Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք ինչքան փաստեր են հրապարակում, թե ես ինչ հյուրանոցներ եմ կառուցում, Լունապարկ եմ կառուցում, ինչեր ունեմ առհասարակ»

Մայիս 16,2019 14:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ իշխանության 3 պրոբլեմների մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս իշխանությունն ունի 3 պրոբլեմ՝ տեսլական չունի, թե տարբեր ոլորտներում ինչ է պետք անել, երկրորդը՝ կադրային քաղաքականությունը եւ երրորդ պրոբլեմն այն է, որ վարչապետը բոլորի վարչապետը չէ: Ըստ Մարուքյանի, վարչապետը պետք է գնա ներառական ճանապարհով, նա պետք է դառնա բոլորի վարչապետը, մինչդեռ մենք տեսնում ենք հակադրություն:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը մեր հարցին՝ Մարուքյանի մատնանշած այդ 3 պրոբլեմների լուծումը դուք ունե՞ք, թե՞ չունեք, կամ կա՞ այդպիսի պրոբլեմ, թե՞ չկա՝ պատասխանեց. «Նախ, ի՞նչ է նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետը չէ, անհասկանալի է: Նման խնդիր առհասարակ չկա: Խնդիրները լուծելու տեսլականի մասին ասեմ, որ կա այդ տեսլականը: Դա անհիմն հայտարարություն է, կարելի է ցանկացած հարցի շուրջ գլոբալ խոսել, ընդդիմության դերի մեջ է»: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Երբեմն ԱԺ դահլիճից մեղադրանքներ են հնչում, այնպիսի տպավորություն է, որ մենք մոտ 5 տարի է իշխանության ենք, մոտ 2 ամսից ընտրություններ են լինելու, մենք կառավարության ծրագրերից ինչ-որ բան չենք իրականացրել եւ հիմա մեզ ընդդիմությունը մեղադրում է, որ չենք իրականացրել: Բայց մենք պետք է հասկանանք, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին են տեղի ունեցել ընտրությունները: Խնդիրները լուծման փուլում են, խնդիր կա, լուծումը կարող է տեւել մեկ տարի, 2 տարի, 3 տարի: Եվ հիմա մեղադրել, որ ինչ-որ բան չի լուծվում՝ անհիմն եմ համարում: Եթե դա Էդմոն Մարուքյանն ասեր 5 տարի հետո ու կոնկրետ խնդիրներ մատնանշեր, որ չի լուծվել՝ որեւիցե խնդիր չէի տեսնի»:

Մեր դիտարկմանը, որ դուք մատնանշում եք, թե ընտրությունները եղել են 2018-ի դեկտեմբերին, բայց դուք իշխանության եք արդեն մեկ տարի, իսկ 1 տարին քիչ ժամանակ չի՝ Սիփան Փաշինյանն արձագանքեց. «Մայիսի 8-ին, երբ վարչապետն ընտրվեց, երկրում խառը վիճակից բացի պետք է հիշել մի բան՝ Ազգային ժողովը…»: Մենք շտապեցինք ասել, որ ԱԺ-ն այդ ժամանակ չէր խանգարում ծրագրերին, կառավարությունն ինչ օրենք բերել է, գրեթե բոլորը անցկացրել են, կողմ են քվեարկել՝ Սիփան Փաշինյանը չհամաձայնեց. «Խորհրդարանական երկրում երբ որ խորհրդարանը նախկին իշխանությանն էր, չի՞ խանգարում որեւէ բան անել: Խնդիրը միայն նախագծերի մեջ չէ, խնդիրը նաեւ քաղաքական է: Երբ որ խորհրդարանական երկրում ով որ իշխանություն է…. ամենապարզագույն օրինակն ասեմ՝ ներդրողը կգա այդպես ինչ-որ ներդրո՞ւմ կկատարի երկրում: Բոլորը սպասում էին՝ տեսնեին ինչ է ի վերջո կատարվում երկրում, թե ոնց է հանգուցալուծվելու այդ խնդիրը: Եվ հոկտեմբերի 2-ը վառ օրինակ էր, որ բոլորը մտածում էին՝ ինչ-որ բան պետք է անեն, որպեսզի վիճակն ապակայունանա, փորձեն հակահեղափոխություն անեն: Այդ ընթացքում բարեփոխումներ եղել են, բայց որ ինչ-որ գլոբալ բան կարելի էր փոխել՝ դա իմ համար ընդունելի չէ բացարձակ»:

Հարցին՝ հիմա այս 4 ամսում ներդրողներն իրար կոտորո՞ւմ են, հիմա էլ ներդրումների առումով շարժ չի նկատվում, հիմա էլ հո կառավարության գործիքը, ԱԺ-ի գործիքը ձեր ձեռքն է՝ Սիփան Փաշինյանը պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք տալիս՝ 4 ամսում իրենց կոտորե՞լ են, դուք գիտե՞ք ներդրումն ինչ է: Եթե խոսում ենք միջին եւ մեծ ներդրման մասին, դա 10 օրվա բա՞ն է, մեկը չի արթնանում եւ որոշում, օրինակի համար, 100 մլն դոլարի ինչ-որ բան կառուցել այստեղ: Եթե անգամ որոշել է, դա իրենից ենթադրում է թղթաբանություններ, բազմաթիվ գործողություններ: Այո, բազմաթիվ ներդրողներ կան, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են, դա մենք կտեսնենք հնարավորինս շուտ: Ես ձեզ վստահեցնում եմ՝ պրոցեսում բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան: Ես կարող եմ անգամ 2-3 օրինակ բերել, որից ես եմ տեղյակ: Տավուշում օրինակ, մարդիկ 4 ամիս է, զբաղվում են, որ սկսեն ներդրման բուն փուլը, այսինքն, շինարարական աշխատանքները: Իրենք դեռ թղթաբանությունն են անում: Մենք պետք է ֆիքսենք մի բան՝ ՀՀ-ում նախկինում 25 տարի տիրել է մի իրավիճակ, որը ծանոթ է բոլորին: Դրա հետեւանքով թույլ տվեք ասեմ, որ եղել են անգամ կառավարության որոշումներ, օրենքներ, որոնք արվել են ինչ-ինչ պատճառներով, որ ինչ-որ մեկը մի հատ բիզնեսով զբաղվի, առանց մեկի կողքով անցնելու՝ չկարողանան ինչ-որ բան անել: Խնդիրները բազմաթիվ են կառավարության նախկին որոշումների, ներկա օրենսդրության մեջ, պետք է այդ ամեն ինչը փոփոխվի, հեշտացվի: Պետք է լինի մեկ պատուհան, Վրաստանում էլ է այդպես, արագացնելու է ներդրողների համար այդ ամբողջ պրոցեսները»:

Հարցին՝ կադրային քաղաքականությունից չխոսեցիք, դուք գո՞հ եք այն կադրային քաղաքականությունից, որ վարում են, օրինակ, ԱԺ վերջին նիստում գլխավոր դատախազի հետ կապված բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, թե ինչ տուն է կառուցել, ինչպես է նախկին իշխանությունների ժամանակ հարմարավետ գործել եւ հիմա էլ շարունակում է նույն կերպ՝ Սիփան Փաշինյանը պատասխանեց, որ աշխարհում որեւիցե երկիր չկա, որ կադրային խնդիր չունենա, մանավանդ՝ հետհեղափոխական շրջանում: Այս առումով նա կարեւորեց այն, որ արտոնյալներ չկան. «Եթե կա մի օրինակ, որ դուք կարող եք բերել, որ ինչ-որ մեկը արտոնյալ է, ես ներողություն կխնդրեմ եւ մանդատս վայր կդնեմ»: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի ունեցվածքին՝ նա ասաց. «Իսկ դուք գիտե՞ք ինչքան փաստեր են հրապարակում, թե ես ինչ հյուրանոցներ եմ կառուցում, Լունապարկ եմ կառուցում, ինչեր ունեմ առհասարակ այստեղ-այնտեղ: Քանի փաստ չկա դատախազի համար՝ ես հստակ չեմ կարող ասել՝ այդպե՞ս է, թե՞ այդպես չէ: Իմ եւ տարբեր մարդկանց հետ կապված հնարավորինս փորձում են ապատեղեկատվություն տարածելով՝ խոսել, որ այս-այս ունի: Դա խոսակցություն է, որը մեզ որեւիցե տեղ չի տանում: Հասարակությունը տեսնում է ով ինչ ունի, դա երկար ժամանակ թաքցնել չես կարող»:

Մենք ճշտեցինք՝ հիմա դուք հաստատ Լունապարկ, հյուրանոց չունե՞ք ձեր, կամ զոքանչի, բաջանաղի, քեռու անուններով՝ նա պատասխանեց. «Ասեմ, ես ունեմ մեկ ավտոմեքենա եւ վերջ: Ունեմ աշխատավարձ եւ որեւիցե այլ բան ես չունեմ: Կարող է եւ Իջեւանում սովետական միությունից ստացած տան համասեփականատեր լինեմ, չգիտեմ: Մենք 5 տարի հետո կհանդիպենք ու կխոսենք՝ ինչ ունեմ կամ ինչ չունեմ, ըստ այդմ կորոշեք՝ հարստացե՞լ եմ, թե՞ չեմ հարստացել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031