Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդերձյալ կյանքի մասին՝ քաղաքական ենթատեքստով

Մայիս 16,2019 12:00

Հաճախ չի պատահում, որ մարզային թատրոնում կայացած պրեմիերային՝ մայրաքաղաքի ներկա եւ անգամ բացակա թատրոնի մարդկանց շրջանում են ծավալվում քննարկումներ: Նման բախտի է արժանացել վերջերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի «Դարպասները բացվում են…» ֆանտազիայի ժանրում գրված երկի՝ Արա Գեւորգյանի ռեժիսուրայով իրականացված բեմադրությունը:

Նման մի «քննարկման» էլ ներկա էր «Առավոտը»:

Անկախ տարիքից, վաստակից, կոչումից ակամա զրուցակից դարձած արվեստագետները կրքոտ մեկնաբանում էին սցենարը, ներկայացման ռեժիսուրան: Նշում էին երիտասարդ նկարիչ Արեգ Միրիջանյանի ինքնատիպ աշխատանքը, հիացած էին արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի բեմադրած ներկայացմանը համահունչ պարային համարներով: Ներկաներն այնքան էին տպավորված պրեմիերայով, որ հնչեցնում էին «Ելք կա՛» հայտնի արտահայտությունն ու փաստում, թե ցանկության դեպքում հնարավոր է բեմադրության մեջ ներգրավել ողջ արտիստական խումբը, բացառությամբ 1-2 դերասանի, մոռանալով, որ կոնկրետ Արտաշատի թատրոնի դերասանական խմբում ընդգրկված չեն, ասենք, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի օրինակով շուրջ 70 դերասան, էլ չենք խոսում օպերային թատրոնի մասին: Ի դեպ, ներկայացումը դիտել են նաեւ Եղեգնաձորում եւ Արալեզ գյուղում:

Մեր զրուցակիցները նաեւ պատառիկներ ներկայացրին «Դարպասները բացվում են…» ֆանտազիայից, հավաստիացնելով, թե ֆանտազիան՝ ֆանտազիա, կոմեդիան՝ կոմեդիա, բայց այն իրոք քաղաքական ենթատեքստ ունի:

Ներկայացման սցենարը լայն ընթերցողին գոնե ուրվագծելու նպատակով մեկ-երկու «տեսարան» հրամցնենք:

Օրինակ՝ քավարանի քարտուղարուհի Նունուֆարը գիտակցելով, որ փողը հանդերձյալ աշխարհում դերակատար չէ, այն տեսարանում, որտեղ պատգամավոր Երջանիկ Ճիվաղյանը փողերը օդ է նետում, նույն ինքը՝ Նունուֆարը, այլոց թվում, սկսում է ագահորեն հավաքել դրանք:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացված է որպես պատգամավորի կամակատար:

Իսկ Աստծո անունից հանդես եկող քահանան փորձում է պատգամավորից գումար կորզել եկեղեցի կառուցելու պատրվակով: Կամ՝ սփյուռքահայ կինը, որ խոսում է բարեպաշտությունից, մինչդեռ հոգով պոռնիկ է: Եվ միայն իրական պոռնիկն է ընդունում երկրային կյանքում գործած իր մեղքերը, պատրաստակամություն հայտնելով, թե իր տեղը մեղքերը քավելու վայրն է՝ դժոխքը…

Ներկայացման ավարտին ձայն է հնչում. «Ուշադրություն, դարպասները բացվում են»… եւ այդ ժամանակ դժոխքի պահակը բոլորին մեկ առ մեկ ուղեկցում է դժոխք:

Պրեմիերային ներկաները, առանց որեւէ մեկնաբանության, ասացին, թե պրեմիերային ներկա էին նաեւ տարբեր «մասշտաբի» չինովնիկներ, այդ թվում՝ Արտաշատի քաղաքապետը: Իսկ հանդիսատեսն էլ հեռանալով դահլիճից, ռեպլիկի կարգի արտահայտություններ էր անում, օրինակ՝ «ապրենք այնպես, որ մեղքեր չգործենք»:

Ժամանակին ներկայացրել ենք միջազգային տարբեր փառատոների մասնակից եւ դափնեկիր, թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Արա Գեւորգյանին, ինչպես նաեւ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանին:

Արա Գեւորգյանը ռեժիսորի կարիերան սկսել է 2013թ. Երեւանի Տիկնիկային թատրոնում իրականացրած Ջերոմ Քիլթիի «Սիրելի ստախոսը» կատակերգությամբ, որն այնուհետեւ «տեղափոխվել» է Արտաշատի թատրոն եւ մինչ օրս «հանգրվան» գտել խաղացանկում: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում էլ բեմադրվել է նրա՝ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգությունը … Իսկ 2016թ. Յալթայում ավանդաբար անցկացվող «Թատրոն, Չեխով, Յալթա» միջազգային փառատոնում «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացման ժամանակ ժուրիի անդամներից Անդրեյ Միրոնովի դուստրը՝ Մարիա Գոլուբկինան հանկարծ հայտնվել է բեմում, իմպրովիզ արել հայ դերասանի հետ: Անհրաժեշտություն չկա նրան ներկայացնել իբրեւ դերասան: Արտիստը տարբեր բեմադրություններով բեմ է բարձրացել գրեթե բոլոր թատրոններում, այդ թվում՝ Սունդուկյանի, Ղափլանյանի, Կոմեդիայի, Համազգայինի:

Արշակ Սեմիրջյանի կատակերգությունները բեմադրվել են Երեւանի Կոմեդիայի թատրոնում (2018թ. «Դու էիր պակաս») եւ Ղափանի Ալ. Շիրվանզադեի թատրոնում (2016թ. «Վաճառվում է տղամարդ»): Երիտասարդ դրամատուրգի առաջին երկը՝ «Թանկարժեք դիակ» կատակերգությունը տեղ է գտել մոսկովյան հեղինակավոր Երիտասարդական թատերական ֆորումի 3-րդ ալմանախում եւ հայաստանյան «Դրամատուրգիա» հանդեսում:

Դիտարկմանը, թե «Դարպասները բացվում են…»-ի դրամատուրգն ու ռեժիսորը ստեղծագործական կյանքում մեծ հաշվով կարծես սիրահարված են կատակերգության ժանրին, այս անգամ էլ այն պարզապես քաղաքականացրել են, Արա Գեւորգյանն ասաց. «Ծիծաղի միջոցով ցույց ենք տալիս նաեւ մարդու դրամատիկ, ավելին՝ ողբերգական կողմերը: Երբ ծիծաղով կամ հեգնանքով ես ներկայացնում ասելիքդ, այն հանդիսատեսի համար ավելի ազդեցիկ ու տպավորիչ է…»:

Արշակ Սեմիրջանն էլ, ընդմիջելով գործընկերոջը, ասաց. «Ինձ մոտ գերակշռում են այդ ժանրի գործերը: Դրանք թույլ են տալիս մարդուն բազմակողմանի ներկայացնելու: Օրինակ, կան լուրջ դեմքով մարդիկ, որոնք իրենց հենց լրջությամբ փորձում են քողարկել իրենց ծիծաղելի վիճակը, փորձում են ներկայանալ խելացի, բանիմաց…»:

Երկու զրուցակիցներն էլ համամիտ են, որ կոնկրետ «Դարպասները բացվում են…» աշխատանքը քաղաքական ենթատեքստ ունի ու թեեւ իրադարձությունները կատարվում են հանդերձյալ կյանքում, բայց այն ամբողջովին երկրային իրականություն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝

«Դարպասները բացվում են…» ներկայացումից

«Առավոտ» օրաթերթ, 

15.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա Գևորգյան says:

    Շնորհակալ եմ Սամվել Դանիելյանին, շատ հետաքրքիր ու բովանդակալից հարցազրույց վարելու համար։

  2. Տիգրան says:

    Ախ, ԱԼՄ: ))

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031