չէր, որքան էլ դա համապատասխանի «ժողովրդական լայն զանգվածների» ցանկությանը: Հեղափոխության հայտարարված բազմաթիվ նպատակներից, իմ կարծիքով, իրագործվել է միայն մեկը՝ ազատ-արդար ընտրությունները եւ քաղաքացիների մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը: Թեեւ դա կարեւոր հարց է, եւ ավելին՝ նախապայման է մնացած հարցերի լուծմանը, սակայն միայն լեգիտիմությամբ, ինչպես ասում են, «կուշտ չես լինի»: Մեր երկրի առաջ կանգնած են բազմաթիվ այլ մարտահրավերներ, եւ դրանց լուծման ուղղությամբ, ի տարբերություն «փակելու» եւ «ասֆալտին փռելու», առանձնապես վճռականություն չի դրսեւորվում:

Հեղափոխության հիմնական նպատակնեից էր, եթե հիշում եք, կոռուպցիոն համակարգը ապամոնտաժելը, ինչպես ասում են՝ «ավգյան ախոռները մաքրելը»: Միայն վարչապետի կամ նախարարների պարկեշտությունը դրա համար բավարար չէ՝ դա, ինչպես բազմիցս շեշտել են նաեւ իշխանությունները, համակարգ է, որի դեմ պետք է համակարգ գործի, պետական ողջ համակարգը: Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որի մասին խոսվում էր նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ, ձգձգվում է անհասկանալի պատճառներով: Նաեւ 100 անգամ ասվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման ներկայիս ձեւը բացարձակապես իր նպատակին չի ծառայում: Պետք է հայտարարագրվեն նաեւ ծախսերը, իսկ հետագայում դա տարածվի նաեւ մեր բոլորիս, շարքային քաղաքացիներիս վրա: Նաեւ խոստացվել էր ստեղծել հայտարարագրման էլեկտրոնային հարթակ, բայց այդ ուղղությամբ ավելի քան 5 ամիս որեւէ քայլ չի ձեռնարկվել: Պատգամավորները չպիտի սպասեն, մինչեւ այդ թեմաներով կառավարության մոտ գաղափարներ առաջանան՝ ի վերջո խորհրդարանական երկիր ենք:

Դե, իսկ տնտեսական հեղափոխության մասին էլ չեմ խոսում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սակայն այն տեսութիւնը թէ՝ իշխանութիւնը այդ դատավարութիւնը կատարում է հենց այն յատուկ միտումով որ մնացեալ, աւելի ծանր խնդիրները չնկատուին, տրամաբանական չէ: (Խմբագրականում չկայ այդպիսի ակնարկ, սակայն այս պարագաներում ծանօթ վերլուծում է, ընդհանրապէս) :

    Որեւէ իշխանութիւն չի կրնար «օգտուիլ» այս աստիճան ներքին պառակտումէ, ներազգային լարուածութիւններէ: Երբ որ տակաւին առջեւը չորս տարիներ կան:

    Դատավարութեան ընթացքին, դեռ դատուողին դէմ կատաղած ցոյցերը ընելը սակայն նշան մը կրնայ ըլլալ իշխանութեան եւ իր համակիրների մօտ քաղաքական անապահովութեան զգացումի մը: Յաղթական, զօրեղ ու ինքնավստահ կողմի վարքագիծ չէ: Նոյնիսկ եթէ իշխանութիւնը չէ ուղղակի անոնց ետեւը, նա կարող է կոչ ուղղել որ այդ քաղաքացիները երթան եւ իրենց ընթացիկ գործերով զբաղուին: Իսկ եթէ վստահ է որ դատավարութիւնը օրինապէս հիմնաւորուած է, եւ պիտի յանգի դատապարտումի, նախնական կալանքն ալ անիմաստ ու անվայել է: Կարծես թէ գիտնալով որ դատավարութիւնը տեղ պիտի չհասնի, հըլա կարելի եղածին չափ նստեցնում է…

  2. Alfred says:

    դե Փաշինյանի ուզածը դա է որ շոու լինի՝ ուրիշ բաների վրայից մարդկանց ուղադրությունը շեղելու համար։

  3. Հ.Շ. says:

    շշմեցուցիչ անհասկացողութիւն մը կայ, տարրական կէտի մը կապակցութեամբ, շատ մը մինչդեռ լուրջ ու վստահելի լարգրողների մօտ – ներառեալ ուրեմն այս թերթին մէջ –

    բանակի գործածութիւնը, ներքին գետնի վրայ գոյացած որոշ բնոյթի վտանգների դէմ, ինքնի՛ն, ապօրինի բան չէ.

    դա ոչ Օրէնքի դէմ է ոչ ել Սահամանադրութեան. ոչ ել տրամաբանութեան.

    այդպէս է նաեւ բազմաթիւ այլ երկիրներում, ներառեալ շատ մը արեւմտեան երկիրներ

    սակայն այդ օրինական հնարաւորութիւնը շատ աւելի կը կիռարկուի այդ երկիրների մէջ, որոնց էական կազմութեան ընթացքը, ասենք, դեռ բարձրագոյն մակարդակի չէ հասած…

  4. Լավատես says:

    Քաղաքական հեղափոխության շնորհիվ իրագործվեց քաղաքական իշխանափոխություն, այստեղ ոչ թե մի խումբ քաղաքական գործիչներն են գործող անձինք, այլ ողջ ժողովուրդն է մասնակցում քաղաքական գործունեությանը,սա է կոչվում քաղաքական ժողովրդավարություն: Քաղաքական բառի փոխարեն օգտագործենք տնտեսական բառը եւ կունենանք տնտեսական իշխանափոխություն եւ տնտեսական ժողովրդավարություն, այդ կաշառակերություն կոչվածը հին տնտեսական իշխանության արտահայտումն է, հենց որ տնտեսական իշխանությունը փոխվի, դա էլ կվերանա, ինչպես վերացան հինգ թե տասը հազարականները քաղաքական ընտրությունների ժամանակ: Մենք դեռ պետք է իրագործենք դրամական ու ուժային իշխանափոխություններ եւ ստեղծենք դրամական եւ ուժային ժողովրդավարություն, ընդ որում եւ ներսում եւ դրսում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031