Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է անում Երեւանի քաղաքապետարանը, որպեսզի անհետաձգելի գնումները դժգոհություն չառաջացնեն

Մայիս 16,2019 13:30

«Առավոտի» այն դիտարկմանը, թե որերորդ անգամ ականատես ենք լինում, որ Երեւանի քաղաքապետարանը գնում է կատարում ուղիղ, առանց մրցույթի, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Սպառիչ եւ վստահ հավաստիացնում եմ, քաղաքապետարանն ուղիղ գնում կատարել է բացառապես երկու դեպքում` ամանորյա միջոցառումների եւ կառավարության վերջին որոշմամբ` աղբահանության մեքենաների»:

Պարոն Սարգսյանի խոսքով, դրանք գնման միակ ընթացակարգերը չեն. «Մնացած բոլոր դեպքերում, ես հասկանում եմ, որ լրատվական միջոցներին եւ բնակչությանը թյուրիմացության մեջ է գցում գնման գործընթացով նկարագրվող գործընթացի ընթացակարգի անվանումը: Մենք ունենք 4 գնման ընթացակարգ` բաց մրցույթ, էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում եւ մեկ անձից գնման ընթացակարգ»:

Հայկ Սարգսյանի խոսքով, նշված` մեկ անձից գնման ընթացակարգը թյուրիմացություն է առաջացնում, որովհետեւ օրենսդրությամբ այն սովորական գնման ընթացակարգ է, մրցույթ է. «Մեկ անձից գնումը սովորական մրցույթ է` ինչպես մնացած երեքը:Ընդ որում գործընթացները, որոնք անցել են այդ նշված` չորրորդ գնման ընթացակարգով, տպավորություն է, որ մենք ուղիղ գնում ենք արել: Մեկ անձից գնման ընթացակարգը, դա ուղիղ գնումը չէ: Ուղիղ գնում մենք արել ենք հրատապ, բացառապես անհետաձգելի եւ անայլընտրանք իրավիճակներում»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին կառավարությունը նիստում որոշում ընդունեց, ըստ որի, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների, Երեւան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումների կազմակերպման շրջանակում Երեւան համայնքի կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը կկազմակերպվեն մեկ անձից: Որը հիմնավորվեց այսպես՝ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ։

Այս հանգամանքը առաջացրել էր ոլորտի մասնագետների դժգոհությունը:

Այս տարվա հունվարի կեսերին էլ Երեւանի քաղաքապետարանը «Կամազ» ընկերությունից ձեռք էր բերել 9 ձնամաքրող եւ փողոցները լվացող մեքենաներ։ Այս տեխնիկայի գնումը նույնպես կատարվել էր մեկ անձից գնման գործընթացով, ինչը, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի համոզմամբ, ռիսկեր է պարունակում:

Քանի որ նշյալ երկու դեպքում էլ հարցն անհետաձգելի է եղել, «Առավոտը» Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց` գուցե գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջա՞րկ անեն, որպեսզի նման, անհետաձգելի դեպքերում մրցույթ հայտարարելու, կազմակերպելու ժամկետները կրճատեն:

Ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Ինչ վերաբերում է օրենսդրության փոփոխություններին, այսօր քաղաքապետարանում մշակվում է մեր կողմից բացահայտված, դիտարկված եւ մեր գործընթացներին էապես խոչընդոտող այն օրենսդրական դրույթների փոփոխության նախագիծը, որոնց փոփոխման դեպքում մեր գործընթացներն ավելի կարագացվեն, բացառապես դրա արդյունքում չտուժելով թափանցիկությունն ու արդարությունը: Այս փաթեթը մշակվում է այսօր եւ շուտով կներկայացնենք կառավարություն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031