«Մարտի 1-ի» մասին երբեք չեմ արտահայտվել՝ համարելով դա շատ ցավոտ հարց մեր երիտասարդ պետականության համար, քանի որ այդ ողբերգությունը արդեն տաս տարուց ավելի դարձել է քաղաքական շահարկման գործիք` թե իշխանության, եւ թե ընդդիմության կողմից: Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը սուրբ է ինձ համար եւ ես երբեք ինձ թույլ չեմ տա այն դարձնել քաղաքական շահարկման առարկա, ինչպես որ արվել է վերջին տաս տարիների ընթացքում, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին`մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը, շատերն այն անվանում են դարի դատավարություն. մեկնարկն աղմկոտ էր, իշխանությունն էլ խոստանում է, որ քաղաքական պատվեր չի իջեցնելու դատարանին։ Ձեր կարծիքով այս դատավարությունը լույս կսփռի՞ 10-ամյա վաղեմության ողբերգության վրա և կվերականգնվի՞ արդարությունը։
«Իսկ եթե ավելի անկեղծ, ապա երկու կողմն էլ պատասխանատու են «Մարտի մեկի» համար: Իհարկե, յուրաքանչյուրն իր չափով: Իշխանություններն անկասկած ավելի պատասխանատվություն են կրում իրադարձությունների զարգացումների եւ ելքի համար, քանի որ նրանց ձեռքում էին կենտրոնացած իրադարձությունների վրա ազդելու բոլոր լծակները: Շատ եմ ուզում հավատալ, որ այս գործով կլինի օբյեկտիվ դատաքննություն եւ արդարացի դատավճիռ, սակայն ազնվորեն խոսոովանեմ, որ դրա համար հիմքերը բավականին քիչ են այն պարզ պատճառով, որ ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա իշխանությունները շահագրգիռ են իրենց համար ցանկալի դատավճիռ ունենալու հարցում: Ինչքանով կհաջողվի իշխանությունների տուրք չտալ այդ ցանկությանը եւ ձգտել օբյեկտիվ եւ հիմնավոր դատավճռի՝ ցույց կտա ժամանակը:
Հանցագործության մի կողմը, ունենալով իշխանություն, մեղադրում էր մյուս կողմին, իսկ հիմա ուղղակի տեղերով փոխվել են: Չեմ սպասում եւ չեմ սպասել այս գործի օբյեկտիվ եւ համակողմանի գործի քննություն և դատաքննություն այն պարզ պատճառով, որ ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա իշխանությունները, ակտիվ մասնակից եւ պատասխանատու լինելով «Մարտի մեկի» համար, բացահայտ շահագրգռված են գործի քննության ելքով եւ օգտագործել ու օգտագործելու են իրենց հասանելի բոլոր մեխանիզմները` իրենց ցանկալի արդյունքով դատավճիռ ունենալու համար:
Ես եւ իմ կուսակցական ընկերները, ի տարբերություն ներկա եւ նախկին իշխանությունների, երբեք չենք ձգտի էժան հեղինակության, որը հիմնված կլինի մեր ժողովրդի համար ցավոտ թեմաները շահարկելու եւ մանիպուլացնելու վրա, այլ կաշխատենք ձևավորել սոլիդ եւ հաստատուն հեղինակություն և վարկանիշ՝ առավել երկարաժամկետ ծրագրերի և բարեփոխումների համար մեր ժողովրդից վստահության մանդատ հայցելու եւ ստանալու ակնկալիքով»:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում
16.05.2019