Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալցխայի գեղեցկուհի ամրոցը, որտեղ երգել է Շառլ Ազնավուրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 15,2019 23:40

Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթը «Առավոտի» տեսախցիկում

«Հա՞յ եք»,-հարցրին Ախալցխայի կայարանամերձ հրապարակում, երբ նկատեցին, որ բջջային հեռախոսի քարտեզով ինչ-որ հասցե ենք փնտրում: Ախալցխացի մեր հայրենակիցները հարցը տվել էին օգնելու պատրաստակամությամբ, ապա տեղեկանալով՝ ուր ենք ուզում գնալ՝ ուղեկցեցին մինչեւ մեր փնտրած հասցեն: Ճանապարհին հարցուփորձը Հայաստանի, Երեւանի մասին էր, ձեռքի հետ էլ Ախալցխայում եղած տեսարժան վայրերի վերաբերյալ տեղեկություն տվեցին, խորհուրդ տալով անպայման այցելել քաղաքի հայկական եկեղեցիները, որոնցից մեկը, սակայն գործող չէր: Ախալցխայի, այսպես ասած, զարդը սակայն Ռաբաթ ամրոցն է: Զբոսաշրջիկները Ախալցխա հիմնականում այս ամրոցի համար են այցելում: Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթը տեսանելի է քաղաքի ցանկացած անկյունից: Այն կանգնած է Փոցխովի գետի ափին գտնվող բլրի վրա: Ռաբատի անվանումը արաբական ծագում ունի եւ նշանակում է՝ ամրացված վայր:

Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Ռազմական այս շինությունն, ըստ պատմաբանների, մի քանի անգամ փլուզվել է, շրջափակման մեջ է եղել եւ կրում է տարբեր մշակույթների եւ կրոնների հետքերը:

Պատմությունից տեղեկանում ենք, որ այն 1628 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը: Բերդում տեղակայվել են բոլոր արքունական շինությունները, փաշայի տունը եւ գլխավոր ախալցխայական մզկիթը, որին կից գործում էր մուսուլմանական արեւելքի ամենահարուստ գրադարաններից մեկը: Նշենք նաեւ, որ բերդում ապրելու իրավունք են ունեցել միայն մուսուլմանները:

2012թ.-ին Ռաբաթն ամբողջովին վերակառուցվել է՝ դառնալով ե՛ւ պատմական հուշարձան ե՛ւ մշակութային կենտրոն: Այդ նպատակով Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 34 միլիոն լարի։ Ընդհանրապես, Ռաբաթ ամրոցը համարում են հանդուրժողականության խորհրդանիշ: Ամրոցի եւ նրա շուրջը ծավալվող յոթ հեկտար հրապարակի վրա կառուցվել են ուղղափառ, առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիներ: 18-րդ դարում կառուցվել է նաեւ մզկիթ:

Հավանաբար, հենց այդ հանդուրժողականության մթնոլորտն է դեր խաղացել, որպեսզի այստեղ կազմակերպված ջազի փառատոնին մասնակցեն ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի ջազային երաժիշտները, որոնք Ռաբաթ ամրոցում Կովկասի ջազի փառատոնի գալա համերգն են անցկացրել:

Ամրոցը նաեւ ունի Պատմության թանգարան, խանութներ, հյուրանոցներ եւ այլն: Վերակառուցումից հետո էլ ամրոցում ամեն ինչ անցյալից է, բայց նորացված տեսքով:

Չնայած տեղացիների այն դժգոհություններին, թե զբոսաշրջային սեզոնը նոր է բացվում եւ Ախալցխայի հյուրանոցները դեռեւս կիսադատարկ են, մեր այցելության պահին Ռաբաթում զբոսաշրջիկների մեծ հոսք կար. հանդիպեցինք ազգությամբ ֆիլիպինների, ռուսների, սլովենների, ուկրաինացիների. լեհերի եւ այլ ազգերի ներկայացուցիչների:

Բերդի բացման արարողությանը ներկա է եղել արմատներով ախալցխացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ իր լավագույն երգացանկով:
Ամրոցի մուտքը վճարով է միայն զբոսաշրջիկների համար. մեկ անձի համար տոմսն արժե 6 լարի՝ մոտ 1050 դրամ, տեղացիներն այն անվճար են վայելում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ Լուիզա Սուքիասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031