Ֆրանսիական օրագիր
Ֆրանսիան միայն Փարիզը չէ, այս երկրում բազմաթիվ գեղեցիկ քաղաքներ կան, որոնցից մի քանիսին կանդրադառնանք: Ցանկացած երկիր հմայիչ է իր գողտրիկ բնակավայրերով, որոնցում հատկապես հնության շունչ կա:
Պատմական Բուրգունդիայի մայրաքաղաք Դիժոնը հենց այդպիսի շունչ ունի, այն համարվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որը միջնադարում հռչակված էր որպես երաժշտության, գեղանկարչության ու ճարտարապետության կենտրոն: Գոթական ճարտարապետություն, դուքսերի պալատներ… Բայց սա ամենը չէ: Դիժոնը նաեւ գաստրոնոմիական կենտրոն է, այն հայտնի է իր գինիներով եւ հատկապես մանանեխով: Վերջինս Դիժոնում ներկայացված է ամենալայն տեսականիով ու համերով՝ սկսած ոսկու փաթիլներով մանանեխից, վերջացրած ամենաանհավանական համադրություններով:
Դիժոնի գլխավոր խորհրդանիշը մայր տաճարի ճակատին քանդակված բուն է, որը ըստ հավատալիքի՝ երազանք է իրականացնում: Հին քաղաքը մաս է կազմում համաշխարհային մշակութային ժառանգության, քանի որ հռչակված է որպես միջնադարյան ու վերածննդի շրջանի ճարտարապետության մարգարիտ:
Ի դեպ, հինավուրց տաճարներ ունեցող Դիժոնի Սան-Ժեն եկեղեցում այժմ թատրոն է գործում: Դիժոնն ունի 100% էլեկտրականությամբ աշխատող հանրային տրանսպորտ: Լիոնից ավտոբուսով այստեղ հասնելու համար մոտ 3 ժամ է պահանջվում, բայց այցելությունը հաստատ չի հիասթափեցնում:
Կարդացեք նաև
Լիոնից ոչ հեռու գտնվող Պերուժ գյուղակը Ֆրանսիայի ամենագեղեցիկ բնակավայրերից է: Այն մշտապես լեփ-լեցուն է օտարերկրյա զբոսաշրջիկներով: Պերուժի նեղլիկ փողոցներով քայլելիս ասես հայտնվում ես միջնադարում: Այստեղ կարելի է տեսնել նաեւ դպրոցահասակ երեխաների՝ իրենց ուսուցիչների հետ: Ռեժիսոր Անրի Դիաման-Բերժեն 1921թ. հենց այստեղ է նկարել «Էմե Սիմոն-Ժիրար՝ Երեք հրացանակիրներ» սերիալը: Իր գեղեցկության եւ կուսական հնության համար Պերուժը ներառվել է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ասոցիացիայում: Պերուժը գյուղ-հուշարձան է, այստեղի հնամենի տներում մարդիկ ապրում են:
Քրիստիան-Ժակը 1952թ. հենց Պերուժում է նկարել իր հայտնի «Ֆան-ֆան Տյուլպան» ֆիլմի որոշ դրվագներ, որտեղ նկարահանվել են Ժերար Ֆիլիպը, Ջինա Լոլոբրիջիդան, Մարսել Էրանը եւ ուրիշներ: Այսօր էլ Պերուժը գրավում է ժամանակակից ռեժիսորներին: Զբոսաշրջիկները չեն մոռանում նաեւ պերուժյան գալետների (թխվածք) համը:
Միջնադարյան մեկ այլ գեղեցիկ քաղաք է Անսին՝ Սավոյի մայրաքաղաքը: Այն գտնվում է Եվրոպայի ամենամաքուր՝ Անսի լճի ափին, եւ իր ջրանցքներով հիշեցնում է Վենետիկը: Անսին հաճախ անվանում են Ալպյան Վենետիկ: Ալպերի ստորոտում գտնվող Անսին հրաշալի աշխարհագրական դիրք ունի՝ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի արանքում է: Համադամասերներին այն գրավում է իր պաղպաղակներով, այստեղ կարելի է համտեսել ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական ու շվեյցարական խոհանոցի նրբահամ ուտեստները: Անսիի հպարտություններից մեկը Տիու գետի ափին գտնվող Իլ հինավուրց պալատն է, որն այժմ ճարտարապետության ու արվեստի նմուշների պահոց է, մինչդեռ 12-րդ դարում բանտ է եղել:
Գեղեցկագույն տաճարներից զատ՝ Անսիի Պոն դե Ամուր (Սիրահարների) կամուրջը եւս զբոսաշրջիկների սիրած վայրերից է: Ասում են՝ եթե կամուրջի մեջտեղում սիրահար զույգերը համբուրվեն, նրանց ոչինչ եւ ոչ ոք ի զորու չի լինի բաժանել:
Ընդհանրապես ֆրանսիացիները բարեհամբույր են, պատրաստակամ օգնելու օտարերկրացիներին: Առանց խնդրելու՝ անծանոթ մարդիկ կարող են մոտենալ եւ առաջարկել, որ ձեզ լուսանկարեն, եթե տեսնեն, որ չեք կարողանում հաջող սելֆի անել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի
«Առավոտ» օրաթերթ,
15.05.2019