«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` իրենց չուղարկված հրավերի եւ ՀՀ-Արցախ ռազմավարական դաշինքի մասին
Մայիսի 7-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը: Կազմակերպիչը ՀՅԴ-ն էր: Մասնակցության հրավերներն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էին ֆորումի կազմակերպիչները, ուղարկվել էին այն կուսակցություններին, հասարակական կառույցներին եւ անհատ գործիչներին` հետեւյալ սկզբունքով` ովքեր այս գաղափարի կողմնակիցն են: Մասնակիցների ներկապնակը բավական ուշագրավ էր. այդ մանրամասներին անդրադարձել ենք www.aravot.am կայքում՝ : Ուշագրավ էր, որ ֆորումին չէին մասնակցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, մինչդեռ «Ժառանգությունն» ի սկզբանե Արցախի ճանաչման եւ ամբողջականության «ջահակիր կուսակցություն է» եղել, ինչպես բնութագրում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգությանը», պարզվում է, հրավեր չէր ուղարկվել: Եռատոնի առիթով Արցախի մայրաքաղաքում գտնվող «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այդ թեմայով խոսել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: «Հավանաբար տեխնիկական էր պատճառը, որ հրավեր չէինք ստացել,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով,- բոլոր դեպքերում, ողջունելի նախաձեռնություն է: Կարծում եմ, պետք է խորանալ: Այնպես չլինի, որ դա կիսամիջոց լինի: Հայաստանն ու Արցախը գոյություն ունեն որպես պետություններ, միմյանց պետք է ճանաչեն, ինչի հիման վրա պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքը: Սուբյեկտները պետք է դա անեն: Դրա համար, ես կարծում եմ, որ հասունացել է պահը, որ կիսամիջոցներից անդին` Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետության հետ մեկտեղ` կողմնորոշվի»: Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ իր` ՀՀ ԱԳ նախարար եղած շրջանում առաջին քայլը. «Հուշագիր հեղինակեցի, որի համաձայն, միջազգային պայմանագրերի դրույթներով, Արցախը պետք է ճանաչվի: Եթե այդ հուշագիրն, այդ դրույթներն ուժի մեջ են, Արցախը պետք է ճանաչվի»: Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ, իրավական ճիշտ ճանապարհը, որը նաեւ միջազգային հանրությունից սպասվող մտավախություններն ու մտահոգությունները կփարատի, առաջին քայլով Արցախը ճանաչել իբրեւ անկախ պետություն, որին կհետեւի ռազմաքաղաքական դաշինքը:
Ֆորումի արդյունքում ստեղծված կազմկոմիտեն առաջիկայում ստորագրահավաք կհայտարարի: «Ժառանգությունը» կմիանա՞, թե` ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտե, կուսակցության նոր ղեկավարները` վարչության հավաքում կորոշեն, իսկ ինքն, իբրեւ քաղաքացի, կողմնակից է ցանկացած քայլի, որը պաշտոնականացնում, իրավականացնում է ՀՀ-Արցախ իրավահարաբերությունները: «Ես պարզապես չեմ ցանկանում, որ այս դաշինքը փոխարինի հիմնական խնդրին, որն Արցախի ճանաչումն է` իր սահմանադրական սահմաններով` ՀՀ-ի եւ միջազգային հանրության կողմից: Կարծում եմ՝ դե ֆակտո, ապա դե յուրե ճանաչումից հետո, դրա հիման վրա միայն արդեն երկու սուբյեկտները կորոշեն, թե ինչպիսի՞ իրավահարաբերություններ ունենալ: Մտավախություն ունեմ, որ կիսամիջոց կլինի: Հուսով եմ, որ սխալվում եմ, բայց ողջունելի է այն առումով, որ վերջապես հանրային քննարկման է դրվում նման հարց»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեսակետ կա, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքը փաստացի գոյություն ունի 1988 թվականից եւ մինչ օրս չի եղել հարց, որը հնարավոր չի եղել հայկական երկու պետությունների միջեւ կարգավորել` պաշտոնական ռազմաքաղաքական դաշինքի բացակայության պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, 1991 թվականից Արցախը պատրաստ է ՀՀ-ի եւ միջազգային հանրության կողմից, պարզապես ինչ-ինչ պատճառներով` մարտավարական նպատակներով, ժամանակի ընտրության եւ այլն, հետաձգվել է, բայց 2016-ի ապրիլյան պատերազմը հնարավոր չեղավ կանխել, ուստի, այս պարագայում, պատրանք տածել, որ ճանաչումը կբերի ավելի բարդ իրավիճակի, քան արդեն կա, իրականությունից հեռու է. «Եթե 27 տարիների փիլիսոփայությունը փոխվի եւ ՀՀ-ն ու Արցախը որոշեն, որ մեկը մյուսի նահանգը պետք է լինի` դա նույնպես պետք է լինի փոխադարձ ճանաչման եւ համաձայնության միջոցով: Այս քայլն էլ միգուցե դրան ուղղված կլինի»:
Կարդացեք նաև
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
15.05.2019