Կրթական ուսումնասիրությունների վիճակագրական տվյալները հաստատում են մի բան, որում գործնականում կյանքում գրեթե բոլորս ենք համոզվում` կրթության որակի վրա ամենամեծ դրական ազդեցությունն ունի ինքնակրթությունը: Տեխնոլոգիական նվաճումները այն աստիճան են վերափոխել կրթական գործընթացը, դասապրոցեսը, դասավանդողի դերը, այնքան բազմազան են դարձրել տեղեկատվության հոսքերը, որ վաղուց արդեն դասավանդողը դիտարկվում է ոչ թե որպես տեղեկատվություն փոխանցող, այլ այդ հոսքերը եւ կրթական հաղորդակցումը ուղղորդող: Պատահական չէ, որ այսօր լավ կրթության նպատակը սահմանվում է ոչ թե որեւէ վերջնագծին հասնելը, այլ սովորելու մղում առաջացնելը եւ այդ մղումը ճիշտ կրթական նյութերով հագեցնելը: Հենց տեղեկատվական անսահման պաշարները եւ արագ փոխվող իրականությունը ընդգծեցին «ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության» (lifelong learning) գաղափարը:
Նախորդ հոդվածներում ներկայացրել ենք դասավանդողների միասնական էլեկտրոնային հարթակի մոդել եւ դրա նպատակահարմարությունը մեր կրթական իրականության համար: Եվս երկու էլեկտրոնային հարթակների մոդելներ մեզ հնարավորություն կտան կրթական որակի վրա արագ դրական ազդեցություն ունենալու: Դրանցից մեկը մեր պատկերացմամբ դասավանդողների նեղ մասնագիտական` առարկայի շրջանակում կատարելագործվելու համար է (նախորդը դասավանդման ընդհանուր հմտություններին էր վերաբերում), մյուսը` ուսումնառողների համար նախատեսված հարթակ է` կրթական առանձին դասընթացների տեսքով:
Այսօր մեր իրականության մեջ կրթական բովանդակային բարեփոխումը հնարավոր է նախ եւ առաջ մեր գիտակցության մեջ այն փոփոխությամբ, որ մենք չենք կարող ամեն մեկս մեզ հատկացված դասաժամի պարիսպներում կրթական սեփականատեր լինել: Այո, յուրաքանչյուրն ունի հեղինակային իրավունք, այն անձեռնմխելի է, այսօր աշխարհում միտքը, գաղափարը, ստեղծագործելը ամենաթանկ ռեսուրսն են: Բայց նույն այդ աշխարհում այսօր շատ համալսարանների կրթական ամբողջական դասընթացները հասանելի են բոլորին: Եվ դա բնավ չի նվազեցնում հեղինակավոր հաստատությունների վարկանիշը: Կոնկրետ մեր իրականության մեջ նրանք, ովքեր դասավանդման փորձառություն ունեն, անշուշտ նկատած կլինեն եւ դպրոցներում, եւ բուհերում ոչ միայն փորձառությունը, այլեւ ունեցած ձեռնարկները, իմացած աղբյուրները չտարածելու, չհամագործակցելու երեւույթը: Այլ խնդիր է, որ կրթական քաղաքականությունը չի նպաստում համագործակցային կրթական իրականություն ունենալուն (դեռ առիթ կլինի մի շարք գործոններին անդրադառնալու): Այնուամենայնիվ, համակարգը նաեւ ներքեւից ու նախ եւ առաջ գիտակցության փոփոխությամբ կարող է դառնալ ավելի բաց եւ պատրաստակամ:
Եվ այսպես, առաջարկվող հաջորդ էլեկտրոնային միասնական հարթակում բուհում եւ միջին մասնագիտականում դասավանդող յուրաքանչյուրը ունենում է իր նեղ մասնագիտական ուղղությանը եւ տվյալ պահին իր վարած դասընթացին վերաբերող իր հետազոտական նյութերի, դասախոսությունների տեսագրությունների ներկայացվածություն, նաեւ թեմային առնչվող այլ հեղինակային նյութեր լայն շրջանակով: Մի քանի բուհերում եւ միջին մասնագիտականում նույն կամ մոտ մասնագիտացմամբ դասավանդողները եւ ուսանողները հնարավորություն են ունենում մեկ այլ բուհի դասախոսի` այդ դասընթացին առնչվող հոդվածներին, գաղափարներին, այդ դասընթացին իր անհատական, ստեղծագործական լուծումներին հաղորդակցվելու: Հարկ չկա ամբողջ դասընթացը ներկայացնելու, բայց հասանելի են դառնում որեւէ դասախոսի` տվյալ դասընթացի կամ առանձին թեզերի վերաբերյալ մոտեցումները: Այս պահին բուհերի բիզնես շահերին սա ոչ միայն չի խանգարի, այլեւ կօգնի բուհին եւ դասախոսներին առողջ մրցակցության մեջ ներկայանալու: Եթե որեւէ դասախոս կարողանա իր հետազոտական հոդվածներով, գիտական թեզերով, դասընթացի լուծումներով հետաքրքրություն առաջացնի, դրանից միայն կշահի եւ տվյալ դասախոսը, եւ բուհը, որտեղ ինքը դասավանդում է:
Այսօր հանրակրթության մասին ով խոսում է, հարկ է համարում դժգոհել ուսուցիչների առարկայական պատրաստվածությունից: Սպասել, որ տարիներ հետո բուհերից են լավ մասնագետներ դուրս գալու, ուսուցիչների աշխատավարձն էլ հավասարվելու է Երեւանի քաղաքապետի աշխատավարձին, կարելի է: Բայց կարելի է նաեւ պետական մակարդակով կազմակերպել եւ խթանել ուսուցիչների ցկյանս ուսումնառությունը: Պատկերացնենք, որ առաջարկված մոդելը իրագործվում է: Օրինակ` Հայաստանի բոլոր դպրոցների 9-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողները միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացված են առանձին, բայց հասանելի էջերով: Ֆիզմաթ դպրոցի, թե Սիսիանի դպրոցի որեւէ ուսուցիչ, որը կոնկրետ թեմայի կամ խնդրի լուծման իր պատկերացումն ունի, ներկայացնում է: Այսինքն՝ սա դառնում է դասավանդողի մասնագիտական օրագիրը:
Պայմանական մոդելում մենթորները տեղադրում են եղած ձեռնարկները, էլեկտրոնային նյութերը եւ ընդհանուր ուղղորդում են: Մենք մեր իրականության մեջ ենք եւ գիտենք, որ շատ ուսուցիչներ անգամ դասագրքից դուրս որեւէ աղբյուրի մասին տեղեկություն չունեն: Բայց ունենք նաեւ տեղեկացված ուսուցիչներ: Ուսուցիչներն էլ իրենց պեղածներն են ներկայացնում, իրենց նյութերը, մոտեցումները, լուծումները: Եվ հնարավորություն ունեն գործընկերներին հարց ուղղելու, պատասխան ստանալու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու: Հնարավորություն ունեն քիմիայի փորձ, ֆիզիկայի խնդրի լուծման տարբերակ, գրականության դաս, թեմայի մեկնաբանություն տեսնելու եւ այլն: Որեւէ ուսուցիչ ոչ միայն չի վախենում որեւէ բան կորցնելուց, այլեւ մղվում է մասնագիտական համայնքի լիարժեք մաս դառնալու, կատարելագործվելու եւ ներկայանալու:
Նման մի մոդել արդեն ուսումնառողների համար հնարավոր կդարձնի, որ աշակերտները օգտվեն հատուկ իրենց համար կառուցվող հարթակից: Դրանում եղած ցանկացած առարկայի տվյալ դասարանի դասընթացի նյութերից, տեսադասերից, փորձերից: Էլեկտրոնային համակարգված ռեսուրսներով ինքնակրթության լայն հնարավորությունը աշակերտների համար մեր երկրում այս պահին օդի պես անհրաժեշտ է: Ընդամենը համացանցին միանալու հնարավորություն, եւ սովորելու ցանկություն ունեցող ցանկացած աշակերտ ինքնակրթության հնարավորություն է ստանում:
Հիմա պատկերացրեք, թե Հայաստանում տասնամյակներով կրթական քաղաքականությունը ինչ հնարքների է դիմել կրկնուսույցների դերը նվազեցնելու համար: Արդյունքում գոնե գիտելիք փոխանցող բիզնեսը փոխարինվել է գիտելիքը իմաստազրկող ավելի լայն բիզնեսով… Հիշում եք խոսակցությունները կոռուպցիան հաղթահարելու համար անգամ առանց քննությունների բուհ ընդունվելու մասին: Փոխարենը կարելի է ասենք՝ Նոյեմբերյանի հեռավոր գյուղի սովորելու ցանկություն ունեցող երեխայի համար գոնե իր ջանքերով արժանապատիվ գիտելիքով բուհ դիմելու հնարավորություն ստեղծել: Եվ ընդհանրապես, ինքնակրթվելու հնարավորություն:
Ներկայացված երեք մոդելների միաժամանակյա ստեղծումը մեր իրականության մեջ հնարավոր կդարձնի շատ ուղղակի դրական ազդեցությունը կրթական որակի վրա: Սրանք քարացած կաղապարներ չեն, կարող են գործարկման ընթացքում փոխվել, կատարելագործվել: Իհարկե, դասախոսների եւ ուսուցիչների շարունակական աշխատանքը այս հարթակներում պահանջում է կենտրոնանալ եւ զբաղվել միայն մասնագիտական աշխատանքով: Որակյալ կրթությունը այլընտրանք չունի: Որակյալ կրթական համակարգի ստեղծագործական եւ ֆինանսական կենտրոնը դասավանդողն է` ի շահ ծանրության մյուս կենտրոնի` ուսումնառողի: Իսկ սա արդեն առանձին թեմա է, հատկապես այսօր եւ մեզ համար: Դրան կանդրադառնանք հաջորդիվ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
15.05.2019